ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթամուղ, գազամուղ, ջրագիծ. ինչպես՞ են քաղաքական ուժերը տեսնում Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունները (համադրական վերլուծություն)

«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների շրջանակներում «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի կողմից իրականացված վերլուծական հոդվածների շարք: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ ընտրարշավում մրցակցող քաղաքական ուժերի տեսլականներին՝համադրելով դրանք: Համադրական վերլուծությունը հիմնված է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, ինչպես նաև «Արմեդիա» ՏՎԳ կողմից իրականացված հարցազրույցների վրա: Տվյալները ներկայացվել են նաև աղյուսակավորված տեսքով:

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված լինելու համար պայքարող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերությունների շարքում անդրադարձել  են նաև ՀՀ-Վրաստան, ՀՀ-Իրան հարաբերություններին՝ ներկայացնելով իրենց տեսլականը:

Հատկանշական է, որ ՀՀ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հիշատակում չկա միայն «Ծառուկյան դաշինք»-ի և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրերում:

Նախընտրական պայքարում ներգրավված բոլոր ուժերը թերևս միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել զարգացնել հարաբերությունները թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ: Շատ ուժեր ընդգծում են, որ այդ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության ներուժը լիովին օգտագործված չէ:

Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի համաձայն՝ նախատեսվում է նոր թափ հաղորդել Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններին՝ «հատկապես շեշտը դնելով տնտեսական ողջ ներուժի իրագործման վրա»: Այս մոտեցումը կիսում է նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը:  Հայկական վերածնունդ կուսակցության և «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրում Վրաստանի և Իրանի հետ փոխգործակցության տեսլականը դիտարկվում է համատեղ տարածաշրջանային ծրագրերի կտրվածքով: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ՀՀ առաջնահերություններից է համարում հարևան երկրների հետ որակապես ու բովանդակապես նոր, բարիդրացիականության վրա հիմնված հարաբերությունների հաստատումը: Հայ հեղափոխական դաշնակցությունն իր հերթին հարևանների հետ հարաբերությունների հիմքում տեսնում է բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքները: Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ևս կարևորում է հարաբերությունների զարգացումը ինչպես Վրաստանի հետ, որին համարում է «Հայաստանը Եվրոպային կապող ռազմավարական նշանակության երկիր», այնպես էլ Իրանի հետ, որը դիտարկվում է որպես «հարևան, բարեկամ ու աշխարհի հետ հաղորդակցություն ապահովող երկիր, ռազմաքաղաքական և առևտրատնտեսական առանցքային գործընկեր»:

Հատկանշական է ընտրապայքարին մասնակցող շատ ուժեր կարևորում են Վրաստանի և Իրանի հետ տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչումը: Օրինակ՝ Ազատ դեմոկրատներ, Հայկական վերածնունդ և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների ծրագրերում նշված է ինչպես Իրան-Հայաստան նավթամուղի, այնպես էլ Հայաստանում նավթավերամշակող գորածարանի կառուցման գաղափարը:

Կուսակցությունները իրենց ծրագրերում դիտարկում են նաև իրանական գազի ներմուծման և արտահանման հեռանկարը: Այսպես, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է Իրանի հետ բանակցել գազի ներմուծման նոր պայմանագրի կնքման շուրջ՝ ռուսական գազի ներմուծումից կախվածությունը փոքրացնելու և բնագավառում մենաշնորհը վերացնելու նպատակով: «Ելք» դաշինքը, Ազատ դեմոկրատներ և Հայկական վերածնունդ կուսակցությունները իրենց նախընտրական ծրագում ամրագրել են համապատասխան կետ, որով նախատեսվում է բանակցությունների միջոցով հասնել նրան, որ իրանական գազը Հայաստանով տարանցվի Վրաստան (անգամ Եվրոպա): Օբյեկտիվության համար պետք է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում գործող իշխանություններն այս ուղղությամբ վարում են բանակցություններ և արձանագրվել են որոշակի հաջողություններ:

«Ելք» դաշինքը, Հայկական վերածնունդ և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություններն իրենց ծրագրերում կարևորում են նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը:

Կոմունիստական կուսակցությունն իր հերթին հնարավոր է համարում Վրաստանի և Իրանի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման գաղափարը, որոնց արտադրանքը կարող է իրացվել ԵԱՏՄ շուկայում:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կարևորում է ակտիվ ներգրավվումը Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման նախագծի կյանքի կոչման և իրականացման աշխատանքներին, իսկ Հայկական վերածնունդ կուսակցությունը նախատեսում է Հայաստան-Իրան ջրագիծ կառուցել:

Հատկանշական է, որ բոլոր քաղաքական ուժերից հայաբնակ Ջավախքին իր նախընտրական ծրագրում անդրադարձել է միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը: Ըստ այդ կուսակցության՝ Վրաստանի հետ «բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»:

Թեև «Ծառուկյան» դաշինքը և իր նախընտրական ծրագրերում չունեն առանձնացված կետեր հարևան Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբեբերյալ, այնուամենայնիվ այդ ուժի ներկայացուցիչը «Արմեդիա» ՏՎԳ հետ հարցազրույցում անդրադարձել է այդ ուղղությանը ևս: «Ծառուկյան» դաշինքը ևս կիսում է մյուս ուժերի այն մոտեցումը, որ թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերություններում կա տնտեսական չիրացված մեծ ներուժ: Միևնույն ժամանակ կարևորվում է այն հանգամանքը, որ այդ երկրների հետ գհարաբերություն ների կառուցման գործընթացում պետք է հաշվի առնել Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը:

Ինչ վերաբերում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, ապա այդ ուժի ներկայացուցիչը հարցազրույցում ևս չի ներկայացրել Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունների իրենց տեսլականը:

 Ամփոփելով կարող ենք նշել, որ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերը տեսնում են Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ներուժ, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում: Միևնույն ժամանակ համագործակցության կարևոր բաղկացուցիչ են դիտարկվում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը, որոնք կարող են դառնալ նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման քաղաքականության տապալման հնարավորություն: 

 

Համադրական այլ վերլուծականներ՝

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: