ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանը բոլոր ճակատներում պատերազմ է հայտարարել քրդերին

Վերջին 20 օրերի ընթացքում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները պատճառ դարձան խոսելու Թուրքիայի տարածաշրջանային նոր ռազմավարության մասին: Փաստ է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո Թուրքիան գործում է որպես «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ակտիվ անդամ: Անհասկանալի է, սակայն, թե որն է այս իրադարձությունների ֆոնին բոլոր ճակատներում քրդերի հանդեպ քաղաքականության կտրուկ փոփոխության պատճառը:

Թուրքական իշխանությունները 2013 թվականից հայտարարում էին, որ վճռական են տրամադրված Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) հետ սկսած խաղաղ գործընթացը վերջնական ավարտին հասցնելու համար: Իսկ հիմա ակտիվ հարվածներ են հասցնում PKK-ի դիրքերին ինչպես Թուրքիայում, այնպես էլ հյուսիսային Իրաքում` հայտարարելով, որ մտադիր են պայքարել բոլոր ահաբեկչական տարրերի դեմ: «Թուրքական նպատակակետերի վրա շարունակվող հարձակումների համապատկերին Անկարան չի կարող շարունակել քրդական խաղաղ գործընթացը: Անհնար է շարունակել այս գործընթացը նրանց հետ, ովքեր սպառնում են մեր ազգային միասնությանն ու եղբայրությանը»,- հայտարարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մատնանշելով թուրքական անվտանգության ուժերի և մի շարք կառույցների վրա վերջին օրերին տեղի ունեցած հարձակումները:

Իշխանությունները մեղադրում են նաև խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ձայների 13%-ը ստացած քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը PKK-ի հետ համագործակցելու մեջ: Որոշ լրատվամիջոցներ անգամ գրում են, որ Էրդողանը կարող է արգելել այս կուսակցության գործունեությունը: Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունը, սակայն, հերքում է PKK-ի հետ կապեր ունենալու մեղադրանքները:

Մյուս կողմից՝ Թուրքիան շարունակում է քայլեր ձեռնարկել Սիրիայի հետ սահմանի վրա «անվտանգության գոտի» ստեղծելու համար` հայտարարելով, թե այս հարցում համաձայնության է եկել Միացյալ Նահանգների հետ: Այս տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատվել ԱՄՆ-ի կողմից: Թեև Թուրքիան հայտարարում է̦ որ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտու ստեղծման նպատակը տարածքը ԻՊ-ից մաքրելն է, ակնհայտ է, որ թուրքական գործողություններն ուղղված են նաև այս շրջանները վերահսկող սիրիական քրդական ուժերի դեմ: Վերջիններս հաստատել են, որ Թուրքիան հարվածներ է հասցնում նաև իրենց դիրքերին:

Թուրքական ղեկավարության վերոնշյալ գործողությունների արդյունքում սրվել են Թուրքիայի հարաբերությունները Իրաքյան Քրդստանի հետ̦ որի հետ վերջին տարիներին թուրքական ղեկավարությունն ակտիվորեն համագործակցում էր հատկապես էներգետիկ ոլորտում: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին կոչ է արել թուրքական իշխանություններին և PKK-ին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ նշելով, որ խաղաղ գործընթացը չի կարելի դադարեցնել:

Իհարկե, այս ամենը տեղի է ունենում միջազգային ուժերի թողտվության պայմաններում: Միացյալ Նահանգները, Գերմանիան, ՆԱՏՕ-ն և այլ ուժեր, կոչ անելով Թուրքիային չդադարեցնել քրդերի հետ խաղաղ գործընթացը, հայտարարում են, որ «Թուրքիան պաշտպանվելու և ահաբեկչության դեմ պայքարելու իրավունք ունի»: Սա պատճառ է հանդիսացել պնդելու, որ միջազգային ուժերը կրկին դավաճանում են քրդերին, ովքեր զգալի դերակատարում են ունեցել ԻՊ-ի դեմ պայքարում:

Ի վերջո, ո՞րն է թուրքական ղեկավարության գործողությունների նպատակը: Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ քրդերի դեմ արշավը ներքին քաղաքական դրդապատճառներ ունի: Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Արդարություն և զարգացում կուսակցությունը կորցրեց իր խորհրդարանական մեծամասնությունը, մինչդեռ քրդական Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունն առաջին անգամ կարողացավ հաղթահարել 10%-անոց շեմը: Եվ քանի որ ԱԶԿ-ն չի ցանկանում համապատասխան փոխզիջումների գնալ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար, գերադասում է նոր ընտրություններ անցկացնել: ԻՊ-ից բխող սպառնալիքի ֆոնին օգտվելով PKK-ին հարվածելու և հակաքրդական տրամադրությունները բորբոքելու ընձեռված հնարավորությունից` ԱԶԿ-ն ցանկանում է նոր ընտրություններ անցկացնել` հուսալով, որ այս անգամ կհաջողվի ստանալ նաև ազգայնական թևի ձայները, իսկ քրդական կուսակցությունը չի կարողանա խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ ձայներ հավաքել: Այս ամենի արդյունքում ԱԶԿ-ն կկարողանա ավարտին հասցնել նոր Սահմանադրություն ընդունելու իր վաղեմի ծրագիրը:

Մյուս կողմից՝ թուրքական իշխող վարչակազմը փորձում է վերականգնել իր ռազմավարական գերակայությունը և ազդակ հաղորդել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Սիրիայի, Իրաքի քրդերին այն մասին, որ մտադիր չէ հաշտվել տարածաշրջանում քրդական պետություն ստեղծելու նրանց մտադրության հետ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Իրաքում քրդերն արդեն ինքնավարություն ունեն, Սիրիայում պատերազմի արդյունքում զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը, արդեն մի շարք շրջաններ են վերահսկում, և սրան գումարենք այն փաստը, որ Թուրքիայում ավելի քան 15 միլիոն քուրդ է բնակվում, որոնք ևս քրդական պետություն ստեղծելու տեսլական ունեն, ապա այս վարկածը բավական իրատեսական է թվում:

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: