ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Ազոխի քարանձավն օգնում է բացահայտել հնագույն մարդկանց գաղտնիքները

pinterest.com

Ազոխի քարանձավը  (ավելի հին անվանումը՝ Որվան, Որվանի անձավ) գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ գյուղերի միջև: Այն հնագիտության և հնէաբանության կարևոր վայրերից մեկն է:  Ըստ գիտնականների, այս քարանձավն օգնում է բացահայտել հնագույն մարդկանց նյութական և հոգևոր մշակույթի գաղտնիքները, որոնք տասնյակ հազարավոր տարիներ առաջ ապրել և որսորդությամբ են զբաղվել այս վայրերում: Ըստ նրանց՝ բազմաշերտ քարանձավը, որն զբաղեցնում է 8 հազար քառակուսի մետր տարածք, բնակեցված է եղել դեռ սառցե նեանդերթալյան դարաշրջանից:

Azokh Cave - Wikipedia

Հնագույն ժամանակաշրջանի այս հուշարձանն ունի լաբիրինթոսի հիշեցնող վեց հսկայական «դահլիճ»: Հին հայկական պատմիչները բազմիցս են հիշատակել Ազոխի քարանձավը: Ըստ հայկական պատմական աղբյուրների՝ մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ Ամարասի տիրակալները հենց այստեղ են թաքցրել Արցախ աշխարհի հարստությունները:

Քարանձավում պեղումներ իրականացնող գիտական խմբի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանի խոսքով՝ քարանձավում առաջին պեղումներն իրականացվել են 1960-ականներին` Խորհրդային Ադրբեջանի կողմից: Սակայն կատարված աշխատանքների բնույթը պարզորոշ ցույց է տալիս, որ ադրբեջանական հնագետներին գիտական աշխատանքը չէ, որ հետաքրքրել է: Իրականում ադրբեջանցի հնագետներին Ազոխ էր բերել նրանում թաքցված հայկական գանձերի մասին պատմող վարկածը: Ադրբեջանցի գանձագող-հնագետները, կիրառելով միանգամայն բարբարոսական մեթոդներ, անխնա պայթեցրել են քարանձավի շերտերը, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվել գտնել միջնադարյան ժամանակներից թաքցված հայերի գանձերը:

Ազոխի քարանձավի ուսումնասիրության ծրագիրը վերսկսվել է 2001 թվականին՝ Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ և շարունակվում է մինչ այսօր։ Ներկայումս Ազոխի քարանձավում աշխատում են գիտնականներ Արցախից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իռլանդիայից, Նիդեռլանդներից և այլն:  Առ այսօր իրականցված աշխատանքների արդյունքում կատարվել են տարբեր բնույթի արժեքավոր բացահայտումներ:  

Azokh cave. Azokh village, Hadrut region. Artsakh, Armenia… | Flickr

Հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու ծնոտի մնացորդներ, աշխատանքային և որսորդական գործիքներ, որոնք պատկանում են հին քարի դարի աշելյան փուլին:  Ի դեպ, Ազոխի քարանձավի առաջին տիրոջ ծնոտի հայտնաբերումը գիտնականների կարծիքով, գիտական մեծ նշանակություն ունեցող փաստ է։ Մինչև այժմ այդ նախամարդու մնացորդները հայտնաբերվել են միայն երկրագնդի չորս վայրերում՝ Սիդի-Աբդեռահմանում (Մարոկկո), Շտայնհայմում (Գերմանիա), Սվանոկոմբրում (Անգլիա) և Սեդիա-դել-դիաբոլոնում (Իտալիա): Ազոխում հայտնաբերված գտածոն  զբաղեցնում է 5-րդ տեղը:

Ուսումնասիրությունների արդյունքում հնէաբանների խումբը եկել է այն եզրահանգման, որ մարդը Հայաստանի տարածքում ապրել է շուրջ երկու միլիոն տարի առաջ: Վկայություն կա, որ տարբեր ժամանակներում քարանձավում բնակվել է հնագույն մարդկանց երեք տեսակ՝ հայդելբերգյան մարդը, նեանդերթալյան մարդը և բանական մարդը: 

Քարանձավում հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի կենդանիների ոսկորներ: Հատկանշականն այն է, որ հայտնաբերված են հսկա եղջերուների, ռնգեղջյուրների, բիզոնների, բծավոր բորենիների, աղվեսների, գայլերի, ընձառյուծների, մացառախոզերի, կրիաների այնպիսի տեսակների մնացորդներ, որոնց մի մասը ներկայումս բնաջնջված է:

Հետաքրքրական են նաև Ազոխում հայտնաբերված կուժերը, որոնք ապացուցում են, որ այստեղ մարդիկ գինեգործությամբ են զբաղվել դեռևս շատ վաղուց: Դա է վկայում նաև քարանձավի «ազոխ» անվանումը, որը հին հայերենով նշանակում է չհասած՝ խակ խաղող:

Կարելի է ասել, որ Ազոխը ոչ միայն Արցախի, այլ նաև ողջ աշխարհի այն եզակի քարանձավներից է, որը պարունակում է մարդու պատմությունը հնագույն ժամանակներից առայսօր: Հարկ է, սակայն, նշել, որ դեռևս հայտնաբերված չեն քարանձավի բոլոր գաղտնիքները: Բազմաթիվ հազարամյակների պատմություն ունեցող այդ ընդարձակ նախնադարյան բնակավայրը պարբերաբար նոր անակնկալներ է մատուցում հետազոտողներին և նոր տեղեկատվություն հաղորդում անհիշելի ժամանակներից այստեղ բնակություն հաստատած հնագույն մարդկանց մասին…

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.11.2024
       
    22.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: