Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը նշել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր օլիմպիականներին՝ Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում ներկայացնելու համար: Եվ նաև ուզում եմ շնորհավորել մեր մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով: Այս օլիմպիադայում մենք ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, կարծում եմ, մեր մասնակցությունից դժգոհ չենք: Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձևով ներկայանալ: Իհարկե, որոշ դեպքերում մեզ շատ քիչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար: Բայց կարծում եմ, որ մեր մարզիկները և մեր հավաքականը պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում:
Հիմա ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին. կարծում եմ, որ մենք, օլիմպիադայում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար, պիտի անենք հետևյալը՝ այսօր շատ արագ ամփոփենք արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները և միանգամից պատրաստվենք հաջորդ օլիմպիադային: Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձևավորի հաջորդ օլիմպիադային ընդառաջ մեր անելիքները որոշելու և այդ անելիքներն իրագործելու համար: Սա, կարծում եմ, ընդհանրապես պետք է մեր գործելակերպը լինի: Այն, ինչ մենք անում ենք այսօր, պետք է նպատակաուղղված լինի միջնաժամկետ հեռանկարին, որովհետև գործողության արդյունավետությունը ցույց տալու համար որոշակի ժամանակ է պահանջում: Պետք է ֆեդերացիաների, մեր մարզիկների հետ համակարգված աշխատենք և գնանք առաջ:
Կարծում եմ, ընդհանուր առմամբ, նաև մեր օրակարգում է, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար: Որովհետև գործնականում այսօր ունենք պրոֆեսիոնալ սպորտ, բայց զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով: Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում և առաջիկայում կսկսենք իրագործել: Եվ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարևոր է:
Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել և կուզենայի նաև լսել ձեզ, թե ինչ տպավորություններով եք եկել և ինչ վերլուծություններ ու հետևություններ եք արել, ինչ առաջարկներ ունեք, որ մենք կարող ենք իրագործել»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցում էր մեր հավաքականը, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է: Նա անդրադարձել է արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ մրցավարական, որոնք պետք է քննարկել և հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչպես հակազդել դրանց:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև աշխատանքի բաժանում կատարելու և համատեղ ջանքերով առաջ գնալու առումով: «Պարոն վարչապետ, Օլիմպիական կոմիտեն էլ է պատրաստակամ քննարկել և հասկանալ, թե Կառավարությունն ինչ է անում, ՀԱՕԿ-ն ինչով է աջակցում: Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք է համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները և այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտից ոչ թե 2, 3 կամ 1 մարզիկ մասնակցի, այլ, օրինակ, 6, բռնցքամարտից՝ 8, որովհետև արդեն պայմաններն ստեղծված կլինեն», - նշել է ՀԱՕԿ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է հետևություններ անել և այսօրվանից ևեթ կենտրոնանալ հետագա անելիքների վրա: «Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք և մեր դրած նշաձողերից հետ չգնանք», - ընդգծել է երկրի վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԿԳՄՍ, ՀԱՕԿ և մարզական ֆեդերացիաների միջև մշտական հետադարձ կապը:
Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են Օլիմպիական խաղերում արձանագրած արդյունքներին, շնորհակալություն հայտնել Կառավարությանը և վարչապետին աջակցության համար և նշել, որ արվել է առավելագույնը՝ Հայաստանի Հանրապետությունը Օլիմպիական խաղերին հավուր պատշաճ ներկայացնելու համար:
Վարչապետ Փաշինյանի նշած համատեքստում քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել է տեղեկատվություն ներկա դրությամբ հայտնի մարզիկների անվան մարզադպրոցների կառուցման ընթացքի, մարմնամարզության, հրաձգության, ոլորտների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի, մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ վարչապետ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ընթացքի մեջ է նաև Զինված ուժերում սպորտային վաշտի վերաբացման հարցը:
Վարչապետի հանձնարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ԿԳՄՍ, ՀԱՕԿ և ազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել և քննարկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով անելիքները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 13%
Քամի՝ 2,06 կմ/ժ