ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միջազգային հանրության արձագանքն Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիային

Միջազգային հանրությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայմանասշտաբ ագրեսիայի կապակցությամբ կողմերին հավասարապես կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ուժի կիրառումից և վերադառնալ բանակցային սեղան: Հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, համանախագհող երկրները, ուժային կենտրոնները, հարևան երկրներն ու միջազգային մի շարք կազմակերպություններ:

«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի գործադրումն ու ցավում մարդկային անիմաստ զոհերի համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողոթյունները և վերսկսել բանակցությունները հակամարտության կայուն լուծումը գտնելու համար», - նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Առանձին-առանձին կոչերով են հանդես եկել նաև համանախագահող երկրները: «Ներկա դրությամբ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առաջին հերթին զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել հարցերը լուծելու ուժային մեթոդներից, ինչպես նաև բոլոր քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա անցակալի սրումը, որն այս պահին առանց այդ էլ գտնվում է զիnված բախման եզրին», - այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով: Կողմերին իրավիճակը կայունացնելու կոչով է հանդես եկել նաև ՌԴ ԱԳՆ-ն, ԱԳ փոխնախարարը, Դաշնային խորհրդի նախագահը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է այդ էսկալացիան: Քարտուղարի տեղակալ Բիգունը կոչ է արել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյխուն Բայրամովին և Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին հորդորել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կիրառել ուղիղ հաղորդակցման միջոցները նրանց միջև հետագա էսկալացիայից խուսափելու համար, և խուսափել անօգուտ հռետորությունից ու գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճին», - ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումներին անդրադարձել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածում Ջո Բայդենը:

«Ֆրանսիան խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լայնածավալ բախումներով և զոհերի մասին հաղորդագրություններով, մասնավորապես՝ խաղաղ բնակչության շրջանում: Փարիզը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսությունը», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

Իրենց մտահոգությունն են հայտնել նաև ԵՄ-ն ու Չինաստանը: «Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել իրավիճակի դեէսկալացիա և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Հրատապ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասված է Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի կողմից տարածված հայտարարության մեջ:

«Չինաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահապնումը համապատասխանում Է բոլոր կողմերի, ներառյալ՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերին: Հուսով ենք, որ համապատասխան կողմերը կցուցաբերեն զսպվածություն և միջոցներ կձեռնարկեն՝ բախումների հետագա սաստկացումից խուսափելու համար»,- նշել է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական նեկայացուցիչ Վան Վենբինը:

Արցախում ռազմական գործողությունների կապակցությամբ լուրջ մտահագություններ ունի նաև Իրանը, որն արդեն մի քանի անգամ կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը չի կարող համակերպվել իր սահմանների մոտ հակամարտության շարունակմանը:

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել երկխոսություն տարաձայնությունները կարգավորելու համար: Մեր հարևանները մեզ համար առաջնահերթ են, և մենք պատրաստ ենք ծառայություններ տրամադրել բանակցությունների անցկացման համար: Մեր տարածաշրջանն այժմ ունի խաղաղության կարիք»,-նշել է Իրանի ԱԳ նախարար Զարիֆը, ով արդեն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Լեռնային Ղարաբաղում անհապաղ դեէսկալացիային նպաստելուն պատրաստակամություն է հայտնել նաև Հունաստանը:

Ղազախստանը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցել հակամարտության խաղաղ լուծման համար միջազգային կազմակերպությունների հարթակներում խաղաղ ուղիներ փնտրելու գործում ՝ որպես «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցության» նախագահ՝ առաջարկելով օգտագործել Խորհրդակցության վստահության միջոցների առկա փաթեթը:

ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հիշեցրել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն շարունակելու է որպես ֆորում ծառայել` Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև երկխոսության համար: «ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խորհրդարանական բանակցություններ վարել կողմերի միջև, եթե  դա պահանջեն երկու կողմերը»,- ասել է նա: Կողմերի միջև խորհրդարանական երկխոսությանն աջակցելու հարցում պատրաստակամություն են հայտնել նաև Ռուսաստանի օրենսդիրները:

Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն էլ հայտարարել է, որ  «Էստոնիան, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների քննարկման վերաբերյալ»։

Կողմերին իրավիճակը կայունացնելու և բանակցությունները վերսկսելու կոչով դիմել են նաև Գերմանիան, Կանադան, Վրաստանը (նախագահի և ԱԳՆ-ի մակարդակներով),  Ուկրաինան, Մոլդովան, Լեհաստանը, Եգիպտոսը, Լատվիան, Մեքսիկան, ՆԱՏՕ-ն,  Եվրախորհրդի նախագահը, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման, ԵԱՀԿ ԽՎ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին, Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը, ՄԱԿ գլխավոր քարտուղարը, ԿԽՄԿ-ն։

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտել են Կիպրոսը, Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզա Մուշիկիվաբոն, ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ:

Նշենք, որ չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանն արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակում է լայմանասշտաբ ագրեսիան, որի թիրախում է այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակչությունը: Այս պահին հայկական կողմն ունի 51 զոհ և հարյուրավոր վիրավորներ՝ այդ թվում նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    28 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: