ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը և ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները. հարցազրույց Ստեփան Սաֆարյանի հետ

Խորհրդարանական ընտրությունները նաև երկրի արտաքին քաղաքականության կուրսիընտրություն են: «Արմեդիա» ՏՎԳ-ի  գերակայություններից մեկը ՀՀ արտաքինքաղաքականության լուսաբանումն ու վերլուծությունն է: Ապրիլի 2-ին կայանալիքխորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն կներկայացնիառաջադրված 9 քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ միևնույն հարցաշարովանցկացված հարցազրույցներ՝  ընթերցողի համար առավել հստակեցնելով քաղաքական այդուժերից յուրաքանչյուրի մոտեցումները ՀՀ արտաքին քաղաքական գերակաուղղությունների վերաբարյալ:

Ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ-ի հարցազրույցը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Ստեփան Սաֆարյանի հետ:

 

-Կառանձնացնե՞ք Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական 3 հիմնական գերակայությունները:

- 1. Եվրոպական ինտեգրում և եվրոպական Հայաստան, 2. անվտանգության դիվերսիֆիկացում լայն իմաստով. ոչ միայն արտաքին քաղաքական, այլև՝  տնտեսական և էներգետիկ քաղաքականությունների բարելավում, 3. Հայաստանի ինքնիշխանության վերադարձ՝ ԵԱՏՄ-ից ՀՀ դուրսբերում:

-Ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

-Նախևառաջ, մենք գտնում ենք, որ Արցախի ինքնորոշումը կայացած փաստ է, և Արցախը համապատասխանում է պետության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Արցախի ճանաչումը պետք է կախված լինի ոչ թե Ադրբեջանի կամքից, ինչպես վերջին տասնամյակների բանակցային գործընթացում է  դրված, այլ՝ պետք է  պայմանավորված լինի բացարձակապես օբյեկտիվ իրողություններով, ինչպիսիք միջազգային չափանիշներն են: Եթե մի բան համապատասխանում է պետականությանը, ապա պետք չէ, որ անպայման Ալիևը  ճանաչի.  Ալիևը շատ բան կարող է չճանաչել, դա չի նշանակում, որ  նրա չճանաչելուց ինչ-որ բան է փոխվելու: 

Երկրորդ, Արցախի միջազգային ճանաչում. ռեալ գործընթաց, ոչ  թե ուղղակի խոսքեր, ինչպես ներկայիս իշխանություններն են անում:

Եվ  վերջապես երրորդ, ՀՀ և Արցախի մրցունակություն բոլոր առումներով՝ ոչ միայն ռազմական, ռազմարդյունաբերական, այլև՝ քաղաքական ու տնտեսական, և դրա  պոտենցիալը մենք ունենք: Չխորանամ դեպի առանձին ենթաճյուղեր. դրանք ենթադրում են Ադրբեջանի զսպման քաղաքականություն, ՀՀ անվտանգության համակարգի շատ լուրջ վերանայումներ  բոլոր առումներով, ինչը ենթադրում է ՀՀ համար իսկապես անվտանգության ռեալ միջավայրի ստեղծում:

-Մոտ ապագայում հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը: Որո՞նք են այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու գրավականները: Եվ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար:

- Մենք Հայոց ցեղասպանությունը երբեք կասկածի տակ չենք դրել և չենք դնի. ՀՀ և Թուրքիայի հարաբերությունները, և ավելի ստույգ ասենք՝ Թուրքիայի կողմից ՀՀ ապաշրջափակումը, պետք է իրականացվի միակողմանի քայլերով, ինչպես որ դա կատարվել է միակողմանի, և վերջապես ամենակարևորը՝ առանց նախապայմանների:

-Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ: Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ՌԴ, ՀՀ-եվրոպական առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:

 - ՀՀ-ն և հայ հասարակությունն օբյեկտիվորեն պատկանում են եվրոպական քաղաքակրթական ընտանիքին, ինչպես և հետխորհրդային բազում և բազում պետություններ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի Դաշնությունը: Եվ այս կտրվածքով, թերևս ինչպիսի խոտորումներ էլ լինեն, միևնույն է մեր քաղաքակրթական ընթացքը և ուղղվածությունը՝ դեպի Եվրոպան է:

Բայց սա ամենևին չի նշանակում հարաբերությունների խզում մնացածի հետ: Մեր անվտանգության հարցում շատ մեծ կարևորություն ունեն հայ-ամերիկյան և հայ-ռուսական հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերությունները պարզապես պետք է  փրկել գահավիժումից, քանզի  դրանք  հանգեցրել են ՀՀ շահերի անտեսմանը: Մենք, թերևս, այդ դառը իրողությունների վառ վկան ենք:

 Այդ իսկ պատճառով ՀՀ և ՌԴ հարաբերությունները պետք է լինեն իրավահավասար, պետք է հիմնվեն փոխօգնության, փոխադարձ շահերի և զգայունություն ներկայացնող խնդիրների նկատմամբ վերին աստիճանի ուշադիր և հարգալից վերաբերմունքի վրա:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա դրանք ունեն զարգանալու շատ մեծ ներուժ, քանզի ԱՄՆ-ն առաջատար երկիր է աշխարհում, և մեր անվտանգությունն  իրականում չի կարող պայմանավորված չլինել նման խոշոր դերակատարների հետ լավ հարաբերություններ ունենալուց:

Եկեք հասկանանք, որ եթե անգամ «Ազատ դեմոկրատները» նշում են ԵԱՏՄ-ից ՀՀ դուրս գալու մասին,  ապա դա,  ամենևին, չի վերաբերում հայ-ռուսական հարաբերություններին, որովհետև անգամ անվտանգության տեսանկյունից, ՀՀ անվտանգության համակարգում եղել են  և կլինեն հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, բայց ոչ բազմակողմ հարաբերությունները, ինչպիսիք են հայ-բելառուսականը կամ հայ-ղազախականը և այլն:

 Եվ այս կտրվածքով մեր նպատակն է  հաշվի առնել, որ մենք չենք կարող  քաղաքացիական արժեքային հիմքերին դեմ գնալ, գնալ այլ միություններին միանալու, որտեղ արժեքային հիմքերը լիովին այլ են, դեգերել անիմաստ և ժամանակ վատնել: Պետականության հրատապ կայացման խնդիրը պահանջում է  եվրոպական արժեքների վրա կառուցված արդյունավետ, լավ իմաստով ագրեսիվ, նախաձեռնող պետության կայացում:

-Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների՝ մասնավորապես Վրաստանի և Իրանի հետ: Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այս ուղղությամբ:

- Մենք շատ հարևաններ չունենք, ունենք երկու հարևաններ, որոնք մեզ համար շատ կարևոր դերակատարում ունեն. դրանք են՝ Վրաստանը և Իրանը: Ի տարբերություն այլոց, մենք նրանց չենք դիտարկում որպես տարածք, որի միջոցով դուրս ենք գալիս արտաքին աշխարհ: Դրանք այլևս միջազգային հարաբերությունների համակարգում  որոշակի դերակատարում ունեցող պետություններ են, մեկը մի քիչ ավել, իսկ մյուսը՝ պակաս: Համենայն դեպս, Հայաստանին և Վրաստանին կապում են բավականին լայն ընդհանրություններ և զարգացման հեռանկարներ՝  ի դեմս եվրոպական պատկանելիությանը:

Ինչ վերաբերում է Իրանին,  մեզ համար այս պետությունը  վերին աստիճանի հուսալի հարևան է, ինչպես և մենք նրանց համար: Սակայն, ՀՀ և Իրանի երկկողմ հարաբերությունները խոչընդոտված են, կամ այդ հարաբերությունների շրջանակներում ամբողջական պոտենցիալը դրսևորված չէ երրորդ երկրների պատճառով: Եվ այս պարագայում, մենք խնդիր ենք դնում իրացնել այդ պոտենցիալը նաև գործնական քաղաքականության մեջ:

-Ի՞նչ տեսլական ունի Ձեր քաղաքական ուժը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ:

- Տարածաշրջանի անվտանգության հետ կապված Հայաստանն այս պահի դրությամբ ունի  Ադրբեջանին զսպելու խնդիր. ադրբեջանական տանդեմի շրջափակումը ճեղքելու կամ այն անիմաստ դարձնելու խնդիր: Մենք միշտ մտածել ենք ճեղքելու մասին, բայց ոչ երբեք այն արժեզրկելու մասին, քանզի այդ բլոկադայի հիմնական նպատակը Հայաստանի թուլացումն է: Ես չեմ ասում, որ շրջափակման պայմաններում հեշտ է զարգանալը, սակայն մենք կատարյալ շրջափակման մեջ չենք և թերևս ունենք  Վրաստանի և Իրանի նման հարևաններ: Այս կտրվածքով մենք պետք է անենք  հնարավորինս ամեն ինչ այդ շրջափակումն անպտուղ դարձնելու և իմաստազրկելու ուղղությամբ: Երբ կկարողանանք դա  անել, այդ ժամանակ նրանք կհասկանան, որ սահմանների արգելափակումը վնասում է միայն իրենց և հետևաբար այդ հարաբերություններում այդ  տանդեմն այնքան վտանգավոր չի լինի Հայաստանի համար, որքան այժմ է:

Եվ քանի այդ շրջափակումն ուղղակիորեն սպասարկում է արցախյան խնդրի համատեքստում Ադրբեջանի ստրատեգիան ընդդեմ ՀՀ-ի, բնականաբար պետք է  հասկանանք, որ չնայած  ուժերի, ռեսուրսների ասիմետրիան կարող ենք հաղթահարել արտաքին դերակատարների օգնությամբ, այնուամենայնիվ, ունենք  ահռելի անելիք ինչպես շրջափակումն, այնպես էլ  ՀՀ-ի վրա հարձակման  որևէ պլան կամ գործողություն իմաստազրկելու ուղղությամբ: Դա  հնարավոր կլինի այն պարագայում, եթե մենք կարողանանք  կառուցել դրական իմաստով ագրեսիվ, ճկուն, միջազգային հարաբերությունների համակարգում զգալի կշիռ ունեցող և սեփական անվտանգության ինքնաբավության մակարդակն ապահոված Հայաստան:

-Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-Սփյուռք համագործակցության զարգացումը, որո՞նք պետք է լինեն ընդհանուր օրակարգի առաջնահերթությունները:

- Իրականում մենք ունենք մեկ ռազմավարական դաշնակից: Դա մեր ոփյուռքն է, մեր աշխարհասփյուռ հայությունը: Այն իհարկե համասեռ չէ, միատարր չէ և այն 100 տոկոսով համախմբել միգուցե իրատեսական չէ, բայց մի բան ակնհայտ է, որ դա մի հարաբերություն է, որտեղ պետք է  արտացոլվեն երկու կողմերի շահերը: Մենք  ունենք  սփյուռքի մի հատված, որն անշուշտ հնարավոր է և ակնկալիք  չունի Հայաստանից, սակայն փոխարենը ցանկություն ունի ՀՀ-ին աջակցելու: Սակայն նա այդ աջակցությունը հնարավոր է համարում այն դեպքում, երբ հասկանա, որ իր տվածը չեն լափում, չեն գողանում , չեն թալանում:

Սփյուռքի երկրորդ հատվածն ուզում է, որպեսզի մենք ձևավորենք միասնական օրակարգ:  Չնայած այն հանգամանքին, որ մենք ունենք բաժանող մի շարք խնդիրներ կամ խնդիրներ, որտեղ տարաձայնություններ կան, միևնույն ժամանակ հաստատապես, ունենք նաև բազում խնդիրներ, որտեղ չկան տարաձայնություններ: Եվ այս կտրվածքով գոնե օրակարգի և  լուծումների ձևակերպումը պետք է իրականացվի  երկու կողմերի շահերը հաշվի առնելով, քանզի դա  երկկողմանի երթևեկություն է: ՀՀ-Սփյուռք հարաբերությունները բազմաշերտ են և ունեն վստահելի պոտենցիալ, որի համար մեզնից ինքնիշխանության կրճատում  չեն պահանջում: Մեր  առջև դրված չեն այնպիսի պահանջներ, ինչպիսիք դնում են այլոք: Սփյուռքը մի միավոր է, որը մեկ պահանջ է դնում ընդամենը. վստահ լինել, որ իր աջակցությունն  իսկապես հզորացնում է Հայաստանը: Եվ այս խնդիրը լուծելու դեպքում մենք աջակցելու կգնանք Սփյուռքի և՛ առաջին,  և՛ երկրորդ հատվածներին:

-Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Հայաստանի քաղաքականության վերաբերյալ:

- Մերձավոր Արևելքը մեր անմիջական հարևանությամբ գտնվող տարածք է, և մենք չպետք է  թերագնահատենք նախևառաջ առկա ահաբեկչության  գլոբալ սպառնալիքը: Ցավում եմ, բայց մեր իշխանությունները ժամանակին անտեսեցին բոլոր տեսակի հորդորները և պատշաճ ուշադրություն չդարձրին ոչ իրանահայության խնդիրներին, ոչ էլ դրանից հետո սիրիահայության խնդիրներին:

Մենք  փաստացի կորցնում ենք մեր համայնքները, և եթե անգամ այսօր որոշ օազիսներ ունենք Մերձավոր Արևելքում, ապա առաջին հերթին պարտավոր ենք մտածել այդ երկրների հետ բնականոն հարաբերություններ պահպանելու և զարգացնելու մասին՝  հանուն մեր հայրենակիցների խնդիրների առավել արագ լուծման: Շատ դեպքերում մենք նաև պետք  է  պահանջատեր լինենք նրանց անվտանգության համար՝ հանդես գալով եթե ոչ երաշխավորի,  ապա շահագրգիռ կողմի դիրքերից:

Եվ վերջապես մենք պետք  է հասկանաք, որ այդ հարաբերություններն ուղղակիորեն ազդում են այդ տարածաշրջանի անվտանգության վրա, քանի որ այդտեղ ներգրավված երկրները մեզ համար հատուկ կարևորության պետություններ  են. ԱՄՆ-ի, ՌԴ-ի, եվրոպական երկրների շահերը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններն այդ տարածաշրջանում և դրանից դուրս նույնպես ուղղակիորեն պրոյեկտվում են մեր տարածաշրջանի վրա: Այդ իսկ պատճառով Մերձավոր Արևելքի նկատմամբ պետք է ուշադիր լինել՝ առնվազն հաշվի առնելով  իմ կողմից ներկայացված փաստարկները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: