ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կենտրոնական Ասիան Քարիմովից հետո

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո տարբեր կարծիքներ են հնչում, թե նրանից հետո ինչ է սպասվում այդ երկրին և ընդհանրապես՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին:

Օրինակ, The Times-ը հանդես է եկել «Մղձավանջը Տաշքենդում» վերնագրով հոդվածով, որտեղ պահանջում է արևմտյան երկրների իշխանություններից «առիթը բաց չթողնել և Տաշքենդին կասկածներ չթողնել այն մասին, թե ում կողմն է պատմությունը»: Քարիմովի ռեժիմի քննադատությամբ են հանդես եկել նաև The Economist և Der Standard թերթերը:

Հիշեցնենք, որ Իսլամ Քարիմովը երկար տարիներ վարում էր բավականին կշռադատված «բազմավեկտոր» արտաքին քաղաքականություն՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի հետ: Սակայն, Քարիմովն արդեն չկա, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն էլ վերջին մի քանի տարիներին արմատապես փոխվել է: Երկրի տնտեսական վիճակն այնքան էլ փայլուն չէ, և չի կարելի բացառել, որ նոր նախագահը կարող է հայացքն ուղղել դեպի Եվրասիական տնտեսական միություն և ՀԱՊԿ: Իսկ եթե դա տեղի չունենա և Տաշքենդի քաղաքականությունը մնա «բազմավեկտոր», Արևմուտքում կփորձեն օգտագործել Ուզբեկստանին՝ Ռուսաստանին և նրա դաշնակիցներին ապակայունացնելու համար: Ուզբեկստանի աշխարհագրական դիրքը դրա համար իդեալական է. այն սահմանակից է Աֆղանստանի և միջինասիական բոլոր հանրապետությունների հետ:

Ի դեպ, Աֆղանստանում լուրջ թափ է հավաքում Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը, և վերջին երկու տարում կտրուկ աճել է Աֆղանստանի և Միջին Ասիայի հանրապետությունների հետ սահմանային միջադեպերի թիվը: Ավելին՝ ուզբեկստանցի իսլամիստները ԻՊ-ի կազմում կռվում են Սիրիայում և Իրաքում, և եթե նրանց առաջարկեն իրենց հայրենիքում զբաղվել խալիֆաթի գաղափարախոսության տարածմամբ, նրանք չեն հրաժարվի:

Հատկանշական է, որ Քարիմովը կարողանում էր պահպանել իր երկիրը չափազանց դժվար պայմաններում: Նա ստիպված ուժ կիրառեց Անդիժանում ապստամբության ժամանակ, կոշտ ձևով պայքարում էր արմատականների դեմ, թույլ չտվեց, որ երկրում ահաբեկչության օջախ հայտնվի: Ներքին քաղաքականությունում Քարիմովը Նազարբաև չդարձավ, չէր պատրաստվում քաղաքացիական հասարակություն կառուցել՝ բարդ իրավիճակից ելնելով: Ուզբեկստանի համար կայուն են միայն ղազախական և թուրքմենական սահմանները, մինչդեռ հարավում Աֆղանստանն է, իսկ արևելքում՝ անընդհատ եռացող Տաջիկստանն իր անկանխատեսելի նախագահի հետ:

Ուզբեկստանի նոր իշխանությունների հիմնական խնդիրներից պետք է դառնա հարաբերությունների կարգավորումը հարևանների, առաջին հերթին՝ Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Դա այժմ ավելի հեշտ կլինի, մինչդեռ Քարիմովի հարաբերությունները երկու երկրների ղեկավարության հետ շատ բարդ էին: Հարկավոր է լուծել գետերի ջրերի բաշխման հարցը, սահմանային խնդիրները՝ կապված բազմաթիվ էթնիկական անկլավների առկայության հետ:

Չնայած Քարիմովը մեկուսացման քաղաքականություն էր վարում՝ հենվելով ներքին ռեսուրսների վրա, չմասնակցելով բազմակողմ միջազգային համագործակցությանը, սակայն այժմ՝ արտաքին սպառնալիքների կտրուկ սրման ժամանակաշրջանում, նման ռազմավարությունն այլևս չի աշխատի:

Ուզբեկստանը գտնվելով Կենտրոնական Ասիայի աշխարհագրական կենտրոնում իր վրա է սևեռում մի շարք խոշոր խաղացողների ուշադրությունը, որոնցից կարելի է առանձնացնել Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային:

Ռուսաստանին հարկավոր է կայուն Ուզբեկստան, հակառակ դեպքում՝ Մոսկվան կկանգնի այդտեղից փախստականների մեծ հոսքի, տնտեսական կապերի խզման, եվրասիական ինտեգրացիայի գործընթացի դադարեցման առջև:

Չինաստանին ևս կայուն Ուզբեկստան է հարկավոր, քանի որ այս երկրի տարածքով ոչ միայն անցնում են թուրքմենական նավթն ու գազը, այլև Միջին Ասիան Նոր մետաքսի ճանապարհի կարևորագույն օղակն է:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Ուզբեկստանում իրավիճակի ապակայունացումը հնարավոր է անգամ ձեռնտու լինի, քանզի դա սպառնալիք կստեղծի Ռուսաստանի հարավում և կարող է բարդացնել իրավիճակը ՌԴ մուսուլմանական շրջաններում, ինչպես նաև շեղել Մոսկվայի ուշադրությունը եվրոպական ու մերձավորարևելյան գործերից:

Սաուդյան Արաբիան իր հերթին շահագրգռված է Միջին Ասիայի կտրուկ և արմատական իսլամացմամբ: Նա այստեղ լուրջ միջոցներ է ներդրել մզկիթների կառուցման, իսլամական դաստիարակության մեջ: Եթե Էր-Ռիադի իդեալիստները երազում են Մարոկկոյից Սիբիր իսլամական խալիֆաթի մասին, ապա իրատեսներն այս տարածաշրջանը դիտարկում են որպես հանքապաշարների պահեստ, նոր ճակատ Իրանի համար և Ռուսաստանին շանտաժի ենթարկելու միջոց: 

Ուզբեկստանի սահմանադրության համաձայն, նախագահի մահից հետո երեք ամսվա ընթացքում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Եվ նոր նախագահից է կախված, թե ինչպիսի ուղենիշ կընտրի երկիրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: