ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի վարչապետի՝ Թուրքիա կատարած այցը տարածաշրջանային վերադասավորումների համատեքստում

Կար ժամանակ, երբ Հայաստանը վարում էր հավասարակշռված քաղաքականություն իր արտաքին հարաբերություններում:  Հայաստանին հաջողվել էր իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա: Բավականին հաջող համագործակցություն էր ծավալվում ինչպես ուժային կենտրոնների, այնպես էլ հարևան երկրների հետ: Իր «և´…և´»-ի հաջողված քաղաքականությամբ Հայաստանը միջազգային հանրության կողմից ընկալվում էր որպես մի երկիր, որը կարող էր նախադեպ ծառայել այլ երկրների համար, որն  օրինակ կարող էր ծառայել, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ միաժամանակ և զարգացնել համագործակցությունը տարբեր վեկտորների հարող  հարևանների հետ:

Սակայն 2018թ.-ից սկսած այդ հավասարակշռված քաղաքականությունը բավական մեծ տեմպերով ամբողջությամբ տապալվեց:  Ներկայիս իշխանությունները ձեռքբերվածը պահպանելու փոխարեն հետևողականորեն արեցին ամեն հնարավորը այն կորցնելու ուղղությամբ: Ոչ ադեկվատ արտաքին քաղաքականության պատճառով ներկայումս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը բացակա է ոչ միայն տարածաշրջանից, այլ ամբողջ աշխարհից:

Այս համատեքստում է տեղավորվում օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կատարած այցը Թուրքիա: Այն, որ երկու երկրները համագործակցում են տարբեր ոլորտներում և ոչ միայն առևտրատնտեսական, այլ նաև ռազմական, ոչ մեկի համար գաղտնիք չէ:  Սակայն Ղարիբաշվիլիի այս այցի առանձնահատկությունն այլ հարցում էր կայանում: Փաշինյանի ոչ հայանպաստ գործունեության հետևանքով, որը հանգեցրեց կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրմանը, ներկայումս տարածաշրջանում նոր վերադասավորումներ են տեղի ունենում կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման կոնտեքստում,  և տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր նոր վերադիրքավորման փորձ է կատարում: Հետաքրքրականը սակայն այն է, որ անգամ այդ հարցում է Հայաստանը բացակա:

Այլ կերպ ասած, իրականում այցը Հայաստանի տապալված արտաքին քաղաքականության վառ ապացույցներից մեկն էր: Ուշագրավն այն է, որ թվում է, թե կա Հայաստան պետություն, որին կարելի է միջանկյալ անդրադառնալ, պետության շուրջ ինչ-ինչ քննարկումներ անել՝ այն էլ հպանցիկ և կարևորություն չտալով վերջինիս հետ կապված հարցերին, ստվերել նրա գոյության փաստը և առաջ անցնելով անդրադառնալ տարածաշրջանի «հիմնական ու կարևոր» խաղացողներին առնչվող թեմաներին:

Անգամ այն հարցերում, որտեղ կա Հայաստանին հպանցիկ անդրադարձ, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահի կողմից առ այն, որ «Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության բանալի և պատրաստ է աջակցել ցանկացած եռակողմ ձևաչափի, այդ թվում` Վրաստան-Ադրբեջան-Հայաստան», անգամ այդտեղ է Հայաստանը բացակա, քանի որ մինչ օրս վերջինիս կողմից չկա Էրդողանի հայտարարության վերաբերյալ որևէ արձագանք: Չկա, որովհետև երկրի ղեկավարը հասցրել է այն կետին, որ Հայաստանը չունի արտգործնախարար և անգամ արտգործնախարարի մամուլի քարտուղար, իսկ ինքն անձամբ իր՝ իշխանության մնալն ավելի կարևորելով, զբաղված է իր վերարտադրությունն ապահովելու շրջագայություններով:

Տարածաշրջանը եռում է, սակայն Հայաստանը շարունակում է բացակա մնալ…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: