ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչու՞ է պետք հրաժարվել «ԼՂ հակամարտություն» տերմինից

Ցանկացած հակամարտության վերաբերյալ բառակազմի օգտագործումն ունի իր նրբությունները և այս կամ այն տերմինի օգտագործումն արտահայտում է հստակ դիրքորոշում: «Արմեդիա» ՏՎԳ-ն արդեն իսկ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը վերբերող մի շարք տերմինների կիրառմանը: Ստորև կանդրադառնանք հակամարտության սխալ անվանման հետ կապված բավական հաճախ հանդիպող խնդրին:

Միջազգային կազմակերպությունների, միջնորդների և այլ երկրների ներկայացուցիչների կողմից օգտագործվում է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» կամ «ԼՂ հակամարտություն» անվանումը: Սա դիտարկվում է, որպես առավել չեզոք անվանում՝ արտահայտող հակամարտության առարկա հանդիսացող տարածքի անվանումը: Ադրբեջանական կողմը փորձում է շրջանառության մեջ դնել «Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների շուրջ հակամարտություն» անվանումը՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղի՝ նախկին ԼՂԻՄ տարածքի և ազատագրված յոթ շրջանների տարանջատումը, որպես հակամարտության երկու առանձին օբյեկտներ:

Հայկական կողմերի համար հակամարտության առավել ընդունելի և կոռեկտ անվանումը «Ղարաբաղյան կամ Արցախյան հակամարտություն» տերմինն է: Հակամարտության առարկան նախկին ԼՂԻՄ տարածքը չէ, և ոչ էլ առանձին ազատագրված յոթ շրջանները: Տարածքային երկու այդ միավորներն այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն են, և դրանց միջև տարանջատում դնելը մեզ համար ընդունելի չէ: Տարածքային խնդիրները հակամարտության կարգավորման ընդհանուր փաթեթի մաս են, որոնք չեն կարող դիտարկվել միմյանցից անջատ: Ուստի, առավել կոռեկտ է հակամարտությունն անվանել ընդհանրական անունով՝ առանց տարածքային հստակ տարանջատման:

Հայկական մամուլում հանդիպող մեկ այլ ոչ կոռեկտ տերմին է «ԼՂՀ հակամարտությունը»: ԼՂՀ-ն հանրապետության անվանումն է, որը հակամարտության կողմ է, բայց ոչ հակամարտության առարկա: Ուստի, հակամարտությունը չի կարող կրել հանրապետության անունը:

Հակամարտության անվան հետ կապված մյուս խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև (տարածքային) պայքար Ղարաբաղի համար և այն անվանում է «հայ-ադրբեջանական հակամարտություն»: Իրականում հակամարտության կողմերն են ԼՂՀ-ն ու Ադրբեջանը, ուստի այս ձևակերպման ներքո գերադասելի է «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտություն» տերմինի կիրառումը: 

Այսպիսով, խորհուրդ է տրվում օգտագործել «Ղարաբաղյան հակամարտություն» տերմինը: Իսկ այն մեծատառ կամ փոքրատառ գրելը բավական վիճելի հարց է, լեզվաբանների հավաստմամբ, քանի որ այն լեզվի մեջ կարծրացել է, որպես հակամարտության անվանում, առավել ցանկալի է այն գրել մեծատառ՝ Ղարաբաղյան հակամարտություն:  

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: