ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը բավարար ուշադրության չարժանացավ Հայաստանում

Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում բացի մի շարք ընտրախախտումների արձանագրումից կար մեկ կարևոր դրվագ, որը կարծես դուրս մնաց ուշադրությունից:

Այս անգամ, այսպես կոչված, ներքին տեղահանված անձանց քվեարկությունը բավական մեծ ուշադրության կենտրոնում հայտնվեց: Նախ, որովհետև նրանց քվեներով պատգամավոր էր ընտրվելու այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Թուրալ Գյանջալիևը: Երկրորդը, որովհետև ադրբեջանակն կողմը մեծ ջանքեր գործադրեց դիտորդների ուշադրությունը հրավիրելու այն խնդրի վրա, որ Արցախից հեռացած ադրբեջանցիների քվեարկությունը մի շարք խոչընդտոների հաղթահարմամբ է կազմակերպվում:

Արդյունքում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարեց, որ ադրբեջանական տարածքների «օկուպացիան» անհնարին է դարձնում «Ադրբեջանի որոշ շրջաններում» ընտրությունների կազմակերպումը:

Ավելին, նույն խնդրին վերաբերող դրույթը տեղ գտավ նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ զեկույցում: Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Ըստ իշխանությունների, ընտրությունները չէին կարող կազմակերպվել 10 ընտրատարածքներում (125-ից) այն տարածքներում, որոնք չեն վերահսկավում կառավարության կողմից կամ մասամբ են վերահսկվում՝ Հայաստանի հետ շարունակվող հակամարտության պատճառով: Այս կոնֆլիկտը հանգեցրել է ներքին տեղահանվածների մեծ թվաքանակի: ԿԸՀ-ն ձեռնարկեց զգալի միջոցներ, որպեսզի տեղահանվածները կարողանան իրացնել իրենց քվեարկության իրավունքը»:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի համապետական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական զեկույցներում, որպես կանոն, ներքին տեղահանվածների և նրանց քվեարկության խնդիրներին՝ այն էլ նման բառակազմով, անդրադարձ չի կատարվել անցյալում: Ավելի հաճախ, այս խնդիրն արտացոլվել է եզրափակիչ զեկույցներում: Նախնական զեկույցներում այս խնդիրն արծածվել է միայն 2003թ-ի նախագահական և 2005թ. խորհրդարանական ընտրություններից հետո՝ երկու դեպքում էլ «օկուպացիա» բառի կիրառմամբ:

Մի քանի հանգամանքով կարելի է բացատրել դիտորդների քաղաքականության նման փոփոխությունը:

Առաջին, գուցե դիտորդների հետ շփումներում ադրբեջանական կողմն այս տարի հատուկ շեշտադրում է կատարել տարածքների հանդեպ վերահսկողություն չունենալու և տեղահանված անձանց քվեարկության բարդությունների վրա: Իսկ դրան նպաստել է, ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացի ներքո այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» գործոնի ակտիվացումն ու միջազգային հանրության մոտ այս հարցի նկատմամբ ուշադրության կենտրոնացումը:  

Երկրորդ, չի բացառվում, որ նախկինում այս հարցը որոշակի «բանակցությունների» առարկա է հանդիսացել դիտորդների և Ադրբեջանի իշխանությունների միջև, և դիտորդները վերջնական զեկույցում այն ներառել են՝ ընդառաջելով Ադրբեջանի խնդրանքներին: Այս դեպքում, նախնական զեկույցում այս հարցի հիշատակումը կարող է հուշել, որ այն կներառվի նաև եզրափակիչ զեկույցում, բայց արդեն ավելի կոշտ բառակազմով:

Երկու դեպքում էլ սա խնդիր է, որն արժանի է ուշադրության, քանի որ զեկույցը հրապարակող մարմինը գործում է ԵԱՀԿ շրջանակներում, այսիսնքն նույն կառույցի մաս է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հետևաբար, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում տեղ գտած խնդիրներն այս կամ այն կերպ ֆոնային ազդեցություն կարող են թողնել նաև միջնորդների ընկալումների վրա:

Անկախ նրանից, որ դիտորդների գնահատականներն Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բավական բացասական էին, Բաքուն այս առիթն էլ օգտագործեց իր համար կարևոր թեզերի առաջմղման համար: Եվ Հայաստանի իշխանությունների կողմից այս ամենը չնկատելը կամ դրան չհակազդելը կարող է լրացուցիչ մարտահրավերների հանգեցնել:  

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: