ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհաքաղաքական բաժանարար գծեր ու ռազմավարական համագործակցության տեսլական. ինչպիսի՞ն են այսօր հայ-վրացական հարաբերությունները

Մարտի 3-ից 4-ը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Փաշինյանի՝ թվով երկրորդ պաշտոնական այցը հարևան երկիր հագեցած էր. հանդիպումներ եղան Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի ղեկավարի, հոգևոր առաջնորդի, ինչպես նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Բովանդակային առումով հանդիպումը չառանձնացավ էական դրական կողմերով: Նորից հնչեցին երկկողմ կարևորության, հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին՝ արդեն դասական դարձած հայտարարություններ: Այս իմաստով հանդիպումը, թերևս, մինչ այս տեղի ունեցած երկկողմ բարձր մակարդակով հանդիպումների տրամաբանության մեջ էր: Հանդիպումների, որոնց զգալի մասին նախորդել կամ հաջորդել էին, մեղմ ասած, ոչ բարեկամական միջադեպեր: Օրինակ, նախորդ տարվա հոկտեմբերին Վրաստանի վարչապետի Գեորգի Գախարիայի՝ Հայաստան կատարած այցի նախօրեին արգելվել էր հայ լրագրողների մուտքը Վրաստան, Նիկոլ Փաշինյանի այցից առաջ հայ բեռնափոխադրողներին արգելվել էր Վրաստանի տարածքով իրենց բեռները տեղափոխել ՌԴ: Այս միջադեպերը, որոնց շարքը, անշուշտ, կարելի է շարունակել, մոռացության են տրվում վերոնշյալ արարողակարգային հայտարարությունների ֆոնին, այնինչ իրական վկայությունն են նրա, որ դեռ վաղ է խոսել երկկողմ հարաբերությունների լուրջ վերամեկնարկի մասին:

Հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի միջև առկա «աշխարհաքաղաքական բաժանարար գծերին»՝ վստահություն հայտնելով, որ մեզ նոր տարածք է պետք ձևավորել, որտեղ մեր հարաբերությունները պաշտպանված կլինեն արտաքին ճնշումներից: Դժվար է պատկերացնել, թե «նոր տարածք» ասելով վարչապետն ինչ նկատի ունի, հատկապես, որ չի բացառվում, որ ինչպես մյուս հարցերում, այստեղ ևս գործ ունենք նախկինում իրականացվող քաղաքականության նոր՝ հեղափոխական փաթեթավորման հետ: Բայց այս ամենից խնդրի էությունը չի փոխվում: Այո՛, Հայաստանն ու Վրաստանը տարբեր ինտեգրացիոն, անվտանգային համակարգերում են, բայց քաղաքական կամքի և հետևողականության պայմաններում կարելի է գտնել այն հատման կետը, որից արդյունավետորեն կօգտվի թե՛ հայ, թե՛ վրաց ժողովուրդը:

Որպես ամփոփում՝ նշենք, որ վարչապետի այցն, անշուշտ, հագեցած էր ֆորմալ առումով, բայց բովանդային վերամեկնարկի մասին, ինչպես արդեն նշել ենք, դեռ վաղ է խոսել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: