ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի». պայքար իրավական հարթությունում

Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ պատերազմի արդյունքում տուժած իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումների վերաբերյալ։ Այս մասին մի քանի օր է գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ դիմումը ներկայացվել է հունվարի 15-ին, և որ այն պատրաստելու գործում ներգրավվել են միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետներ ու իրավաբաններ։

Վերոնշյալ գանգատի շրջանակներում բարձրացվել են հարցեր՝ կապված «Հայաստանի կողմից օկուպացված ԼՂ-ում և 7 հարակից շրջաններում» Ադրբեջանի քաղաքացիների «կյանքի իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքի, դավանանքի, գույքի և ազատ տեղաշարժման» խախտումների վերաբերյալ, ինչպես նաև «խոշտանգումների և վատ վերաբերմունքի» կապակցությամբ:

Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով սկսվեցին խոսակցություններ «Հայաստանի կողմից պատճառված վնասների փոխհատուցման վերաբերյալ»՝ այն ներկայացնելով 50 միլիարդ ԱՄՆ դոլարի տեսքով: Ի դեպ, կարճ ժամանակ անց թուրք-ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց ակտիվորեն տարածել նաև 50 միլիարդ դոլարը տարածքով փոխհատուցելու թեզը՝ հերթական անգամ շեշտելով իրենց նկրտումներն հատկապես ՀՀ Սյունիքի մարզի նկատմամբ:

Վերադառնալով դատական գործընթացին՝ կարևոր է նշել, որ ՄԻԵԴ ընթացակարգերից ելնելով միջպետական գանգատի դեպքում առաջին փուլով Դատարանը պիտի ճանաչի գանգատում ներկայացված իրավունքների խախտման փաստը, այնուհետ ներկայացվի փոխհատուցման խնդիրը: Այսինքն Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ներկայացված այս գանգատի քննության որոշակի փուլից, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ քարոզչական նպատակներով շրջանառության մեջ դրված 50 միլիարդ դոլարի խնդիրը կներառվի նաև Բաքվի պաշտոնական պահանջի մեջ: Ի դեպ, որպես օրինակ կարող ենք հիշել «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի» գործը, որի պարագայում դեռ 2001թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել էր Անկարայի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ դրույթների խախտումները, բայց ֆինանսական փոխհատուցման հարցում իր դիրքորոշումը հայտնեց միայն 2014-ին՝ Թուրքիային պարտավորեցնելով 90 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Կիպրոսին՝ 1974 թվականի ռազմական ներխուժման և իրականացրած իրավախախտումների դիմաց:

Նորից վերադառնալով մեր խնդրին՝ նշենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դեռ մինչև Ադրբեջանի կողմից գանգատ ներկայացնելը, մի քանի անգամ անդրադարձել էր նման զարգացումների հնարավորությանը՝ նշելով, որ մենք չպետք է նստենք ու սպասենք Բաքվի քայլերին, այլ ինքներս պետք է աշխատենք, գնահատենք վնասներն ու նման գանգատով դիմենք ՄԻԵԴ: Կիրակոսյանի պդնմամբ՝ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և արդեն փետրվարին ՀՀ-ն միջպետական գանգատի շրջանակներում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Եվ չնայած ՀՀ կառավարության ներկայացուցչի հավաստիացումներին, որ այս ուղղությամբ մենք շարունակում ենք ակտիվ աշխատել, ստիպված ենք փաստել, որ այսօր ՀՀ կառավարությունը չի կարողանում ներկայացնել անգամ գերիների և անհետ կորածների ցուցակներ, և թերևս, անիրատեսական է մոտ ապագայում խոսել կրած վնասների թվային պատկեր ներկայացնելու մասին (թեև, ինչպես արդեն նշել ենք՝ առաջին փուլում չի նախատեսվում փոխհատուցման չափ ներկայացնելը): Ի դեպ, չմոռանանք, որ գերիների հարցը, ի թիվս այլնի, առաջին հերթին հումանիտար կարևորություն ունեցող խնդիր է, որի հարցում հապաղելը կամ թերանալը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ:

Ցավով պիտի արձանագրենք, որ ինչպես ռազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այսօր՝ հետպատերազմյան գործընթացներում (այս դեպքում՝ իրավական), մենք նորից դանդաղում ենք ու էապես զիջում թշնամուն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ որպես ամփոփում՝ վերհիշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան հնարավոր է դիմել Ա) անհատական գանգատներով, որոնք ներկայացվում են անձի, անձանց խմբի, առևտրային կամ ոչ կառավարական կազմակերպության կողմից իրենց իրավունքների խախտման վերաբերյալ, Բ) միջպետական գանգատներով` ներկայացված մեկ պետության կողմից մեկ այլ պետության դեմ (ի դեպ, միջպետական գանգատները քանակապես էապես զիջում են անհատական գանգատներին):

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 33-րդ հոդվածի բովանդակությունից ակնհայտ է, որ Դատարան կարող են դիմել միայն Կոնվենցիայի մասնակից պետությունները, իսկ վեճի առարկա կարող են լինել միայն Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով նախատեսված իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները: Հարկ է նաև նշել, որ ցանկացած մասնակից պետություն կարող է միջպետական գանգատ ներկայացնել միայն Կոնվենցիան և դրան կից արձանագրությունները վավերացրած մասնակից պետության (պատասխանող պետության) դեմ:

Ըստ Եվրոպական դատարանում ձևավորված պրակտիկայի` Դատարան դիմելու դեպքում դիմող պետությունը պարտավոր չէ այդ մասին տեղեկացնել այն պետությանը, որի դեմ ներկայացվում է գանգատը:

Եվ վերջում, որպես միջպետական գանգատի ամենաթարմ օրինակ՝ նշենք «Վրաստանն ընդդեմ ՌԴ-ի» գործով ՄԻԵԴ վճիռը, որն հրապարակվեց այսօր՝ հունվարի 21-ին: 2008 թվականի օգոստոսյան իրադարձություններին առնչվող գործով ՄԻԵԴ Մեծ Պալատը չհիմնավորված համարեց Վրաստանի մեղադրանքները ՌԴ նկատմամբ, այն է՝ Կոնվենցիայի մի շարք հոդվածներով սահմանված իրավունքների խախտումները (կյանքի իրավունք, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում, ազատության և անվտանգության իրավունք, անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանության իրավունք, սեփականության իրավունքներ և այլն): Բայց միաժամանակ Դատարանը ճանաչեց ռուսական կողմի պատասխանատվությունն այն գործողությունների համար, որոնք տեղի էին ունեցել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքում օգոստոսի 12-ից հետո: Դրամական փոխհատուցման հարցերը Դատարանը թողեց հետագա քննարկման:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: