ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացումը կնպաստի ոչ միայն Իրաքի, այլ նաև ողջ տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմանը

Մարտի սկզբին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» նախագծին: Բաղդադում Հայաստանի դեսպանությունից քրդական Rudaw գործակալությանը հաստատել են այս տեղեկությունը, թեև դեռևս հստակություն չկա Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը համարվող Էրբիլում հյուպատոսության բացման վերջնական ժամկետների շուրջ:

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2000 թվականին: Նույն տարում Բաղդադում բացվել է ՀՀ դեսպանություն, իսկ 2001 թվականին Երևանում բացվել է Իրաքի դեսպանությունը: 2003 թվականին Իրաքում սկսված պատերազմի հետևանքով երկու երկրների դեսպանություններն ընդհատել են իրենց գործունեությունը: 2010 թվականի հոկտեմբերից Հայաստանը վերաբացել է իր դեսպանությունն Իրաքում, իսկ 2012 թվականին վերաբացվել է Երևանում Իրաքի դեսպանությունը:

Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացումն այսօր ժամանակի հրամայական է: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեծապես ակտիվացել են Հայաստանի կապերը ոչ միայն պաշտոնական Բաղդադի, այլ նաև քրդական ինքնավարության հետ: Հաճախակի փոխայցելություններն ու առևտրատնտեսական համագործակցությունը նոր որակ են հաղորդել քաղաքական երկխոսությանը: 2014 թվականին ՀՀ կառավարությունը պարզեցրեց Իրաքի քաղաքացիների մուտքի ռեժիմը Հայաստան: 2015 թվականից զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով: Բացի այդ, վերջին տվյալները փաստում են Իրաքյան Քրդստանի տարածքում Իրաքի հայ համայնքի առավել ստվարանալու միտման մասին, ինչը, թերևս, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին Իրաքյան Քրդստանը համարվում է Իրաքի համեմատաբար կայուն և անվտանգ շրջաններից մեկը:

Էրբիլում ՀՀ հյուպատոսության բացումը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների զարգացման, այլ նաև ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման տեսանկյունից: Իրաքյան Քրդստանն այսօր վերածվել է կարևոր գործոնի տարածաշրջանում, որի հետ համագործակցության ձևաչափեր են փնտրում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բազմաթիվ ուժեր: Հետևաբար, Էրբիլի հետ կապերի ակտիվացումը կնպաստի նաև համատարած քաոսի պայմաններում գտնվող Մերձավոր Արևելքի հետ ավանդական կապերի պահպանմանը և հարաբերությունների հետագա զարգացմանը: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: