ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աղբակայ Սուրբ խաչի կամ Սորատիրի Սուրբ Էջմիածնի վանք

Աղբակայ Սուրբ խաչ վանքը, որի տարածքում թաղվել են Արծրունյաց տոհմի իշխանները  և թագավորները, գտնվում է Մեծ Աղբակ շրջանում՝ Մեծ Զաբ գետի հյուսիսարևելյան կողմում գտնվող Օրսիրան շրջանի մուտքի մոտ՝ 2400 մ բարձրության վրա։

Ինչպես հայտնում է Akunq.net-ը, այն գտնվում է Սորատիր (Սորադիր, Յանալ) գյուղից դուրս, սակայն արդեն գոյություն չունեցող մի բնակավայրի կողքին, որի հետքերը 19-րդ դարում դեռևս պահպանված են եղել։ Այդ բնակավայրը գուցե և գտնվել է տեքստերում առկա Ավսի (կամ Օսսի) գյուղաքաղաքի տեղում՝ 38°15’ լայնության, 44°15’ արևելյան երկայնության վրա, Հադամակերտից 40 կմ հյուսիսարևելք՝ Սուրբ Բարդուղիմեոս վանքից մոտ 15 կմ հեռավորության վրա։

Անկասկած, սույն կառույցը, որը հայտնի է Սուրբ Էջմիածին անունով, և որտեղ թաղվել են Արծրունյաց իշխանները,  եկեղեցի է։ Եկեղեցին վաղ շրջանի ժամանակագիրների, հատկապես 10-րդ դարում ապրած Թովմա Արծրունու կողմից հիշատակվել է Աղբակայ Սուրբ խաչ անունով և կոչվել է նաև Գրբավանք։ Եկեղեցու պատմության վերաբերյալ ավելի համարձակ մի քանի այլ պնդումների հետ մեկտեղ ընդունված է նաև այն ենթադրությունը, թե եկեղեցին կառուցվել է Արծրունիների հայրենիքում գտնվող Աղբակում, 9-րդ դարի առաջին  կեսին։ Այս հարյուրամյակի կեսերին Վարագա Սուրբ խաչում գտնված մասունքները, արաբական արշավանքների վտանգի պատճառով, պահպանության են տրվել սույն եկեղեցուն։ Աղբակայ Սուրբ խաչ եկեղեցին կառուցվել է ինքնատիպ նախագծով, որը կարճ ժամանակ անց օրինակ է դարձել Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու համար։

Այդ գերեզմանոցը դեռ այն ժամանակ հիշատակվում էր որպես վանք։ Պարզ է, որ սրբավայրը առանձին եկեղեցի է եղել։ Հետագայում, որպես մենաստան, կցվել է մոտակայքում եղած Սուրբ  Բարդուղիմեոս վանքին։ Ի տարբերություն վերջինիս՝ այն ձեռագրերի կրկնօրինակման վայր  չի ունեցել, համենայն դեպս, որքանով որ տեղյակ ենք, այնտեղ կրկնօրինակված որևէ ձեռագիր չի գտնվել։ Վանքը մինչև 20-րդ դար նշանավոր ուխտավայր է եղել Հյուսիսային Իրանի լեռներից դեպի Ուրմիա լճի հյուսիսարևելյան ափեր հասնող Սալմաստի հովտում ապրող հայերի համար։ Շրջանը 17-րդ դարի սկզբին հրկիզվել և ավերվել է Շահ Աբաս Առաջինի կողմից։ Քանդված եկեղեցին և կացարանը միայն 1681 թ․ են վերանորոգվել։ Դա արել են այնտեղ ուխտի գնացած Սարո անունով մի մարդ և ամենայն հավանականությամբ մասնագիտությամբ ճարտարապետ Խուդաբաշխը։ Եկեղեցու առաջին անունը փոխվել է և ստացել Էջմիածին անունը․ դա համընկնում է այն ժամանակաշրջանին, երբ վանքը ենթարկվել է մի շարք փոփոխությունների։ 19-րդ դարում վանքը զինված կողոպտիչների ձեռքն է ընկել։ Վանական շինություններն ավերվել են այդ կողոպտիչների կողմից, որոնց հնարավոր է եղել վտարել միայն 1866 թ․։ Վանահայր Գրիգոր Տիգրանակերտցին մի քանի տարի շարունակ այստեղ մի նոր ծուխ է ձևավորել, սակայն վանական բոլոր շենքերը չի կարողացել վերանորոգել։ Կառույցը 1870-ական թթ․ ի վեր Սորատիր գյուղի  եկեղեցին է։

Աղբակայ Սուրբ խաչը կամ էլ Սորատիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին քառաթև նախագծով, չորս նիշեր ունեցող կառույց է, որի արևելյան աբսիդի ամեն երկու կողմում կա մեկական սենյակ։ Գմբեթի կամարակապը քառակուսի է։ Այն ունի խաչաձև  չորս կամարով ամրացված գմբեթ։ Գմբեթի վրա փոքր, կլոր պատուհան, իսկ վերևի հատվածում էլ ութանկյուն գմբեթավոր լուսարձակ կա։  1681 թ․ արված վերանորոգման ժամանակ գմբեթի կամարակապը վերակառուցվել է, բացի այդ՝ արևմտյան կողմում գտնվող կամարի մուտքի մոտ մի գավիթ է ավելացվել։ Կառույցը գտնվում է արևելք-արևմուտք առանցքի 16,3 մ երկայնության, հյուսիս-հարավ առանցքի 13 մ լայնության վրա։ Եկեղեցու մոտ գտնվել են վանական շենքերը, եկեղեցուց հյուսիս՝ հոգեհանգստի մատուռը։ Շենքերի տարածքը շրջապատված է եղել պարսպով։ Չորս գյուղի եկամուտը այս վանքին է հատկացվել։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո թալանված վանքն անուշադրության է մատնվել: Պարիսպը և շենքերը կարճ ժամանակ անց անհետացել են։ 1965 թ․ մնացել էր միայն վանքի եկեղեցին, որն օգտագործվում էր որպես հացահատիկի ամբար։ Դրսի պատերի, հատկապես հարավային և արևմտյան ճակատներում բաց  մնացած քարերի մի էական հատված հանել-տարել են։ Արևմտյան ճակատի մուտքի գավիթի վերևի հատվածն ամբողջովին քանդվել է։  Գմբեթի  կամարի շուրջ և նիշերի վրայի քարերը անհետացել են, սակայն գմբեթի կամարակապը կանգուն է։ Եկեղեցու ներսի հատվածում միայն մի քանի տեղ է վնասվել։ Եկեղեցին դեռևս կանգուն է, սակայն ծայրահեղ վատ վիճակում է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: