ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրթական նոր չափորոշիչների շուրջ աղմուկն ու իրական մարտահրավերները

Դպրոցական առարկաների կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ վերջին օրերին բավական շատ են խոսում: Պատմաբաններն ահազանգում են, որ այս գործընթացները լուրջ վտանգ են ներկայացնում, այդ թվում, ազգային անվտանգության տեսանկյունից: Մասնագետների պնդմամբ՝ հիմնական խնդիրն այն է, որ նոր չափորոշիչները լի են բացթողումներով, որ չափորոշիչների մշակման փուլում չեն իրականացվել լայն քննարկումներ պատմաբանների ու մասնագետների հետ (ի դեպ, վերջիններիս պնդմամբ՝ նախարարությունն է կարգադրել զերծ մնալ նման քննարկումներից) և որ չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավարը համահեղինակն է նաև 2017-ին և 2019-ին հրապարակված և վերահրապարակված «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» խորագրով բավական խնդրահարույց աշխատության:

Հասկանալու համար, թե իրականում ի՞նչ իրավիճակի հետ գործ ունենք այսօր և թե որքանո՞վ են վտանգավոր պատմաբանների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, մի փոքր ուսումնասիրություն իրականացրինք՝ նախ փորձելով հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այսչափ մեծ աղմուկ բարձրացրած վերոնշյալ աշխատությունը: «Պատմության ուսուցումը Թուրքիայի, Հայաստանի դպրոցներում. քննադատություն, այլընտրանքներ» վերնագրով աշխատությունը Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի մի մասն է: Ծրագիրն  իրականացվել է Երիտասարդ պատմագետների ասոցիացիայի (Հայաստան), History Foundation - Tarih Vakfı (Թուրքիա) և “Imagine Center for Conflict Transformation” (ԱՄՆ) համագործակցությամբ:

Այն, որ հայ-թուրքական այս համատեղ ծրագրի արդյուքում հրապարակված աշխատությունը պատմագիտական առումով լի է բացթողումներով ու վտանգավոր ձևակերպումներով, պատմաբաններն արդեն նշել են: Վառ օրինակը Հայկական լեռնաշխարհը Կովկաս ու Անատոլիա անվանելն է (էջ 52), հայ ժողովրդի ծագման ժամանակագրությունը հարցականի տակ դնելն (էջ 67) ու ապրիլյան քառօրյայի վերաբերյալ պատմության դասագրքերի անդրադարձը «միլիտարիզմի գաղափարախոսությամբ պատմությունը լցնել» անվանելը (էջ 56): Սակայն ընդհանուր տպավորությունն այս աշխատությունից այնպիսին է, որ հեղինակները կոնկրետ խնդիր են փորձել լուծել՝ հավասարի նշան դնելով Հայաստանում ու Թուրքիայում պատմության դասավանդմանն առնչվող հարցերի միջև: Ասվածի վկայությունը Հայաստանի և Թուրքիայի պատմության դասագրքերում կնոջ դերի վերաբերյալ հեղինակների եզրակացությունն է՝ որպես գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից անբավարար և միակողմանի (էջ 42, 69): 

Հետաքրքրական է նաև հայ-թուրքական այս պրոյեկտի հայաստանցի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը: Պարզվում է՝ նրանցից երկուսն այսօր ՀՀ ԱԺ պատգամավորներ են, մեկը՝ դպրոցական առարկայական ծրագրերի չափորոշիչների լրամշակման թիմի անդամ, մեկ ուրիշը՝ նույն թիմի ղեկավար:

Այս ծրագրի և դրա արդյունք հանդիսացող աշխատության վերաբերյալ կարելի է երկար գրել, բայց խնդիրն այսօր ոչ այնքան դրա բովանդակությունն է, որքան փաստը, որ նման ծրագրի անմիջական մասնակցին ու նման մոտեցումներ կրող պատմաբանին վստահվել է դպրոցական միանգամից չորս առարկայական ծրագրի չափորոշիչների մշակումը, որ հայոց պատմության նկատմամբ նման մոտեցումներ ունեցողներն այսօր Ազգային ժողովում են, որ պետական ամենաբարձր մակարդակով հովանավորվում է հայկականության, մեր արմատների ու պատմության դեմ սկսված այս արշավը:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: