ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հեղաշրջման փորձ Բելառուսում, Ուկրաինա, Չեխիայի հետ դիվանագիտական սկանդալ. ՌԴ-ի շուրջ զարգացումները թեժանում են

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ապրիլի 17-ին հայտարարություն տարածեց, որ Բելառուսի Պետանվտանգության կոմիտեի հետ անցկացված համատեղ գործողության ընթացքում կանխել է Բելառուսում ծրագրվող ռազմական հեղաշրջումը և երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձը։

Հեղաշրջման մեջ կասկածվող բելառուս գործիչներից երկուսը ձերբակալվել են Մոսկվայում և փոխանցվել Մինսկին։ Դրանք են ԱՄՆ և Բելառուսի քաղաքացի, փաստաբան Յուրաս Զինկովիչը և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, ով 1994-ին աշխատում էր Լուկաշենկոյի նախընտրական շտաբում, որից հետո աշխատանքի անցավ վերջինիս աշխատակազմում և Լուկաշենկոյի իշխանության առաջին տարիներին նրա մամուլի քարտուղարն էր։

Անձամբ Լուկաշենկոն, խոսելով ծրագրվող ռազմական հեղաշրջման մասին, բոլոր սլաքներն ուղղել է Վաշինգտոնի դեմ՝ բացահայտ մեղադրելով ԱՄՆ հատուկ ծառայություններին իր մահափորձը և իր զավակների առևանգումը կազմակերպելու մեջ: Լուկաշենկոյի այս մեղադրանքներին պատասխանել են Միացյալ Նահանգներից, մասնավորապես՝ պետդեպարտամենտից, պնդելով, թե «ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ի կառավարությունը ներքաշված է եղել Լուկաշենկոյի սպանության փորձում, բացարձակ սուտ է»:

Անշուշտ, նման մեղադրանքներ ներկայացնելուց հետո բելառուսական կողմը պարտավոր է նաև անհերքելի ապացույցներ ներկայացնել: Բայց մինչ ապացույցներին անցնելը՝ փաստենք՝ այն, որ Բելառուսը ՌԴ-ի նկատմամբ ճնշումներ գործադրելու առումով Արևմուտքի համար կարևորագույն թիրախներից մեկն է, անվիճելի է: Միացյալ Նահանգներում Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց և «Ամերիկան վերադարձել է» նոր հայեցակարգը հռչակելուց հետո մենք ականատես ենք լինում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների հետևողական սրման: Դրա օջախներից մեկն էլ Ուկրաինան է, մասնավորապես՝ Դոնբասի շուրջ զարգացումները: Առնվազն չի բացառվում, որ նույն տրամաբանության ներքո լինեն նաև Բելառուսում այս զարգացումները:

Հետաքրքիր զուգադիպությամբ Բելառուսում հեղաշրջման մասին այս լուրերի և ձերբակալությունների մասին տեղեկություններին զուգահեռ, տեղեկատվություն տարածվեց նաև այն մասին, որ Չեխիան իր երկրից արտաքսում է 18 ռուս դիվանագետների՝ կապված 2014 թվականին Վրբետիցե ավանում գտնվող զինապահեստներում տեղի ունեցած պայթյուններին հնարավոր առնչության հետ: Չեխիայի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Համաչեկը սրա հետ կապված հայտարարեց, որ որպես Չեխիայի արտգործնախարար որոշել է «արտաքսել Պրահայում Ռուսաստանի դեսպանության այն բոլոր աշխատակիցներին, որոնց հստակորեն նույնականացրել ենք որպես Գլխավոր հետախուզական վարչության և Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների»:

Յոթ տարվա վաղեմության դեպքի առթիվ նոր իրականացվող այս գործողություններն արդյոք պատահականությու՞ն են, թե՞ Արևմուտք-ՌԴ սրված հարաբերությունների հերթական դրսևորումը: Ի դեպ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ևս պատահական չի համարել այս իրադարձությունների զուգահեռումը՝ կարծիք հայտնելով, որ Չեխիայի այս քայլով Արևմուտքը Բելառուսում պլանավորված գործողությունների մասին ինֆորմացիայից ուշադրություն շեղելու նպատակ է հետապնդում:

Անշուշտ, Բելառուսում պլանավորված հեղաշրջման շուրջ զարգացումները, Չեխիա-ՌԴ լարվածությունը և հետագա քայլերը, այս ամենին գումարած նաև՝ իրադաձություններն Ուկրաինայում, դեռ կունենան իրենց զարգացումները և նոր բացահայտումներ երևան կհանեն: Բայց այն, որ սրանք բոլորը, ուղղակի կամ անուղղակի կերպով, ավելի ու ավելի են սրում ՌԴ-Արևմուտք, և հատկապես՝ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները, կարծես թե, աներկբա է:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.10.2024
       
    07.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: