ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը գերիների վերադարձն անընդհատ ձգձգում է հայ ժողովրդին հոգեկան տառապանքներ պատճառելու համար. ՄԻՊ

«Ադրբեջանը գերիների հարցն ակնհայտ քաղաքականացնում է, ինչն անթույլատրելի է»,- ասուլիսում ասաց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, փոխանցում է Panorama.am:

Նա ընդգծեց՝ անթույլատրելի է հետպատերազմական այս փուլերում մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, դա, ըստ նրա, կոպիտ խախտում է:

«Միջազգային պահանջների համաձայն՝ գերիները պատերազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն իրենց երկրներ, նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորելն ու  ձերբակալելը, որը դիտվում է որպես պատիժ, արգելվում է: Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգելը նույնպես արգելվում է, ըստ էության, դա պատերազմական հանցագործություն է»,- մանրամասնեց Պաշտպանը:

Ա. Թաթոյանի խոսքով, Ադրբեջանի քաղաքականության մեջ նկատվում է մի գիծ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը տարածում են մինչև այդ եղած իրավիճակների վրա:

«Սա նույնպես անթույլատրելի է, պետք է նոյեմբերի 10-ից հետո իրավիճակների նկատմամբ էլ կիրառելի լինի, այսինքն՝ այնքան ժամանակ, քանի դեռ կողմներն ունեն գերիներ, որոնք մեծ հաշվով  կապված են այս պատերազմական գործողությունների հետ»,- ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ Ադրբեջանը գերիների վերադարձն անընդհատ ձգձգում է հայ ժողովրդին, հատկապես գերեվարված մարդկանց ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու, հասարակության էմոցիաների հետ խաղալու համար՝ դրանով հանդերձ լարվածություն առաջացնելով:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա ակնհայտ ադրբեջանական քաղաքականության մաս է: Բացի այդ, իրենք չեն հայտնում գերիների իրական թիվը»,- ասաց Ա. Թաթոյանը: 

Նա նշեց, որ ունի իր պատկերացումները ադրբեջանական գերության մեջ գտնվող հայերի իրական թվի մասին, սակայն ճիշտ չէ հայտնելը Մարդու իրավուքների պաշտպանի հաստատության իրավասության ծավալի տեսանկյունից:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պատրաստ է հանդիպել Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ, Ա. Թաթոյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ, որևէ խնդիր չկա: Իհարկե, բայց միշտ մի պայման եմ ունեցել, որ եթե Արցախին վերաբերող հարցեր են քննարկվելու, պետք է մասնակցի նաև Արցախի ՄԻՊ-ը, քանի որ մարդու իրավունքների հարց է, քաղաքական որևէ հարց չկա:

Հայաստանի պարագայում միշտ էլ, որպես Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան, բաց եմ համագործակցության համար»:

Այնուհետև նա մի դեպք պատմեց. «Երբ 2020 թվականի մայիսին ԱԺ-ում ներկայացնում էի տարեկան հաղորդումը, պատգամավորներից Տաթև Հայրապետյանը հարց տվեց այն մասին, թե ինչպե՞ս եմ պատկերացնում իմ համագործակցությունը Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Բավականին լավ հարց էր, պատասխանեցի այնպես, ինչպես հիմա, որ պատրաստ եմ, ի՞նչ խնդիր կա, բայց այն կողմից, ցավոք սրտի, չունենք արձագանք:

Դրանից հետո Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարը լայանածավալ հայտարարություն տարածեց բացահայտ վիրավորանքներ հնչեցնելով իմ հասցեին, որ ԱԺ-ում էժանագին շոու եմ կազմակերպել: Ասում է՝ եթե Հայաստանի ՄԻՊ-ն ուզում է հանդիպենք, պայման ունեմ՝ գնա, համոզի իր քաղաքական ղեկավարությանը, որ Արցախի տարածքների դեօկուպացիա տեղի ունենա, նոր կմտածեմ հանդիպման հնարավորության մասին:

Բնականաբար, այդ հայտարարությանն արձագանքեցի, ուղարկեցի միջազգային ատյաններ:
Միջազգային գործընկերներին նաև ասել էի՝ կարո՞ղ է տպավորություն է, որ գիշեր-ցերեկ չեմ քնում, մտածում եմ իր հետ ո՞նց հանդիպեմ: Բացի այդ, անկախության աստիճանով ակնհայտ ցածր հաստատություն է:

Քանի որ նման պահվածք կա, հիմա աշխատում եմ միջազգային կառույցների միջոցով:

Մարդու իրավունքների պաշտպանությամբ եմ զբաղվում, բայց չի նշանակում, որ անձնական ու ազգային արժանապատվության հաշվին պետք է հանդիպումներ ունենամ»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: