ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը և խաղի նոր կանոնները

VSN

Հունիսի 18-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Տեսալսողական մեդիայի մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Մխիթար Հայրապետյանի ու անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած օրենքի նախագծով նոր օրենսդրական կարգավորումներ են առաջարկվում հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության համար:

Նախագծի հեղինակների պնդմամբ՝ գործող օրենքն այլևս չի կարգավորում հեռուստատեսության և ռադիո ոլորտը: Օրենքի նախագծով առաջարկվում է նոր լիազորություններով օժտել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի հետևանքով կստեղծվի նոր մրցակցային միջավայր ու աստիճանաբար կկատարվեն տարբեր փոփոխություններ:

Առաջարկվող նախագիծը ոչ միանշանակ արձագանք է ստացել նաև օտարերկրյա հեռուստաընկերությունների վերահեռարձակման մասով: Այս առնչությամբ իր տարակուսանքն է հայտնել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը` համոզմունք հայտնելով, որ նոր օրենքը կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստատեսությունների ճակատագրի վրա: «Անխոս, դրա ընդունումը կհանգեցնի լրատվական ոլորտի տարածքի բավականին լուրջ վերափոխմանը: Նոր պայմաններում արտասահմանյան հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռուստաալիքների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական պայմանագրի հիման վրա», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանատան արձագանքի մեջ հատուկ տեղ է հատկացված նաև «լեզվային անվտանգության» կոնցեպտին, որը նախատեսում է օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանության կամ հայերեն ենթագրերով պարտադիր ուղեկցման պահանջ: Իհարկե, այն, որ ռուսական կողմը առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակին ու տարածվածությանը, նորություն չէ, բայց այժմ խնդիրն այլ է. կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է իրականում նախատեսված ներկայացված նախագծով օտարերկրյա հեռուստաընկերությունների վերահեռարձակման հետ կապված:

Նախագծի 45-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «օտարերկրյա տեսալսողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում առանց լիցենզիա կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միայն միջպետական պայմանագրի հիման վրա»: «Որոշ մեր գործընկերներ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել, Հայաստանին և մեր գործընկեր պետություններին վերաբերող հարցերը քաղաքականացնել։ Մեր ռուս գործընկերների հետ մենք շատ պրոդուկտիվ  քննարկումներ ենք ունեցել և այս հարցը ընդհանրապես քաղաքական կոնտեքստ չունի։ Պետք է լինի միջպետական համաձայնագիր, որևէ պետության, որևէ հեռուստաընկերության վերահեռարձակումը միջպետական համաձայնագրի շրջանակներում կենթադրի նաև հնարավորություն հայկական հեռուստաընկերությունների վերահեռարձակում այդ պետությունների տարածքներում»,- ԱԺ-ում օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Թեմային անդրադարձել է նաև օրինագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը. «Այս օրենքով նախատեսվում է, որ եթե որևէ երկիր ցանկանում է, որ իր պետական հեռուստաալիքը հեռարձակվի Հայաստանի Հանրապետությունում, կնքվում է միջպետական պայմանագիր երկու գերատեսչությունների միջև (մեր դեպքում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է ներկայացնելու պետությունը), և մենք ակնկալում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կհեռարձակվի նաև պայմանագիր կնքող երկրում, սա փոխշահավետ սկզբունքի հիման վրա է դրված: Մենք ՌԴ-ի հետ արդեն ունենք կոնսենսուս, և այսօր ռուսական կողմը հայտ է ներկայացրել «Ռոսիա» ՀԸ մասով, վստահ եմ, որ այս օրենքի ամբողջական ընդունումից հետո միջպետական համաձայնագիրը կստորագրվի»:

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը հունիսի 18-ին Աժ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ: Նախագծի հեղինակների կարծիքով՝ այն ամբողջությամբ պիտի ընդունվի մինչև հուլիսի 20-ը, երբ կհայտարարվեն հանրային մուլտիպլեքսի, այսինքն՝ հեռարձակման ցանցում ազատ թվային տիրույթների մրցույթները: Նպատակն այն է, որ մրցույթում հաղթած մեդիա ծառայությունները գործեն արդեն նոր օրենքի կարգավորման շրջանում և իրավական խնդիրներ չառաջանան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: