ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Որքանո՞վ են Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ իշխանության հայտարարությունները արտացոլել տվյալ պահի գործընթացները

Ազգային ժողովում մայիսի 6-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ Ղարաբաղյան կարգավորման համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:

Այս հայտարարությունները թերևս արժե դիտարկել վարչապետի հետևյալ պնդումների համատեքստում՝ «Հայաստանի ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել» և «2018 թվականի մայիսի 8-ից մինչև այսօր իմ դիրքորոշումներից ոչինչ,  նույնիսկ մի ստորակետ չի փոփոխվել»։

Այսպես, 2018 թվականի մայիսից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում էր, որ Հայաստանը Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններ չի վարում, ադրբեջանական կողմի հետ ունենք ուղղակի քննարկումներ, շփումներ: Մայիսի 6-ին Ազգային ժողովում արդեն վարչապետը հայտարարեց. «Թող ոչ ոք մեզ չասի՝ էդ ինչ եք բանակցում, ինչ պետք է, դա էլ բանակցում ենք»: Ստացվում է, որ Ղարաբաղյան հարցում ամենաթափանցիկ ղեկավարի հավակնություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը ժողովրդին մոլորեցրել է՝ թաքցնելով բանակցությունների փաստը:

Փաշինյան վերոնշյալ հայտարարության մեջ հետաքրքիր է ոչ միայն այն, որ վարչապետը վերջապես խոստովանում է, որ Հայաստանը բանակցում է, այլև այն, որ գործող իշխանությունը բանակցում է «ինչ պետք է»…  Իսկ ի՞նչ է պետք: Մեկ տարի առաջ այդ հարցին Նիկոլ Փաշինյանը, ով շարունակում է պնդել, որ Ղարաբաղի հարցի լուծողը միայն ժողովուրդն է, դժվարանում էր պատասխանել: «Դուք՝ բոլորդ, երբ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու, բանակցելու, դուք ինձ միանգամից չեք ասում՝ կգնաս, Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Սա չկա: Մենք չենք ասել՝ այսօր հայ հանրությունը և ժողովուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը», - ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր Փաշինյանը:

Այս մեկ տարվա ընթացքում ժողովուրդը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի թուղթ չի տվել Փաշինյանին: Ուստի, ստացվում է, որ թեև Փաշինյանի կառավարությունը ունի ժողովրդի լիազորությունը բանակցելու Արցախի հարցի շուրջ, բայց չունի լիրազորություն այդ բանակցությունների բովանդակության վերաբերյալ: Ընդ որում, ոչ միայն ժողովուրդը չի ասել ինչ է պետք բանակցել, այլ ժողովուրդը տեղյակ չէր՝ նախ, որ կան բանակցություններ, ապա՝ թե ինչ է բանակցվում…

Ի դեպ, Ազգային ժողովում Փաշինյանը ևս մեկ կարևոր փակագիծ բացեց: Խոսքը բանակցային սեղանին կարգավորման՝ իր կարծիքով ընդունելի տարբերակը ժողովրդին ներկայացնելու մեխանիզմի մասին է: Մասնավորապես, այդ տարբերակը պետք է ներկայացվի Անվտանգության խորհրդին և Ազգային ժողով դռնփակ նիստերում: Այն նախատեսվում է ներկայացնել նաև Արցախի իշխանությանը: Այսպիսով, խիստ չափազանցված են ոչ միայն վարչապետի պնդումները, որ Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է, այլ այն, որ Հայաստանն Արցախի անունից չի բանակցում:

Գուցե Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանի՝ ամենաշատն արտահայտված ղեկավարն է, սակայն որքանո՞վ են այդ հայտարարությունները արտացոլել տվյալ պահի գործընթացները: Գործող իշխանության հակասական հայտարարությունները հիմք են տալիս ենթադրելու, որ իշխանությունը հասարակությանը այս հարցում միտումնավոր մոլորեցնում է:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: