ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրադադարի համաձայնագիրը Ղարաբաղում. անցել է 26 տարի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր լրանում է Ղարաբաղյան հակամարտության ռազմական ակտիվ գործողություններին վերջ դրած եռակողմ կարևոր փաստաթղթի՝ հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-րդ տարին: 

Ուղիղ 26տարի առաջա Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցին, սակայն խաղաղություն այդպես էլ չհաստատվեց… 2016-ի ապրիլը ցույց տվեց, թե հրադադարի մասին համաձայնագիրն ինչքան փխրուն է, և ինչքան հեշտ է այն «տրորել»: Մինչ օրս ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին մարդիկ են զոհվում և եթե ի մի բերենք մեկ տարվա ընթացում ունեցած զոհերի թիվը, դժվար կլինի ասել, որ Ղարաբաղում հրադադար է: 

Արդեն 20 տարուց ավել շարունակվում է բանակցային գործընթացը, սակայն հակամարտության վերջնական կարգավորումը ոչ միայն դեռևս իրականություն չէ, այլև թվում է` չի լինի այդպիսին մոտ ապագայում: Սահմանագծում շարունակվում են կրակոցները, դիվերսիաներն ու սպանությունները: 26 տարի, որ խլել են հարյուրավոր կյանքեր՝ խաղաղ բանակցությունների և բանակցային սեղանների մոտ սուտ տրված խոստումների հետևում թողնելով երեք կողմերի երիտասարդների, իսկ որոշ դեպքերում նաև խաղաղ բնակիչների ընդհատված կյանքերը:

Շատ են փոխադարձ մեղադրանքները, չեն դադարում ադրբեջանական կողմի ռազմատենչ հռետորաբանությունն ու այդ ֆոնին միջնորդների` կողմերին ուղղված խաղաղության կոչերը: Չնայած այս ամենին, թերևս այսօր պահն է վերհիշելու այն գործընթացը, որ հանգեցրեց մինչ օրս շարունակվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակի հաստատմանը:  

Դեռ 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԽ Նախարարների խորհրդի  արտահերթ նիստի ժամանակ որոշվեց հնարավորինս արագ Մինսկում հրավիրել խորհրդաժողով, որը պետք է սահմաներ խաղաղության պայմանները` ելնելով ԵԱՀԽ սկզբունքներից: Ակնկալվում էր, որ այս նպատակին հնարավոր կլինի հասնել բավականին արագ: Սակայն Մինսկի խորհրդաժողովը նախանշված ժամկետում հրավիրել հնարավոր չեղավ. Ադրբեջանը ձգտում էր խաղաղության հաստատման բանակցություններին ներկայանալ ռազմաճակատում հաղթանակի բոլոր դափնիները շահած:

Սակայն իրավիճակը փոխվեց 1992-ի մայիսից, երբ արցախցիներին հաջողվեց ճեղքել Ստեփանակերտի շրջափակման օղակը: Մայիսի 8-9-ին Շուշիի հերոսամարտում արցախահայերի հաղթանակը բեկեց պատերազմի ընթացքը: Ռազմական գործողություններն ընթանում էին պարբերական հաջողություններով: Յուրաքանչյուր պարտությունից հետո Ադրբեջանը փորձում էր ռևանշ վերցնել` հրաժարվելով կրակը դադարեցնելու միջնորդական բոլոր նախաձեռնություններից: 

1993թ.-ին հայկական ուժերի լայնածավալ առաջխաղացման արդյունքում ռազմական պարտություններն Ադրբեջանին հարկադրեցին ընդունել ՌԴ կողմից արված հրադադարի առաջարկը: Բանակցություններին զուգահեռ շարունակվում էին նաև ռազմական գործողությունները։

Ահա թե ինչ է գրում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովն, ում ջանքերով էլ արդյունքում ստորագրվեց կրակը դադարեցնելու մասին արձանագրությունը. 

 «1994թ. մայիսի սկզբին իրադրությունը ճակատում բավականին հակասական էր դարձել: Այն բանից հետո, երբ ձմռանը ձախողվեց ադրբեջանցիների հակահարձակումը, մեծ հաշվով ուժերի որոշակի հավասարակշռություն սահմանվեց: Առավել համառ մարտեր էին ընթանում Տեր-Տերի շրջանում: Այդ քաղաքին տիրելու հայերի փորձերը մեծ պոտենցիալ վտանգ էին ներկայացնում: Եթե նրանց հաջողվեր  կտրել դեպի Ադրբեջանի երկրորդ խոշոր քաղաք` Գանձակ, տանող ճանապարհները կամ շարժվել Բարդա-Եվլախ-Մինգեչաուր  ուղղությամբ` դեպի Կուր գետ, ապա հանրապետության հյուսիս-արևմտյան բարձունքը կենթարկվեր “մայր հողից” կտրված լինելու վտանգին: … Այդ իսկ պատճառով, ադրբեջանական ղեկավարությունը շահագրգիռ էր կրակը դադարեցնելու հարցում»:

Չնայած ադրբեջանական կողմի ֆորմալ համաձայնությանը, հրադադրի փաստացի հաստատումը ձգձգվում էր հենց Ադրբեջանի «ջանքերով»: Պաշտոնական Բաքուն պահանջում էր, որ Արցախի ներկայացուցչից բացի փաստաթուղթի տակ լինի նաև ՀՀ ներկայացուցչի ստորագրությունը: 

Կազիմիրովը գրում է․ «Ադրբեջանի իշխանությունը ցանկանում էր ձևակերպել հրադադարը Երևանի հետ, իսկ վերջինս չէր համաձայնում` առանց Ստեփանակերտի մասնակցության: Կազմակերպել իրենց ներկայացուցիչների հանդիպում նշանակում էր ժամանակ կորցնել և բաց թողնել հնարավորությունը՝ ռազմաճակատում իրավիճակի փոփոխության դեպքում: Մնում էր շրջանցել կողմերի կամակորությունները և ստորագրել փաստաթուղթը ցանկացած ընդունելի ձևով»:

Բանակցություններից հետո ի վերջո 1994թ. մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական խորհրդաժողովի միջնորդությամբ ստորագրվեց Բիշքեքյան արձանագրությունը, որի տակ իրենց ստորագրությունները դրեցին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Բաբուրյանը, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Գուլիևը և Հյաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Արաքցյանը։ 

Արդյունքում, Բիշքեքյան, ինչպես նաև 1994 թ. փետրվարի 18-ին Հայաստանի, Ադրբեջանի ՊՆ նախարարների և ԼՂ զինված ուժերի լիազորված ներկայացուցչի կողմից ստորագրված հրադադարի հաստատման արձանագրության հիման վրա կազմվեց հրադադարի պայմանագիրը: Այս փաստաթուղթը թարգմանվեց երեք լեզուներով, և մայիսի 9-ին ռուսական կողմի միջնորդի ներկայությամբ այն ստորագրեց Ադրբեջանի ՊՆ նախարար Մամեդովը, ապա՝ մայիսի 10-ին ՀՀ ՊՆ նախարար Սարգսյանը, մայիսի 11-ին՝  Լեռնային Ղարաբաղի զորքերի հրամանատար Բաբայանը: Այս երեք փաստաթղթերը՝ յուրաքանչյուրի վրա մի կողմի ստորագրությամբ, ուղարկվեցին Մոսկվա, որտեղ հաստատվեց նրանց նույնականությունը: 

Մայիսի 12-ին հայտարարվեց հրադադարի պայմանագրի` ուժի մեջ մտնելու մասին: Հրադադարի հաստատումից հետո բանակցային գործընթացն ակտիվ փուլ թևակոխեց:

26 տարի առաջ ստորագրված հրադադարի ռեժիմն այսօր ամրապնդման կարիք ունի: Փաստաթղթի կենսունակությունն ապահովելու համար առավել քան տրամաբանական կլինի, որպեսզի Ադրբեջանը սահմանային գոտուց դուրս բերի դիպուկահարներին, և հակամարտության բոլոր կողմերի միջև կնքվի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման համաձայնագիր: Այն կոչված կլինի թարմացնելու ստանձնած պարտավորություններն ու վերջ դնելու սահմանային միջադեպերին, զսպիչ գործոն կդառնա ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությանը: Սահմնանային միջադեպերի հետաքննության մեխանիզմները ևս մեկ անհրաժեշտ միջոց են կողմերի միջև վստահության մթնոլորտի կառուցման և բանակցային գործընթացին խթան հաղորդելու համար: 

Այսպիսով, արյունահեղությանը վերջ դնելու համար 26 տարի առաջ մեծ ջանքերով կնքված հրադադարի ռեժիմն այսօր հարցականի տակ է դրվում Ադրբեջանի կողմից, ինչը պետք է կանխել և արժանացնել համապատասխան գնահատականի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.11.2024
       
    22.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: