ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ 

Ուղերձում ասված է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

30 տարի առաջ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա և բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:

Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Այդ հաղթանակներից ամենակարևորն Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձևավորման հիմք ու խթան հանդիսացավ: 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որն ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը, և Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:

Նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական և հանրային ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, եթե չասենք ինստիտուտների բացակայությունը: Անկախություն ձեռք բերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանը տառապել է անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից:

Երկար տարիներ կոռուպցիան եղել է պետական կառավարման առանցքային գործիքակազմը, ինչի հետևանքով Հայաստանը մնացել է առանց արդյունավետ պետական կառավարման համակարգի: Կոռուպցիան թափանցել է ամենուր՝ պետական կառավարման համակարգ, դատաիրավական համակարգ, դպրոց, մանկապարտեզ, բուհեր, ակադեմիական ու մշակութային շրջանակներ, զանգվածային լրատվության միջոցներ, ընտրական համակարգ, երբեմն նույնիսկ հոգևոր հարաբերությունների ոլորտ: Սա ոչ թե առանձին խմբերի կամ անհատների, այլ մեր բոլորիս, մեր հավաքական ձախողումն է եղել, որտեղ մեզնից յուրաքանչյուրն ունեցել է իր մեծ կամ փոքր դերակատարումը:

Այս ամենի ամենաաղետալի հետևանքը դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է իր պետությունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգն օտար է դարձել քաղաքացուն, որովհետև հիմնված է եղել ոչ թե նրա կամքի, այլ կոռուպցիայի և ընտրակեղծիքների վրա հիմնված քաղաքական պարտադրանքի վրա:

2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը հենց այս հակադրությունը լուծելու եկավ: Քաղաքացին, որ օտարված էր իրավունքից, վերստին իր ձեռքը վերցրեց պետական իշխանություն ձևավորելու իր իրավունքը: և սա մեր նախորդ 30 տարիների հաջողություններն ամրագրելու և ձախողումները շտկելու պատմական հնարավորություն է:

Մեր առաջնային անելիքը շարունակում է մնալ նույնը. պետական և հանրային ինստիտուտների կայացումը: Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, և մենք պիտի խնդիր դնենք ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը:

Ընտրական անկեղծելի մեխանիզմ, անկախ դատական համակարգ, մեր պետության ու ժողովրդի ինստիտուցիոնալ նպատակները սպասարկող և մրցունակությունը բարձրացնող, կեղծիքից ազատ կրթական համակարգ, բարձր պրոֆեսիոնալիզմն ու արդյունավետությունը խթանող պետական կառավարման համակարգ, նորարար, ստեղծագործ ու մրցակցային տնտեսություն, պարտականություններին՝ իրավունքների համանմանությամբ նախանձախնդիր վերաբերվող քաղաքացի, գործարար, պաշտոնյա. սա է մեր առաջիկա հրատապ անելիքը, ինչը հնարավոր է իրականացնել միայն այնպիսի պայմաններում և մթնոլորտում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր անհատական վարքագծի ազդեցությունն իրականության վրա, երբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը չի դառնում պարտադրանք մեծամասնության նկատմամբ՝ երկիրը դատապարտելով հավերժական տեղապտույտի:

Աշխատանքը, կրթությունը, հմտությունների, գիտելիքի իմացության շարունակական բարձրացումը պիտի դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովության ու բարեկեցության հիմնաքար, յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ՝ անաշխատունակության հետ կապված դեպքերի) նախ ինքը պիտի դառնա սեփական բարեկեցության պատասխանատուն, իսկ կառավարությունն ու պետությունը պիտի բավարար կրթական, իրավական, մրցակցային պայմաններ ստեղծեն այդ պատասխանատվության օրինական ու արդյունավետ իրացման համար:

Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: Մենք վերջերս ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ արձանագրեցինք, որ այսօրվա Հայաստանն իրեն դիրքավորում է որպես հայ ժողովրդի պետական հազարամյա երթի կարևորագույն հանգրվան, և մեր օրերի մեր վարքագիծն է կանխորոշելու հայ ժողովրդի առաջիկա հազարամյա ճակատագիրը: Հայաստանում հաստատված պետական կարգը պիտի հարազատ դառնա յուրաքանչյուր քաղաքացու և պետք է բխի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պատասխանատվությունից:

Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն: և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետև հայկական պետությունը պիտի գոյություն ունենա հավիտյան, հայ ժողովուրդը պիտի գոյություն ունենա հավիտյան:

և ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
և կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: