ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում Մերկելի և Էրդողանի հանդիպման հիմնական թեման փախստականների հարցն էր

Reuters/ Ahmed Deeb/Pool

Թուրքիա-ԵՄ հարաբերությունների լարվածության ֆոնին հունվարի 24-ին Գերմանիայի Կանցլեր Անգլա Մերկելը ժամանեց Թուրքիա:

Մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միասին Ստամբուլում նախ մասնակցել է թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությանը:  Մերկելի խոսքով՝  թուրք-գերմանական համալսարանը «երկու երկրների համագործակցության բացառիկ օրինակ է հանդիսանում»: Էրդողանն էլ, իր հերթին, հայտարարել է, որ անձամբ ցանկանում է, որ «թուրք-գերմանական համալսարանը դառնա երկու երկրների միջև բարեկամության խորհրդանիշ ՝ ճանապարհ հարթելով Թուրքիա ժամանող օտարերկրացի գիտնականների համար»:

Թուրք-գերմանական համալսարանի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել Էրդողանի և Մերկելի երկկողմ հանդիպումը:  Կողմերը քննարկել են երկու երկրների միջև առկա լարվածությունը, միգրանտների հարցը,  Լիբիայում ու Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի կողմից հորատման աշխատանքներ իրականացնելու հետևանքով առաջացած ճգնաժամը:

Խոսելով Լիբիայում տիրող իրավիճակի մասին՝ Անգելա Մերկելը մասնավորապես նշել է, որ Լիբիայում պետք է կայուն հրադադար հաստատվի:  Նրա խոսքով՝ Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի վերջին փաստաթուղթը քննարկման կներկայացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ Լիբիայում Թուրքիայի և Ռուսաստանի նախաձեռնությամբ հաստատված հրադադարը նախադրյալներ ստեղծեց Բեռլինում միջազգային գագաթաժողով անցկացնելու համար:  Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ Թուրքիան իր աջակցությունն է հայտնում  լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջին և նրա բանակին՝ միևնույն ժամանակ քննադատեց Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարի գործողությունները: 

 Մոտ 2,5 ժամ տևած ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահին հիշեցրեց, որ Անկարան պետք է բարելավի հարաբերությունները Հունաստանի և Կիպրոսի հետ, որպեսզի մեկնարկի ԵՄ-ի հետ մաքսային միության բանակցությունները:  Հարցին, թե Գերմանիան կաջակցի՞ Թուրքիային ԵՄ նախագահությունը ստանձնելուց հետո, Գերմանիայի կանցլերը պատասխանել է. «Մեր երկու երկրներն էլ ցանկանում են, որ Մաքսային միության մասին բանակցություններն ավելի առաջ գնան: Բայց Հունաստանի և Կիպրոսի հետ կան տարաձայնություններ: Որպեսզի նման քայլ ձեռնարկվի, բոլորը պետք է համաձայն լինեն», - բացատրել է Մերկելը:

Անդրադառնալով սիրիացի փախստականների հարցին՝ Մերկելը չի բացառել Թուրքիային ԵՄ օգնության ընդլայնման հնարավորությունը: Բացի այդ, վերջինս հայտնել է, որ Գերմանիան մտադիր է օգնել Թուրքիային ուժեղացնել իր առափնյա պահպանությունը: Բեռլինը նաև կուսումնասիրի Սիրիայի հյուսիսային շրջաններում փախստականների համար ժամանակավոր կացարան կառուցելու թուրքական կողմի ծրագրերին ֆինանսապես աջակցելու հնարավորությունը: «Բեռլինը կաջակցի սիրիական Իդլիբում տների կառուցմանը ներքին տեղահանված անձանց համար, որոնք փախել են Ասադի ռեժիմի և նրա աջակիցների կողմից դեպի թուրքական սահման», - ասել է Մերկելը:

Նշենք, որ Անկարան ցանկանում է այնտեղ ստեղծել այսպես կոչված անվտանգության գոտի` «սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից և ահաբեկչական խմբավորումների զինյալներից զերծ» և այդ տարածքում վերաբնակեցնել սիրիացի փախստականներին, ովքեր այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում: Բազմաթիվ գերմանացի վերլուծաբանների կարծիքով, Մերկելի՝ Թուրքիա կատարած այցն ավելի շատ պայմանավորված էր հենց փախստականների խնդրով:  Դեռևս անցած տարի Էրդողանը սպառնացել էր բացել երկրի արևմտյան սահմանները սիրիացի փախստականների համար, եթե Արևմուտքը խոստացած օգնությունը չցուցաբերի Անկարային և եթե Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի չստեղծվի:  

Նշենք, որ ըստ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի, Թուրքիան պետք է ԵՄ-ից ստանա 6 միլիարդ եվրո՝ իր տարածքում փախստականների տեղակայման համար: Այն պարագայում, երբ Էրդողանը պնդում էր, որ տրամադրվել է ընդամենը 3 միլիարդ եվրո, ըստ Եվրահանձնաժողովի հայտարարության, հատուկ հիմնադրամի միջոցով Թուրքիայում փախստականներին աջակցելու համար Եվրամիությունը 5,6 միլիարդ եվրո արդեն իսկ հատկացրել է Թուրքիայում փախստականներին աջակցելու համար:

Սակայն ինչպես երևում է Մերկելը պատրաստակամ է խոստացվածից ավել գումար տրամադրել՝ միգրանտների խնդիրը տեղում կարգավորելու համար: «Ես հավատում եմ, որ ԵՄ երկրները պատրաստ կլինեն ընդլայնել փախստականներին ցուցաբերվող օգնության չափը` ավելի մեծ քանակությամբ, քան խոստացված է եղել», - ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլերը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: