ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կմեծացնի պետական պարտքը. որտե՞ղ են հատվում ճիշտն ու սխալը

Ազգային ժողովում «2020 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ, ՀՀ ֆինանսների  նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց սպասվող դեֆիցիտի ու այդ դեֆիցիտը մարելու ուղիների մասին: Մասնավորապես, 2020թ.-ի համար ծրագրված հարկերը նվազել են, ծախսերն՝ ավելացել, ինչի արդյունքում կառավարությունը հանդես է եկել ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը  5%-ով ավելացնելու և այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից լրացուցիչ 260 մլրդ դրամ պարտք ներգրավելու մտադրությամբ:

Ֆինանսների նախարարի խոսքերից ստացվում է, որ պետական դեֆիցիտը դուրս է եկել վերահսկողությունից. իսկզբանե այն նախատեսվել է 161 մլրդ դրամ, իսկ այս պահին կանխատեսումը հասել է 324 մրլդ դրամի: Այսինքն, կրկնակի ավել: Հասկանալի է, որ պատճառը կորոնավիրուսն է իր գլոբալ տնտեսական հետևանքներով: Չնայած այդպես էլ չհասկացանք՝ ում շունն է այդ վիրուսը, բայց ներկայումս ունենք փաստ, որ դրա արդյունքում Հայաստանի պետական պարտքը կլորիկ գումարով կավելանա: Ընդ որում, որևէ կերպ բացառված չէ, որ ներկայիս վերանայումը կարող է կրկին փոփոխության ենթարկվել՝ ավելի շատ արտաքին պարտավորությունների ներգրավման հրամայականով:

Եթե գնահատելու լինենք պետական պարտքի ներգրավման՝ կառավարության արդեն իսկ հաստատված որոշումը, ապա հակիրճ կարելի է ասել հետևյալը. հատկապես «կորոնաճգնաժամի» վերջին մի քանի ամսվա ընթացքում ընդունված տնտեսական քաղաքականության ամենաճիշտ որոշումն է, իհարկե, եթե հաշվի չառնենք որոշ փաստեր, որոնք զուգահեռ ընթացել ու կարծես շարունակվում են այս նույն ժամանակահատվածում:

Բանն այն է, որ երբ պետական պարտքի ավելացման համար օբյեկտիվորեն առաջ է քաշվում ծախսերի ավելացումն, ուզած թե չուզած, առաջանում է արված ծախսերի արդյունավետության գնահատման խնդիր: Խոսքն իհարկե ճգնաժամի հետևանքների մեղմմանն ուղղված տարբեր սոցիալական ծրագրերին է վերաբերում: Թե որքանով է արդյունավետ, օրինակ, օրավարձով աշխատող ծնող և մեկ անչափահաս երեխա ունեցող ընտանիքին 26500 դրամ միանվագ օժանդակությունը, թողնենք առանց մեկնաբանության: Իհարկե, կարելի է պնդել, որ պետությունն այս դեպքում գործում է իր հնարավորությունների սահմաններում, բայց երբ այդ հնարավորությունների մասին ընդամենն ամիսներ առաջ միֆեր էին հյուսվում, ընդհուպ մինչև նախկին «թալանչիներից» բռնագանձված գումարների մասին, աննախադեպ, նույնիսկ Վրաստանից առաջանցիկ տնտեսական աճի մասին, ակամայից հայտնվում ենք շփոթում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Իսկ երբ այդ ամենին գումարվում են հենց այս օրերին,  26500 դրամանոց սոցիալական ծրագրերին զուգահեռ, միլիոնավոր դրամների հասնող պարգևավճարները պետական տարբեր գերատեսչություններում, պետության հնարավորությունների մասին պատկերացումները վերածվում են քաոսի:

Հիմա, վերադառնալով պետական ավելացող պարտքի թեմային. վերոնշյալից ստացվո՞ւմ է, որ նոր պարտքի ծավալները կլինեին ավելի քիչ, եթե օրինակ, իշխանության ներկայացուցիչներն, ովքեր ընդամենը երկու տարի առաջ հավաստիացնում են ժողովրդին իրենց ծառայելու մտադրությունը, գոնե ճգնաժամային իրավիճակում մի փոքր զուսպ գնահատվեին: Կամ մեկ այլ դիտարկում. պետական պարտքի ավելացման հեռանկարը մի՞թե ավելի արդյունավետ չէր համարվի, եթե օժանդակության ծրագրերը լինեին իսկապես հաշվարկված և իսկապես խնդիր լուծող: Հակառակ դեպքում, ստացվում է, որ պետական միջոցներն, այո՛ ծախսվել են, սակայն ծախսվել են քիչ արդյունավետությամբ, և ըստ այդմ, ներգրավվող պետական պարտքի արդյունավետությունը ևս հարցականի տակ է:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: