ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական քարոզչությունն ու Եվրոպական խորհրդարանի ընդունած փաստաթուղթը

Հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց իր ամենամյա զեկույցը ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ: Զեկույցում, ի տարբերություն նախորդ տարիների համանման փաստաթղթերի, չկա առանձին անդրադարձ արցախյան խնդրին: Փոխարենը, 36-րդ կետում, որտեղ խոսվում է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգման կարևորության մասին, տեղ է գտել «նաև ԱլԳ մյուս երկրների» ձևակերպումը: Ադրբեջանն օգտագործեց փաստաթղթում տեղ գտած այս եզրույթը սեփական քարոզչական նպատակներով՝ շուրջ 3 օր շարունակ մամուլով ակտիվորեն տարածելով ապատեղեկատվություն այն մասին, որ ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով: Ավելին, պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով խեղաթյուրեց նաև փաստաթղթի նշանակությունը՝ դրան «տալով» պարտադիր իրավաբանական ուժ ու կարևորություն:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում փաստաթուղթը:

Հունվարի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված փաստաթուղթը Եվրոպական ընդհանուր արտաքին և պաշտպանության քաղաքականության (CFDP) շրջանակներում Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի ամենամյա զեկույցն է (report), որը ներկայացվում է Եվրոպական խորհրդարանին ամեն տարի, և այստեղ, հակառակ Բաքվի պնդումների, որևէ աննախադեպ բան չկա։

Չափազանց կարևոր է նշել նաև, որ ընդունված փաստաթուղթը չունի պարտադիր իրավաբանական ուժ: Այն պարտադիր չէ ԵՄ ինստիտուտների համար նաև արտաքին քաղաքականության շրջանակը գծելու տեսանկյունից:

Վերջինս որոշվում է Եվրոպական ընդհանուր արտաքին և պաշտպանության քաղաքականության (CFDP) ընդհանուր կուրսի հաստատմամբ, որի բացառիկ իրավասությունն ունի Եվրոպական խորհուրդը:

Ի դեպ, Եվրոպական խորհրդի ընդունած փաստաթղթերը կարող են ունենալ ա) քաղաքական ուժ (եզրակացություններ), բ) իրավաբանական պարտադիր ուժ անդամ պետությունների և ԵՄ մարմինների համար (հատուկ որոշումներ): Չորս տարին մեկ անգամ Եվրոպական խորհրդի շրջանակներում անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները քննարկում և սահմանում են Եվրոպական ընդհանուր արտաքին և պաշտպանության քաղաքականության շրջանակներում հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Խորհուրդը միաձայն ընդունում է ընդհանուր ռազմավարությունը, որում արտացոլված են բոլորի և Միության շահերը:

Բացի փաստաթղթի նշանակությունից՝ իրաբանական ուժի և պարտադիրության տեսանկյունից, կարևոր է նաև անդրադառնալ դրա բովանդակությանը: «Վերահաստատում ենք ԵՄ-ի հանձնառությունը ՝ աջակցելու Ուկրաինայի և ԱլԳ բոլոր երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում ՝ միջազգային իրավունքին, նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ հակամարտությունից տուժած բնակիչների, ներքին տեղահանված անձանց և փախստականների աջակցությունը մեծացնելու համար, ինչպես նաև հակազդելու երրորդ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, ապակայունացման փորձերին, մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի օգտագործումը ՝ հակամարտությունները լուծելիս և վերահաստատում է իր տեսլականը, որ ԱլԳ բոլոր երկրներում առկա հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան», - նշված է փաստաթղթի 36-րդ կետում։

Այնուհետև նորից առանձին անդրադառնում է Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականության խնդրին, բայց, ի տարբերություն դրանց՝ չկա ուղղակի հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ղարաբաղյան խնդրին։ Ըստ էության, այս ուղղությամբ ադրբեջանական կողմը բավական լուրջ ջանքեր է գործադրել, բայց կարողացել հասնել միայն նրան, որ Ուկրաինայի կողքին ավելացել է «ԱլԳ այլ երկրների...» ձևակերպումը։

Նախորդ փաստաթղթերում, որպես կանոն, առանձին անդրադարձ կա արցախյան խնդրին, որտեղ հստակ նշված է «ԵՄ-ն կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին»։ ԵՎ սրան զուգահեռ, բոլոր այն դեպքերում, երբ խոսվում է պետությունների տարածքային ամբողջականության մասին, հղումները շատ հստակ են և հասցեական: Օրինակ, 2016-ի զեկույցում առանձին անդրադարձ կա Մոլդովայի, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարևորությանը՝ առանց ԱլԳ այլ երկրներին հիշատակելու։ Օրինակ՝

«(ԵՄ-ն) Կաջակցի Մոլդովայի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

«(ԵՄ-ն) Կաջակցի Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով»:

Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն բավական մեծ ջանքեր է գործադրել՝ ամենամյա այս զեկույցում ավելացնելու համար «նաև ԱլԳ մյուս երկրների» ձևակերպումը: Եվ չնայած չկա ուղղակի հղում Ադրբեջանին ու արցախյան խնդրին, բայց անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթը Ադրբեջանն օգտագործեց ամբողջ ծավալով՝ սեփական քարոզչական նպատակներով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: