ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ խնդիր լուծեց Զելենսկին` Գոնչարուկին «շանս տալով»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, զրուցելով «Պատերազմ և խաղաղություն» հեռուստահաղորդման մեկնաբան Դմիտրի Դուբովի հետ, մեկնաբանել է՝ ինչու չընդունեց Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հրաժարականի դիմումը. «Նա լավ մեքենա է: Այն չի անցել բավականաչափ կիլոմետրեր, որպեսզի փոխես մեքենան»: Ուկրաինական լիդերը Գոնչարուկին անվանելով «երիտասարդ» և «երկրին շատ պետքական»՝ նշել է. «Նյուանսները, որոնք մենք քննարկել ենք, նա պետք է փոխի: Կհոգնի, կգնա: Չհաղթահարի, կազատի աթոռը: Այդպես արդար է»:

«Դատարկ տեղ գլխում». սկանդալային խոսակցությունը 

Ուկրաինայի վարչապետի հրաժարականի հավանականության մասին խոսվեց յութուբյան ալիքներից մեկում հայտնված «Ինչպես խաբել նախագահին» վերտառությամբ աուդիոձայնագրությունից հետո, որտեղ Ուկրաինայի վարչապետի, Ֆինանսների նախարարի և Ազգային բանկի փոխնախագահի նմանությամբ ձայներով մարդիկ քննարկում էին երկրում ստեղծված տնտեսական դրությունը: Ենթադրաբար, ոչ ֆորմալ հանդիպումը կայացել է նախորդ տարվա դեկտեմբերի 16-ին:

Վարչապետի ձայնով մարդը, խոսելով ուկրաինական գրիվնայի կայունացման հետևանքների մասին, նշել է, որ դժվար է բացատրել նախագահին՝ ինչու է դա բացասաբար ազդել ուկրաինական տնտեսության վրա: Ձայնագրությունում այդ ձայնը վստահեցնում է, որ «նախագահը հասկանում է՝ կա վճարային հաշվեկշիռ, այն խիստ թերակատարվել է, իսկ գրիվնան խիստ կայունացել է, անոմալ է»: Ըստ նույն ձայնի, անհրաժեշտ է նախագահին դա բացատրել «հնարավորինս իրատեսական». «Քանի դեռ նրա (նախագահի) գլխում չի լինի այս հարցի պատասխանը, այնտեղ դատարկ տեղ կմնա»:

Այնուհետև խոսակցությունն ընթացել է «հնարավորինս իրատեսական» տարբերակների քննարկման շուրջ, որոնց թվում՝ գրիվնայի կայունացումը  բացատրել իշխանության նկատմամբ վստահության բարձր մակարդակով: Աուդիոձայնագրության մեջ, դա մասավորապես, հնչել է հետևյալ կերպ. «երբ ընտրություններից հետո եկավ նոր, ուժեղ ղեկավարը, բլա-բլա-բլա, իշխանության նկատմամբ վստահությունն աննախադեպ է»:

Որպես բացատրության մեկ այլ տարբերակ, նույն ձայնն առաջարկում է. «Լսի՛ր, Վովա, այն, որ դոլարի կուրսը հիմա ցածր է, նշանակում է, որ հաջորդ ամանորյա սեղանին կլինի….» «այս տարվանից թանկ չի լինի». ընդհատում է քննարկմանը մասնակցող մեկ այլ անձի ձայնը:

Պետք է նշել, որ ուկրաինական նախագահի համար հորինվող բացատրությունների պատճառը, ըստ աուդիոձայնագրությունում տեղ գտած մտքի, արվում է այն պատճառով, որ Զելենսկին «տնտեսական հարցերի շուրջ ունի շատ պրիմիտիվ, այսինքն, հասարակ պատկերացում»:

Գոնչարուկի սպասվող հրաժարականը

Հասկանալիորեն ուկրաինական քաղաքական շրջանակներում աուդիոձայնագրության տարածումից հետո քննարկվում էր Գոնչարուկի հրաժարակի հարցը: Եվ չնայած դրան՝ սկանդալային խոսակցության տարածումից հետո ինքը Գոնչարուկը հանդես եկավ ֆեյսբուքյան տեսաուղերձով՝ նշելով, որ ամեն ինչ լավ է լինելու,  «մեզ հնարավոր չէ վախեցնել»: Այնուհետև Ուկրաինայի վարչապետը խոսում է տնտեսական մի քանի «լավ լուրերի» մասին. «Կայունացել է փոխարժեքը, արտարժույթի ռեզերվը հասել է յոթ տարվա ռեկրոդային ցուցանիշի՝ կազմելով 25 մլրդ գրիվնա: Օտարեկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 2,5 մլրդ դոլար: Կտրուկ նվազել է ինֆլյացիայի մակարդակը՝ հասնելով 4,1%-ի»:

 Հերթական «իրատեսական» հիմնավորո՞ւմը. ի՞նչ վիճակ է ուկրաինական տնտեսությունում 

Նախորդ տարվա ընթացքում ուկրաինական գրիվնայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կայունացավ գրեթե 17%-ով: Պետբյուջեն նախատեսված եկամուտները թերակատարեց գրեթե 2 մլրդ դոլարով (50  մլրդ գրիվնա):

Պետք է նշել, որ գրիվնայի կայունացումը հանգեցրեց որոշակի դրական տեղաշարժերի ուկրաինական տնտեսությունում, մասնավորապես՝ ՀՆԱ աճ (4% տարեկան աճ), ինֆլյացիայի անկում (5,1%  2018թ.-ի 10%-ի փոխարեն), ուկրաինացիների միջին եկամուտների աճ (պետական վիճակագրական տվյալներով ուկրաինացիները 2019-ին 16,6%-ով ավելի լավ են սկսել ապրել): Մինչդեռ ուկրաինական ազգային արժույթի կայունացումը նաև խիստ վնասել է երկրի տնտեսությունը:

Մասնավորապես, մեծապես տուժել է տեղական արտադրողը՝ ի հաշիվ արտահանման տեմպի կրճատման: Ուկրաինայում 2019թ.-ը նշանավորվեց գյուղատնտեսական արտադրանքի մեծ քանակով: Գյուղատնտեսները, տարվա սկզբին սերմերը ձեռք բերելով դոլարի բարձր փոխարժեքի պարագայում, արտադրանքի իրացման ժամանակ կրում են մեծ վնասներ՝ դոլարի փոխարժեքի անկման պատճառով: Այս ամենին գումարվում է արտահանման վնասներն ազգային արժույթի կայունացման հետևանքով:

Գրիվնայի կայունացման հետևանքների շարքն ուկրաինական տնտեսության համար կարելի է շարունակել՝ ներկրման էժանացում, արդյունքում բյուջեյաին միջոցների նվազում (պաշտոնական տվյալներով, ուկրաինական պետբյուջեի 2019թ.-ի դեֆիցիտը կազմել է 34,86 մլրդ գրիվնա, նախորդ տարվա 184 մլն գրիվնայի պակասուրդի փոխարեն), պետական ներքին պատրատոմսերի նկատմամբ առաջացած հետաքրքրության աճ, փուչիկների առաջացում, որոնք շատ ավելի հեռահար վնասներն են ենթադրում տնտեսության համար և այլն:

Եվ այնուամենայնիվ, Զելենսկին չընդունեց Գոնչարուկի հրաժարականը

Չնայած բոլոր սպասումներին՝ Զելենսկին չընդունեց Գոնչարուկի հրաժարականը: Ի՞նչ խնդիր է, այսպիսով, լուծում Ուկրաինայի առաջնորդը:

Իսկզբանե ֆիքսենք, որ Գոնչարուկը հրաժարականի տեքստը ներկայացրել է նախագահի հաստատմանը՝ Խորհրդարան ներկայացնելու իրավունք ստանալու համար: Մինչդեռ, Ուկրաինայի Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն, երկրի վարչապետը հրաժարակի դիմումը պետք է ներկայանցի Վերին Ռադայի խոսնակի հաստատմանը: Չնայած այն հանգամանքին, որ ինքը Գոնչարուկն իր այդ վարքը բացատրել է նրանով, որ նախագահ Զելենսկու հետ կառավարման են եկել միասնական կուսակցության հաղթանականով, այնուամենայնիվ, այս հարցի շուրջ չհասկացված նյուանսները պահպանվում են:

Ըստ էության, Զելենսկու համար այս ողջ զարգացումները մեծ հարված են, թե՛ իմիջային, թե՛ տնտեսական՝ Ուկրաինայի ներդրումային վարկանիշի տեսանկյունից: Մյուս կողմից, ներքաղաքական ինտրիգներն են, որոնք, ի դեմս Զելենսկու հիմնական հակառակորդ հանդիսացող օլիգարխ Իգոր Կոլոմոյսկու անվան հետ առնչվող պատգամավորների, բավական մեծ ակտիվություն դրևսորեցին և փորձեցին քաղաքական դիվիդնենտներ քաղել: Որոշ գնահատականներով Գոնչարուկի հրաժարականն ընդունելը հատկապես Զելենսկուն ձեռք չէր տա Դավոսում սպասվող համաժողովի ֆոնին, որտեղ Ուկրաինան մեծ ներդրումներ ներգրավելու հույսեր ուներ: Չի բացառվում, որ այս ամենի արդյունքում էր, որ Գոնչարուկը հրաժարականի դիմումը ներկայացրեց ոչ թե Վերին Ռադա,  այլ անմիջապես նախագահ Զելենսկուն՝ վերջինին այդպիսով տալով հնարավորություն մի կողմից պահելու իր քաղաքական դեմքը, որն ի դեպ շատ վառ դրսևորվում է Գոնչարուկին ասված «ես Ձեզ տալիս եմ շանս» արտահայտության մեջ, մյուս կողմից՝ խուսափելու այդքան ոչ տեղին ներքաղաքական ցնցումներից:

Սա իհարկե չի նշանակում, որ Գնոչարուկի հրաժարականի հարցը վերջնականապես դուրս է բերվել օրակարգից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: