ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Հնարավոր է՝ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի թանկացման հայտ ներկայացնի. Գարեգին Բաղրամյան

Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար: Այս մասին Lragir.am-ին   ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նա նշեց, որ գազի գնի չթանկացման մասին հայտարարությունը վերաբերում է միայն սահմանին վաճառվող գազին, բայց դա չի նշանակում, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող հայտ ներկայացնել հանձնաժողով:

Հարցին, թե այսինքն՝ միայն թանկացնելու համա՞ր պետք է լինի հայտը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Դե սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետև այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմն» իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսինքն՝ այսօր խոսքվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի վերջին տեղեկություն եղավ, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020 թվականին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:

Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին թանկացել էր 2019 թվականի սկզբին՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: Նախքան այդ, գինը 150 դոլար էր:

Երբ 2019 թվականին սահմանին վաճառվող գազի գինը թանկացավ, Հայաստանի կառավարության անդամները հայտարարեցին, որ ներքին սպառողի համար գազի գինը չի բարձրանա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ներքին որոշակի կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա: 2019-ի ընթացքում սպառողի համար գնի փոփոխություն չեղավ, իսկ կառավարության անդամների կողմից հայտարարվում էր, որ «Գազպրոմի» ներքին խնայողությունների հաշվին է, որ սակագինը չի թանկանում:

Ի պատասխան հարցին՝ այսօր կառավարությունն այլևս չի՞ բանակցում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որպեսզի ներքին սպառողի համար սակագնի թանկացում չլինի: «Իհարկե, բանակցում ենք: 2019 թվականին արդեն հասանք նրան, որ որևիցե բարձրացում չեղավ, բայց հիմա չեմ բացառում, որ կլինի»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ շարունակել ներքին ռեսուրսների հաշվին ֆինանսավորել թանկացումը, նա պատասխանեց. «2013-2018 թվականների պայմանագրով, երբ հանձնաժողովը որևէ գործունեություն չէր իրականացնում, այլ համաձայնագրերով էր պարտադրվում սակագինը, կային կուտակված գումարներ և խնայողություններ, որի արդյունքում և բանակցությունների շնորհիվ դա հնարավոր եղավ: Հիմա քննարկումները շարունակվում են, բայց ամեն դեպքում դա հավերժ չի կարող լինել»,- ասաց նա:

Գարեգին Բաղրամյանը հավելեց, որ դեռևս հայտ չկա, բայց չի բացառվում, որ կլինի: Իսկ, թե քանի՞ տոկոսով կարող է թանկանալ գազը սպառողի համար, նա պատասխանեց, որ հնարավոր չէ հիմա ասել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 78%
Քամի՝ 6 կմ/ժ
-3 C°
 
-2°   
19.02.2020
   
20.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: