ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի և Քլինթոնի առաջին դեբատը. ինչի՞ մասին են բանավիճել թեկնածուները

Rick Wilking / EPA

Նյու Յորքում կայացել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի առաջին հրապարակային բանավեճը, որի հիմնական թեմաներ էին հայտարարվել «Բարգավաճման ուղին», «Ո՞ւր է գնում Ամերիկան» և «Ազգային անվտանգությունը»: Բանավեճի ժամանակ անդրադարձ է արվել տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ռասայական խնդիրներին, ոստիկանական բռնությանը, կիբեռանվտանգությանը, ահաբեկչության և «Իսլամական պետությանը»: Ըստ էության, արծարծվել են ընթացիկ նախընտրական քարոզարշավի ամենաառանցքային հարցերը: Սակայն, ինչպես և սպասվում էր, ընդդիմախոսներն ավելի շատ միմյանց մեղադրանքներ են ներկայացրել, քան խոսել իրենց նախընտրական ծրագրից: Մասնավորապես, Քլինթոնը նշել է, որ Թրամփն իր անհատական որակական հատկանիշներով պիտանի չէ նախագահի պաշտոնի համար: Քլինթոնը խոսել է նաև Թրամփի և նրա օգնականների՝ Ռուսաստանի հետ կապի մասին:

Իր հասցեին ուղղված մեղադրանքներին ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ քանզի պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին չհաջողվեց շտկել իրավիճակը երկրում, պետք է թույլ տալ դա անել գործարարներին՝ ընդգծելով իր բիզնես ունակությունները: Թրամփը Քլինթոնին մեղադրել է մասնավորապես Մերձավոր Արևելքում քաոս առաջացնելու, գործազրկության հանգեցնող առևտրային համաձայնագրեր կնքելու մեջ: Բանավեճի ժամանակ չի անտեսվել նաև թեկնածուների առողջական խնդիրների և Քլինթոնի կողմից ծառայողական նամակագրության համար անձնական էլեկտրոնային փոստն օգտագործելու հարցը:

Նշենք, որ նախագահի թեկնածուների արտահայտությունների իսկությունը ստուգող մասնագետները Դոնալդ Թրամփի և Հիլարի Քլինթոնի ասածներում մեծաթիվ անճշտություններ և աղավաղումներ են հայտնաբերել: Օրինակ՝ Թրամփը հայտարարել է, որ սկզբում դեմ էր Իրաքում պատերազմին, ինչը հակասում է 2003 թ. նրա հայտարարություններին: Թրամփը նաև նշել է, որ Քլինթոնը «ամբողջ կյանքում պայքարել է ԻՊ-ի դեմ», մինչդեռ ԻՊ-ն Իրաքում հայտնվել է բավական ուշ՝ որպես «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների մասնաճյուղ, ոչնչացվել է ու նորից ստեղծվել՝ գրավելով Իրաքի և Սիրիայի ընդարձակ տարածքները 2014 թ., երբ Քլինթոնն արդեն չէր զբաղեցնում ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը:

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների դեբատներն երկրի քաղաքական կյանքի ամենառանցքային իրադարձություններն են նախընտրական արշավի եզրափակիչ փուլում: Դրանց նպատակն է հստակեցնել թեկնածուների դիրքորոշումը ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ, ցույց տալ նրանց գործնական հատկությունները և օգնել ընտրողներին կատարել վերջնական ընտրություն: Սակայն, հարկ է նշել, որ, օրինակ, նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ անցկացված բանավեճերից հետո կայացած հարցումներն առավելություն էին տալիս նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին, սակայն հաղթեց դեմոկրատ Բարաք Օբաման:

Նշենք, որ դիտորդները նշում են, որ Հիլարի Քլինթոնը Դոնալդ Թրամփից ավելի վստահ տեսք ուներ ԱՄՆ-ի նախագահի երկու գլխավոր թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ընթացքում։ Time-ի և CNBC-ի օնլայն բաց քվեարկության համաձայն՝ բանավեճում հաղթել է Թրամփը, իսկ CNN-ի քվեարկությունն առավելություն է տալիս Քլինթոնին:

Թեկնածուները հրապարակավ բանավիճելու են ևս երկու անգամ: ԱՄՆ-ում ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 8-ին: Ինչպես ցույց են տալիս տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները՝ թեկնածուների հաղթանակի հնարավորությունը գրեթե հավասար է:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: