ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի դեմ ուղղված Էրդողանի «պատժիչ» քայլերից առաջին հերթին կտուժի Թուրքիան

Գերմանիայի խորհրդարանն այսօր մեկ դեմ և մեկ ձեռնպահ ձայնով ընդունեց «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման» բանաձևը:  Բանաձևի ընդունումից ժամեր չանցած՝ Թուրքիան դիմեց նախկինում այլ երկրների հանդեպ բազմիցս կիրառած իր ավանդական քայլին և Բեռլինից հետ կանչեց  երկրի արտակարգ և լիազոր դեսպանին: Թուրքական մամուլը սա բնութագրեց «որպես առաջին պատասխան քայլ»՝ ակնարկելով, որ կլինեն նաև այլ քայլեր:

Հաշվի առնելով Թուրքիայի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցրած սպառնալիքները՝ Գերմանիայի դեմ Թուրքիայի հնարավոր ազդեցության լծակների շարքում կարող ենք առանձնացնել մի քանի գործոն. առաջին՝ Թուրքիա-Գերմանիա ոլորտային՝  օրինակ տնտեսական  համագործակցությունը, երկրորդ՝   Գերմանիայում ապրող  թուրք  բնակիչներին, և վերջապես երրորդ՝ Թուրքիա-ԵՄ միգրացիոն «գործարքը»:

Արդո՞ք դրանք մտահոգության տեղիք պետք է տան Գերմանիային կամ Եվրոպային, իհարկե ո՛չ: Անդրադառնանք նշված ազդեցության լծակներին առանձին-առանձին: Նախ տնտեսական գործոնի շահարկման դեպքում կտուժի ոչ միայն Գերմանիան, այլ նաև հենց ինքը՝ Թուրքիան: Ավելին՝ թուքրական տնտեսության վնասներն, ամենայն հավանականությամբ, կլինեն ավելի լուրջ: Ասվածի բավական նման օրինակ է ռուս-թուրքական հարաբերությունների վերջի լարումը և տնտեսական էմբարգոների հետևանքները: 

Եթե Թուրքիան փորձի Գերմանիայի դեմ որպես լծակ օգտագործել Գերմանիայում ապրող թուրքական համայնքին, ապա պարզապես կուժեղացնի ԵՄ կողմից Թուրքիային ազատ վիզային ռեժիմ տրամադրելուն ընդդիմացող շրջանակների դիրքերը: Բացի այդ, դա կազդի նաև Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացի վրա՝ դանդաղացնելով այն: 

Վերջապես, ինչ վերաբերում է երրորդ հնարավոր լծակին, այն է՝ Թուրքիայի կողմից փախստականների հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների հնարավոր շահարկումը, պետք է նախևառաջ արձանագրել մի քանի հանգամանք: Նախ մինչ օրս Թուրքիան պարտաճանաչ ձևով չի էլ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչի հետ կապված պարբերաբար իրենց դժգոհությունն են հայտնել թե՛ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ եվրոպական առանձին երկրների ղեկավարները: Բացի այդ, Թուրքիայի նման ոչ այդքան «կայուն» գործընկերոջ հետ նման պայմանավորվածությունների գնալիս, հազիվ թե նույն ԵՄ պաշտոնյաները հաշվարկած չլինեն սցենարային տարբեր հնարավոր զարգացումների հավանականությունը: 

Ամփոփելով, մնում է փաստել, որ արդեն իսկ դրական է այն հանգամանքը, որ Գերմանիան, տուրք չտալով Թուրքիայի սպառնալիքներին,  ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը խոսում է գերմանական ժողովրդի և նրա քաղաքական ղեկավարության բարձր գիտակցության մասին: Ինչ վերաբերում է թուրքական կողմին, ապա ստեղծված իրավիճակում Էրդողանը ցանկացած «պատժիչ» քայլի գնալուց առաջ պետք է երկար խորհի դրա հնարավոր դրական ու բացասական հետևանքների մասին, հակառակ դեպքում՝ թուրք ժողովուրդը հերթական անգամ իր մաշկի վրա կզգա անհեռատես առաջնորդի սխալների ազդեցությունը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: