ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անկախության 25 տարիները. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ

ՀՀ անկախության հռչակումից կարճ ժամանակ անց՝ 1991 թվականի դեկտեմբերին, Թուրքիան պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վերջինիս հետ:

1993 թվականի ապրիլի 3-ին հայկական ուժերի կողմից Քարվաճառը (Քելբաջար) ազատագրելուց մեկ օր անց Թուրքիան փակեց նաև հայ-թուրքական սահմանը: ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում սահմանների բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման բոլոր առաջարկներին ի պատասխան Թուրքիան առաջ է քաշել իր նախապայմաններն՝ Ադրբեջանի «գրաված» տարածքների վերադարձ, Ցեղասպանության միջազգային ճանաչումից ու Թուրքիայից ունեցած պահանջներից հրաժարում և այլն: Սակայն, չնայած թուրքական կոշտ ու ապակառուցողական դիրքորոշմանը, այս 25 տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները տարբեր երանգավորումներ են ստացել, այդ թվում՝ ոչ միայն պաշտոնական մակարդակով: 

Ղարաբաղյան պատերազմը և դրան հաջորդած տարիները ավելի սրեցին հայ-թուրքական հարաբերությունները: 1994-2008 թվականներին տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ միջազգային գագաթաժողովների ու կոնֆերանսների ընթացքում, տեղի ունեցան տարբեր մակարդակով հայ-թուրքական շփումներ: Այդ ամբողջ ընթացքում ՀՀ և միջազգային հանրության՝ սահմանները բացելու կոչերին Թուրքիան նույն պատասխանն էր տալիս. «Անկարան կողմ է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, սակայն առաջին քայլը պիտի անի Հայաստանը՝ ի դեմս թուրքական և ադրբեջանական սահմանների անձեռնմխելիության ճանաչման»:

Երկկողմ հարաբերությունների ուսումնասիրման տեսանկյունից բացառիկ կառուցողական ու հետաքրքրական է 2008 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտություն» կոչված գործընթացը: Այդ գործընթացի շրջանակներում, Նախագահ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 6-ին Երևան ժամանեց Թուրքիայի նախագահ Ա. Գյուլը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Այս փաստը բավական մեծ արձագանք ստացավ միջազգային մամուլում՝ ընկալվելով որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման հիմնաքար: Գործընթացն իր գագաթնակետին հասավ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների նախաստորագրմամբ: Առանց նախապայմանների այս փաստաթղթերը, թեև շատ մեծ նշանակություն կարող էին ունենալ երկկողմ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, սակայն ոչ միանշանակ ընդունվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Թուրքիայի պարագայում ներքին դժգոհություններին գումարվեցին նաև ադրբեջանական ճնշումները: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ արձանագրությունների նախաստորագրումից կարճ ժամանակ անց Թուրքիան կրկին վերադարձավ իր նախկին հռետորաբանությանը՝ ամենաբարձր մակարդակով հայտարարելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար գոյություն ունեն նախապայմաններ՝ կապված Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ: Թուրքիան հրաժարվեց ողջամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու իր ստանձնած պարտավորությունից, ինչին ի պատասխան արդեն 2015-ին գործընթացից պաշտոնապես դուրս եկավ և հայկական կողմը՝ ՀՀ Նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելով: ՀՀ անկախության 25 տարիների ընթացքում սա թերևս միակ իրավիճակն էր, որ հարաբերությունների կարգավորման հարցում իրական հնարավորություններ էր ստեղծել և դրա տապալումը ստեղծում է տպավորություն, որ նման իրավիճակում մոտ ժամանակներս դժվար թե էական փոփոխություններ արձանագրվեն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին երկու կարևոր, առանցքային ու շատ ցավոտ խնդիր է ընկած՝ Ցեղասպանության միջազգային ճանաչում և Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծում: Բացի նրանից, որ Թուրքիան շարունակ օգտագործում է այս գործոնները որպես սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման, վերջինս նաև անընդհատ փորձում է միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ տարբեր փուլերում ակտիվացնելով իր այս նկրտումները: Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին բացահայտ դրսևորվում է թե՛ միջազգային կազմակերպություններում՝ հակահայկական  տարբեր բանաձևերի առաջքաշման և ընդունման հարցում, թե՛ ռազմական ասպարեզում՝ զորքով ու զինտեխնիկայով ադրբեջանական զինված ուժերին աջակցելու հարցում:

Այնուամենայնիվ, միջազգային հանրության ճնշումների ներքո Թուրքիան պարբերաբար «ցուցադրում է» իր «բարի կամքը» Հայաստանի հետ երկխոսության գնալու հարցում: Ասվածի վկայությունն է, օրինակ, 2010-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցումը, այնուհետև, մեկ ամիս անց՝ խաչի տեղադրումը եկեղեցու գմբեթին և այլն: Նման ակցիաները, որպես կանոն, Թուրքիայի կողմից ուղեկցվում են հզոր քարոզչական արշավով:

Սակայն, խոսելով անկախության 25 տարիների ընթացքում հայ-թուրքական հարաբերություններում տեղ գտած զարգացումների մասին, չենք կարող չանդրադառնալ երկու պետությունների հասարակությունների փոխհարաբերությունների դինամիկային: Այս տարիների ընթացքում ավելի ու ավելի են ակտիվացել հանրային մակարդակում շփումները՝ միջազգային տարբեր դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող համատեղ կոնֆերանսների, միջազգային ծրագրերի, փոխայցելությունների շնորհիվ: Թուրքական հասարակության մեջ ձևավորվել է մի զանգված, որ բացահայտ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստն ու իրողությունը և կոչ անում սեփական իշխանություններին առերեսվել պատմական ճշմարտությանը: Այդ ալիքը նոր թափ ստացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համատեքստում, որի շրջանակներում ամբողջ աշխարհն էր խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտության մասին: Ամեն դեպքում, չնայած այն հանգամանքին, որ թուրքական հասարակության այս առողջ հատվածը դեռ փոքրամասնություն է կազմում, սակայն նրանց առկայությունն արդեն իսկ դրական է: Դա ապացույցն է նրա, որ հանրային մակարդակում, հասարակությունների հետ տարվող աշխատանքը ևս բավական արդյունավետ կարող է լինել, իսկ երկարաժամկետ պլանավորման պարագայում՝ գուցե և իրավիճակ փոխել: Ամեն դեպքում, ներկայիս արտաքին քաղաքական իրողությունների պայմաններում, «հանրային դիվանագիտության» ձևաչափը դեռևս շարունակում է մնալ հայ-թուրքական հարաբերությունների համար թերևս ամենագործուն ձևաչափը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: