ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վերջին զանգն աշխարհի տարբեր անկյուններում

homewetbar.com

Այսօր՝ մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցներում  հնչում է Վերջին զանգը: Ինչպես գիտենք, մեր շրջանավարտները, որպես կանոն, շատ վաղ են սկսում պատրաստվել այդ գեղեցիկ առիթին, առավոտյան դպրոցներում ներկայացնում են իրենց ավարտական հանդես-ծրագրերը, իսկ երեկոյան որևէ միջոցառում են կազմակերպում՝ նշելու կյանքի այդ փուլի ավարտն ու հրաժեշտ տալու ուսուցիչներին, դասընկերներին…

Սակայն, միևնույն ժամանակ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես են նշում այս նույն տոնը այլ երկրներում: Վերջին զանգին նվիրված ի՞նչ յուրահատուկ միջացառումներ են կազմակերպում այլ երկրներում և սովորաբար ի՞նչ տեսք են այդ օրն ունենում օտարերկրյա շրջանավարտները:

Եվ այսպես, սկսենք Եվրոպական երկրներից: Ֆրանսիայում ավարտական երեկույթներ անցկացնել ընդունված չէ, քանի որ ավագ դասարաններում աշակերտներն ամեն տարի փոխվում են: Սակայն, որոշ դպրոցներում վերջին զանգից հարյուր օր առաջ կարելի է բաց թողնել դասերն ու մի լավ տոնակատարություն կազմակերպել: Իսկ ահա Շվեդիայում, օրինակ, տոնակատարությունը սկսվում է հենց վաղ առավոտից: Շրջանավարտները նախաճաշելիս պարտադիր խմում են շամպայն և համտեսնում ելակ: Բոլորը կրում են սպիտակ գլխարկներ, որոնց վրա իրենց մտերիմները ցանկության դեպքում ստորագրում են: Դպրոցից դուրս գալուց հետո գլխակները բոլորով միասին նետում են օդ: Նորվեգիայում  Վերջին զանգի համար անհրաժեշտ է պատրաստել զվարճալի կոստյումներ և հանդերձանքներ: Մայիսի մեկի գիշերը համադասարանցիները գրություններ են թողնում կոստյումների վրա: Արարողակարգի հաջորդ մասը «մկրտությունն» է: Հատուկ վայրում բոլոր շրջանավարտներն իրենց կողմից պատրաստված խմիչքներ պետք է տանեն և խմեն «կնքահոր» հետ: Դպրոցի ավարտական տոնակատարությունը սկսվում է քաղաքի կենտրոնում և տևում է 17 օր: Լեհաստանում  Վերջին զանգ հասկացություն գոյություն չունի: Այստեղ տոնում են stodniowka: Դա յուրատեսակ պարահանդես է, որ շրջանավարտները կազմակերպում են դպրոցն ավարտելուց ուղիղ 100 օր առաջ: ուշագրավ է, որ պարահանդեսի առաջին պարը սկսում են դպրոցի տնօրենն ու շրջանավարտներից մեկը: Շոտլանդիայում ևս Վերջին զանգը չեն նշում, քանի որ շրջանավարտների մեծ մասն այստեղ, որպես կանոն,  տապալում  են ավարտական քննությունները: Սակայն, ովքեր չեն ցանկանում զրկել իրենց զվարճանքից, տարբեր երեկույթներ են կազմակերպում:

Այժմ անցում կատարենք Ամերիկայի  Միացյալ Նահանգներ: Այստեղ Վերջին զանգի արարողությունը  շատ լուրջ բնույթ է կրում: Պատանի տղաները պարտադիր վարձակալում են նոր ու թանկարժեք կոստյումներ և լիմուզինններ, իսկ աղջիկները հագնում են միմիայն երեկոյան զգեստներ: Տոնակատարությանը խստիվ արգելվում է ալկոհոլային ցանկացած խմիչք: Կուբայում Վերջին զանգը կարելի է պաշտոնական արարողություն համարել: Տնօրենը հանձնում է ավարտական վկայականները և ճառեր է կարդում: Պաշտոնական մասից հետո շրջանավարտները գնում են լողափ և զվարճանում մինչ առավոտ:

Իսկ ահա Չինաստանում արդեն ամեն ինչ այլ է: Վերջին զանգի տոնակատարություններից հետո չինացիները ստիպված են լինում երկար ժամանակ մաքրել իրենց քաղաքները, քանի  որ այնտեղ ընդունված է Վերջին զանգի օրը պատուհանից նետել ցանկացած բան, ինչը կհիշեցնի դպրոցը`տետրեր, գրքեր և այլն: 

Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերջին զանգը լինում է նոյեմբեր ամսին: Այնտեղ ընդունված է ներկա լինել արարողությանը բոլոր բարեկամներով ու կրել հիմնականում էթնիկ հագուստներ: 

Դե ինչ, շնորհավորում ենք մեր հայ և աշխարհի բոլոր մյուս շրջանավարտներին՝ մաղթելով նրանց կյանքի նոր՝ էլ ավելի գեղեցիկ ու հարուստ շրջափուլ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: