ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քրդերի դեմ արշավը Թուրքիային 55 միլիարդ դոլար է արժեցել

Թուրքական իշխանությունները շարունակում են հարված հասցնել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին: Ի պատասխան դրա՝ քուրդ զինյալները հարձակումներ են կազմակերպում անվտանգության ուժերի և ռազմավական նշանակություն ունեցող կառույցների վրա։ Թուրքական Anadolu գործակալության տվյալներով ավիահարվածների 2 շաբաթների ընթացքում PKK-ի 390 զինյալ է սպանվել, ևս 400-ը` վիրավորվել։ Սպանվածների թվում PKK-ի 4 ղեկավարներ կան և ավելի քան 30 կին։ Միաժամանակ PKK-ի հարձակումների հետևանքով Թուրքիայում ավելի քան 20 անվտանգության աշխատակից է սպանվել։

Բացի մարդկային կորուստներից, քրդերի դեմ սկսված արշավը նաև զգալի ֆինանսական և տնտեսական կորուստներ է պատճառում Թուրքիային։ 2013 թվականին, երբ սկսվեց խաղաղ բանակցությունների գործընթացը, թուրքական իշխանությունները վստահեցնում էին հասարակությանը, որ PKK-ի հետ առճակատման պատճառով երկիրը զգալի տնտեսական կորուստներ է կրում, հետևաբար, խաղաղ գործընթացը նաև տնտեսական առավելություններ ունի: Ինչպես նշում է Al-Monitor-ը, այն ժամանակ երկրի Էկոնոմիկայի նախարարությունն անգամ զեկույց հրապարակեց, որի համաձայն 1986-2012 թվականներին (քուրդ զինյալների և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև ակտիվ բախումների շրջան) Թուրքիայի տնտեսական կորուստը գնահատվում էր 1.2 տրիլիոն ԱՄՆ դոլար։ Կարճ ասած, Արդարություն և զարգացում կուսակցությունը փորձում էր հասարակությանը ներկայացնել, որ քրդական խնդիրը մեծ բեռ է թուրքական տնտեսության համար։

Իսկ այսօր Էրդողանը պատրաստ է ռիսկի դիմել և բախվել անգամ ամենավատ տնտեսական հետևանքներին, միայն թե պաշտպանի իր քաղաքական շահերը:

Քաղաքական անկայունության և ահաբեկչությունների ֆոնի վրա մեծապես տուժել է զբոսաշրջության ոլորտը, որի ներկայացուցիչները հաղորդում են ահռելի անկման մասին։ Հյուրանոցների տերերը ահազանգում են, որ մինչև տարվա վերջ զբոսաշրջային ոլորտի կորուստը կազմելու է առնվազն 5 միլիարդ դոլար։ Բազմաթիվ երկրներ, այդ թվում Իրանը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, կոչ են արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա մեկնելուց կամ խուսափել Թուրքիայում ցամաքային տրանսպորտային միջոցներից օգտվելուց։ Զբոսաշրջիկներին նաև կոչ են անում չլքել զբոսաշրջային գոտիները։ Նշենք նաև, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռևս նման հայտարարությամբ հանդես չի եկել։

Ինչպես գրում է Al-Monitor-ը, PKK-ի դեմ հարձակումներից հետո թուրքական արժույթը ևս անկում է գրանցել, իսկ Ստամբուլի ֆոնդային բորսայի անկումը տագնապալի մակարդակի է հասել: Արտահանումը ևս ծանր կացության մեջ է, ինչն առանց այն էլ տուժել էր Սիրիայում և Իրաքում շարունակվող պատերազմների պատճառով։ Զգալի վնասներ է կրում նաև առևտրի ոլորտը։ Մարդիկ խուսափում են առևտրային կենտրոններ հաճախելուց` հետևելով ոստիկանության նախազգուշացումներին այն մասին, որ մարդաշատ վայրերում կարող են ահաբեկչություններ իրականացվել։

Ընդհանուր առմամբ հուլիսի 20-ից հետո քրդերի դեմ թուրքական իշխանությունների սկսած արշավը պետությանը 55 միլիարդ ԱՄՆ դոլար է արժեցել: Մասնագետները կանխատեսում են, որ այս թիվը մեծանալու է այնքան ժամանակ, քանի դեռ ճգնաժամը շարունակում է խորանալ: Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար Թուրքիային ևս 215 միլիոն ԱՄՆ դոլար է պետք լինելու։

Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, Էրդողանը մտադիր  է շարունակել իր գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի «պատժել բոլոր քրդերին»:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.11.2024
       
    28.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: