ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գանձասար՝ Հովհաննես Մկրտչի, Գրիգոր Լուսավորչի սուրբ նշխարներն իր մեջ ամփոփած վանական համալիր

pinterest

Գանձասարն Արցախի վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում, նախկինում Արցախ նահանգի Մեծ Առանք գավառում։ Գանձասար վանական համալիրն իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից: Բլուրը Գանձասար է կոչվում, քանի որ նրա ընդերքում կան արծաթի և այլ թանկարժեք մետաղների հանքեր։

Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը 10-րդ դարում: Այն գոյություն է ունեցել դեռևս 4-րդ դարից: Գանձասարի վանական համալիրը նշանավոր հոգևոր կենտրոն է եղել և համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Հարկ է նշել, որ Հասան-Ջալալյան տոհմի իշխանների հոգածության շնորհիվ է Գանձասարը պահպանել հոգևոր կենտրոնի իր դերը։

Վանքն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։

Գանձասարի համալիրում են Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, գավիթը,  պարիսպները, բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը, դպրոցի երկհարկանի շենքը: 

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1216-1238 Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով: 

էրմիտաժի գիտական խորհրդի անդամ, խորհրդային հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրել է վանքը, տաճարն անվանել է «հայկական ճարտարապետության շտեմարան»: Իսկ ֆրանսիացի հայտնի պատմաբան, պրոֆեսոր Շարլ Դիլը Գանձասարը ներառել է հայ ճարտարապետական արվեստի 5 գլուխգործոցների շարքում, որոնք իրենց ուրույն տեղ են զբաղեցնում համաշխարհային ճարտարապետության գանձարանում: 

Եկեղեցին կոչվում է Հովհաննես Մկրտչի անունով, քանի որ խորանում է թաղված վերջինիս գլուխը: Ըստ ավանդության, Հովհաննես Մկրտչի գլխատումից հետո նրա աշակերտները մարմինը թաղում են Գանձասարի մոտակայքում: Որոշ ժամանակ անց ճգնավորներին  երևում է Հովհաննես Մկրտչի տեսիլքը, որը ցույց է տալիս իր գլխի տեղը: Ճգնավորները փորում-հանում են այն և դրա հիմքի վրա էլ կառուցվում է եկեղեցին: 

Մեկ այլ ավանդության համաձայն էլ՝ Հովհաննես Մկրտչի գլուխը Հասան Ջալալ Դոլան է բերել Երուսաղեմից: Երբ եղբոր հետ գնում է Երուսաղեմ ուխտագնացության, ճանապարհին Հասան Ջալալը հանդիպում է կաթոլիկ հոգևորականների, որոնք արկղով մասունքներ էին տանում Հռոմի պապին: Գիշերը, երբ պատրաստվում են քնել, երկու հրեշտակ են իջնում և մատնանշում մասունքներով արկղը և Հասան Ջալալին ասում, որ վերցնի այդ մասունքները, տանի իր երկիր և իր երկրի փայտաշեն եկեղեցու տեղում նորը կառուցի և անունը դնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ, քանի որ այդ մասունքներում է եղել Մկրտչի գլուխը: Նրանք վերցնում են մասունքները ու վերադառնում Արցախ, կառուցում նոր եկեղեցին և խորանի տակ էլ թաղում Հովհաննես Մկրտչի գլուխը: 

Ըստ պատմական փաստերի՝ բացի Հովհաննես Մկրտչի գլխից Գանձասարում են ամփոփված նաև Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, Գրիգոր Լուսավորչի, Լուսավորչի թոռ՝ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։

Գանձասարի վանքը մոտ 1400թ.-ին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը: Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը:

1546 թ.-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551թ.-ին նորոգել է եկեղեցին: 1898 թ.-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ.-ին նորոգվել են գավթի տանիքն ու զանգակատունը:

1923 թվականից՝ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, Գանձասարի վանքը չի գործել: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Գանձասարը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների կողմից: Ադրբեջանական զինվորներն ուղղաթիռներով ռմբակոծելով ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները: Ասում են, երբ ադրբեջանական բանակը ռմբակոծել է վանքը, քահանան մնացել է եկեղեցում և ծնկի իջած անդադար աղոթել: Աղոթքի ժամանակ հրեշտակներ են հայտնվել սուրբ սեղանի երկու կողմերում և հայտնել, որ Աստծո կամքով վանքին ավերում չի սպառնում: Ականատեսների խոսքով՝ հրեշտակների հետքերը մինչ այսօր էլ տեսանելի են սուրբ սեղանի երկու կողմերում:

Ղարաբաղյան պատերազմից հետո Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է միայն 1988 թ.-ին: 1992 թ.-ին ԼՂ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993-1998 թթ.-ին:

Դարեր շարունակ վանքը եղել է Հայաստանի արևելյան գավառների կարևորագույն կրոնական և դպրության կենտրոնը։ Ընդհանուր առմամբ, վանական համալիրում պահպանվել է շուրջ 200 հին հայերեն արձանագրություն։ 

Գանձասարը համարվում է նաև Խաչենի իշխանների տոհմական դամբարանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: