ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքյան Քրդստանը կհայտարարի՞ անկախության մասին

РИА Новости / Дмитрий Виноградов

Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 93 տոկոսն աջակցել է տարածաշրջանի անկախացմանը, դեմ է քվեարկել ընտրողների միայն 6.71 տոկոսը: Սա միայն նախնական տվյալներ են, իսկ վերջնական արդյունքը կհայտարարվի սեպտեմբերի 28-ին, սակայն, ինչպես և հանրաքվեից առաջ, կասկածներ չկան, որ ինքնավարության բնակչությունը քվեարկել է անկախացման օգտին: Նշենք, որ վերջին տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է մոտ 3.3 մլն մարդ, մասնակցությունը կազմել է 72.16 տոկոս։ Ընդ որում, քվեարկությանը մասնակցել են ոչ միայն քրդական ինքնավարության կազմում պաշտոնապես ներառված նահանգներն, այլ նաև ինքնավարության կազմի մեջ չմտնող Քիրքուք, Նայնավան, Սալահ ադ-Դին նահանգները, ինչպես նաև Իրաքից դուրս ապրող քրդերը (առցանց քվեարկության միջոցով):

Բաղդադն արդեն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքերով չի պատրաստվում բանակցություններ սկսել քրդական իշխանությունների հետ: Նախօրեին Իրաքի խորհրդարանը կողմ է քվեարկել հանրաքվեին աջակցած քուրդ պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելու մասին որոշմանը: Խորհրդարանը նաև պահանջել է կառավարությունից զորք մտցնել վիճելի տարածքներ, խոսքը վերոնշյալ երեք նահանգների մասին է: Այստեղ Իրաքի համար հատկապես կարևոր նշանակություն ունի նավթով հարուստ Քիրքուքը: Այն պաշտոնապես չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, սակայն հիմնական քրդերով բնակեցված այս շրջանն արդեն մի քանի տարի վերահսկվում է քրդական ռազմական ջոկատների՝ փեշմերգայի կողմից: Դեռ օգոստոսի վերջին Քիրքուքի խորհուրդը քվեարկել է անկախանալուց հետո Իրաքյան Քրդստանին միանալու օգտին: Այս կապակցությամբ Բաղդադը պահանջել էր նահանգապետի հրաժարականը, սակայն նահանգային խորհուրդը մերժել էր կենտրոնական իշխանությունների այս պահանջը: Այսպիսով, Իրաքյան Քրդստանի անկախանալու դեպքում նավթով հարուստ Քիրքուքը կորցնելու վտանգը Բաղդադի համար առավել քան իրական է:

Սակայն, հարկ է նշել, որ հանրաքվեի անցկացումը միայն բավարար չէ տարածաշրջանը Բաղդադից անկախ հռչակելու համար. այդ գործընթացը կարող է տասնամյակներ տևել: Նախօրեին ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտարարել էր, որ Էրբիլը մտադիր չէ Բաղդադից անկախանալու մասին հայտարարել հանրաքվեի ավարտվելուն պես: «Մենք անկախություն չենք հռչակի հանրաքվե ավարտվելուն պես: Մենք տասնամյակներ շարունակ եղել ենք կայունության գործոն և այդպիսին կմնանք», - պաշտոնյայի խոսքերը մեջ է բերում Rudaw հեռուստաընկերությունը:

Իսկ այս պահին Բաղդադից անջատվելու մասին էրբիլի հայտարարությունը կարող է իսկապես քաոս առաջացնել տարածաշրջանում: Քրդական հանրաքվեին բացասաբար է վերաբերում ոչ միայն Բաղդադը, այլ նաև տարածաշրջանային հարևանները: Իրանն ու Թուրքիան արդեն զորավարժություններ են սկսել ինքնավարության սահմանների մոտ գտնվող տարածքում: Էրդողանը նույնիսկ ակնարկել է, որ թուրքական զորքերը մի օր կարող են հայտնվել նաև Քրդստանի տարածքում: Չի կարելի բացառել, որ Էրդողանի այս սպառնալիքը կարող է իրականություն դառնալ՝ հաշվի առնելով վերջինիս հիվանադագին վերաբերմունքը քրդական անկախ պետության ստեղծման գաղափարին:

Բացի ռազմական սպառնալիքից, Իրաքյան Քրդստանն անկախանալու դեպքում կարող է առճակատվել նաև տնտեսական լուրջ խնդիրների հետ: Այսպես, Անկարան արդեն հայտարարել է տնտեսական պատժամիջոցների և մասնավորապես՝ ինքնավարությունից նավթի արտահանման դադարեցման հնարավորության մասին: Քրդստանի հետ սահմանը փակելու, օդային հաղորդակցությունը դադարեցնելու մասին հայտարարել է նաև հարևան Իրանը: Անկասկած քրդական անկախ պետության նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մասին կհոգա նաև Բաղդադը: Եվ այս ամենը՝ միջազգային հանրության լիակատար աջակցության պայմաններում. բացի Իսրայելից քրդական հանրաքվեին ոչ մի երկիր պաշտոնապես աջակցություն չի հայտնել և չի պատրաստվում ճանաչել վերջինիս արդյունքների օրինականությունը:

Արդյունքում, նորանկախ քրդական պետությունը կարող է լուրջ խնդիրների բախվել, որոնք նա, ամենայն հավանականությամբ, չի կարող հաղթահարել: Այս ամենը հստակ գիտակցում են նաև Էրբիլում և գիտակցում էին նաև հանրաքվեի մասին հայտարարելու ժամանակ: Ուստի անկախության հանրաքվեն այժմ անցկացնելը գոնե մոտ ապագայում փոքր-ինչ այլ նպատակներ է հետապնդում: Այսպես, Իրաքյան Քրդստանը պարբերաբար բողոքում է կենտրոնական իշխանությունում իրենց անհամաչափ ներկայացվածությունից և Բաղդադի կողմից քրդերի իրավունքների ոտնահարումից: Ունենալով ինքնավարության բնակչության կամարտահայտման արդյունքները՝ ոչ ի օգուտ Բաղդադի, քրդական իշխանություններն այժմ ավելի արդյունավետ կարող են բանակցել Բաղդադի հետ այս հարցերի շուրջ: Բացի այս, Էրբիլում հույս ունեն, որ հանրաքվեի արդյունքները կստիպեն Բաղդադին քննարկելու նաև Իրաքյան Քրդստանի ինքնավարության ընդլայնման և նավթային եկամուտներում ավելի մեծ մասնաբաժին ունենալու հարցում, ինչը ևս Էրբիլը պարբերաբար բարձաձայնում էր: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: