ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Դպրոցից փախած աշակերտները» բոյկոտում են Թուրքիայի խորհրդարանի աշխատանքը

AA photo

Թուրքիայում «ահաբեկչության դեմ պայքարի» քողի ներքո շարունակվում է ընդդիմադիր ամենատարբեր զանգվածների չեզոքացումը: Վերջին օրերին թիրախում կրկին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությունն (ԺԴԿ) էր:

Նոյեմբերի 4-ին ահաբեկչության և Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու մեղադրանքով ձերբակալվեցին ԺԴԿ-ի առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության 11 պատգամավորներ: Ձերբակալված պատգամավորներից 9-ի նկատմամբ ավելի ուշ կալանավորման մասին որոշում կայացվեց։ Իշխանությունները հայտարարում են, որ ընդդիմադիր պատգամավորները ձերբակալվել են, քանի որ նրանք հրաժարվել էին անձեռնամխելիության վերացումից հետո իրենց նկատմամբ սկսված իրավական գործընթացի շրջանակներում ցուցմունք տալ:

Ի պատասխան՝ ԺԴԿ-ն որոշում է կայացրել բոյկոտել Թուրքիայի խորհրդարանի աշխատանքը: Կուսակցության ներկայացուցիչը հայտարարել է, որ կուսակցությունն ամբողջությամբ դուրս չի գալիս խորհրդարանից, բայց նրա անդամները չեն մասնակցելու նիստերին: ԺԴԿ-ն հայտարարում է, որ հետագա քայլերը որոշվելու են ժողովրդի հետ ակտիվ քննարկումների արդյունքում: Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, իշխանության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ԺԴԿ-ի նման որոշումը «չի կարող բացասաբար ազդել օրենսդիր մարմնի աշխատանքի վրա»: Իսկ Թուրքիայի վարչապետը քրդամետ կուսակցության պատգամավորներին համեմատել է «դպրոցից փախած աշակերտների հետ»: Հիշեցնենք, որ ձերբակալությունը ԺԴԿ-ի անդամներին պատգամավորական մանդատից չի զրկում:

Միաժամանակ իշխանությունների դեմ պայքարն ուժեղացնելու մասին հայտարարել է PKK-ն: Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է սպանվել, որից 2-ը՝ ոստիկան: Վիրավորների թիվը գերազանցել է 100-ը: Գործողության պատասխանատվությունը ստանձնել է PKK-ն:

Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել՝ ի պաշտպանություն ձերբակալված պատգամավորների: Ոստիկանությունն ուժով ցրել է դրանք:

Քրդամետ կուսակցության պատգամավորների կալանավորման կապակցությամբ իրենց անհանգստությունն են հայտնել Միացյալ Նահանգներն ու ԵՄ-ն: Թուրքիայի նախագահին դա ամենևին չի անհանգստացնում: «Ինձ համար միևնույն է: Ինչ ուզում են, թող ինձ անվանեն: Իմ մի ականջից դա մտնում է, մյուսից՝ դուրս գալիս», - Էրդողանի խոսքերը մեջբերում է Hurriyet Daily News-ը:

Չի բացառվում, որ քրդամետ կուսակցության դեմ գործողությունների այս նոր ալիքը պայմանավորված լինի այդ թվում նաև Թուրքիայում նոր Սահմանադրության շուրջ մեկնարկած նախապատրաստական աշխատանքներով: Թուրքիայում քաղաքական խորհրդակցություններ են ընթանում խորհրդարանական ուժերի միջև նոր Սահմանդարության նախագծի շուրջ: Այս համատեքստում ընդդիմադիր ԺԴԿ-ի «ավելորդ ակտիվությունն» իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը պետք չէ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: