ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրանեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։ ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն: Բանաձևը ողջունում է ԵՄ աջակցությունը ականազերծման մարդասիրական ջանքերին, շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրները պիտի լուծվեն՝ ապահովելով տևական խաղաղություն տարածաշրջանում։

Արման Եղոյանը նաև ներկայացրել է քննարկումներից մեկի ժամանակ իր ելույթը.

«Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու: Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն:

Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «հարգելի գործընկերներ ինչու՞ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով խորհրդարանական վեհաժողովը նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին: Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյոք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։

Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը: Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են՝ դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը: Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞:

Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը:

Վերջապես, նրանք խոսում են Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները: Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար:

Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: