ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագիրը սպառնալիք չէ Ռուսաստանի համար

Նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը ռուսական մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակներում ոչ միանշանակ ընկալվեց: Առկա են ինչպես ընդգծված բացասական մեկնաբանություններ, որոնք թերևս գործընթացի թյուր ընկալման և պրոֆեսիոնալիզմի ոչ բարձր մակարդակի արդյունք են, այնպես էլ դրական և պրագմատիկ վերլուծություններ՝ հիմնավորող ՀՀ-ԵՄ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունն ու կարևորությունը, այդ թվում՝ ռուսական շահերի տեսանկյունից: 

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար բավական կարևոր է հաշվի առնել մի քանի հանգամանք:

Առաջին հերթին, կարևոր է գիտակցել, որ այս համաձայնագրի կնքումը չի ենթադրում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկար: Այն փոխարինելու է եկել ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքերն ապահովող 1999թ.-ից գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին, որն այս տարիների ընթացքում հնացել էր և չէր արտացոլում առկա հարաբերությունների մակարդակը: Դրա նպատակն է ամրագրել տարբեր ոլորտում ԵՄ հետ համագործակցության տեսլականն ու կողմերի համատեղ նպատակները: Համաձայնագրի հիման վրա ԵՄ-ն օգնելու է Հայաստանին մի շարք բարեփոխումներ անցկացնել՝ ուղղված ինչպես ՀՀ քաղաքացու կյանքի որակի բարձրացմանը, այնպես էլ տնտեսության, արդարադատության տարբեր ոլորտները եվրոպական չափորոշիչներին մոտարկելուն: Վերջինս, իր հերթին, կհեշտացնի Եվրամիության հետ ապրանքաշրջանառությունն ու ՀՀ-ում արտադրվող ապրանքների մուտքը եվրոպական շուկա:

Այսպիսով, ԵԱՏՄ գործընկերները հնարավորություն կստանան Հայաստանում ներդրումներ կատարելով և արտադրություններ հիմնելով, իրենց ապրանքների համար ավելի հեշտ ելք ապահովել դեպի եվրոպական շուկա:

Երկրորդ, պետք է հաշվի առնել, որ ներկայիս համաձայնագիրը Հայաստանը բանակցել և կնքել է Եվրամիության հետ, արդեն իսկ լինելով ԵԱՏՄ լիարժեք անդամ: Իսկզբանե հայտարարվել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնքվելու է այն պայմաններով, որպեսզի դրանք որևէ կերպ չհակասեն ԵԱՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ուստի, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը սկզբունքայնորեն չի կարող ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ որևէ հակասություններ ունենալ: 

Բացի այդ, այս համաձայնագրի բանակցություններն ու սպասվող կնքումը ոչ մեկի, այդ թվում՝ ՌԴ ղեկավարության համար գաղտնիք չէին: Հայաստանը Ռուսաստանի համար մշտապես եղել է վստահելի և թափանցիկ գործընկեր և, բնական է, որ պարբերաբար տեղեկացրել է նաև Եվրամիության հետ բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Ուստի, դաշնակից երկրի ղեկավարության համար թե´ համաձայնագրի կնքումը, թե´ դրա նպատակները որևէ կերպ անսպասելի չէին: 

Եվ երրորդ, չնայած ՌԴ-Արևմուտք հարաբերությունների առկա լարվածությանը, երկու կողմերն էլ գիտակցում են գլոբալ աշխարհաքաղաքական համատեքստում համագործակցության կարևորությունը, և ՌԴ ղեկավարությունն, ինքը բազմիցս հայտարարել է ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հաստատման ցանկության մասին: Այսօր Եվրամիության հետ Հայաստանի ունեցած քաղաքական երկխոսության բարձր որակն ու արդյունքները լավագույն հնարավորությունն են ԵՄ-ԵԱՏՄ փոխգործակցության որոշակի, թեկուզ առաջին քայլերն անելու համար, որոնք հիմք կապահովեն հետագայում, լարվածության նվազումից հետո, երկու ինտեգրացիոն միավորումների միջև բնականոն երկխոսություն հաստատել համար: 

Ամփոփելով նշենք, որ այս ամենը շատ լավ հասկանում է թե՛ Ռուսասատանի, թե՛ մյուս ԵԱՏՄ երկրների ղեկավարությունը, այդ պատճառով էլ որևէ խոչընդոտներ չեն ստեղծել ՀՀ-ԵՄ համագործակցության համար և որևէ բացասական գնահատական չեն հնչեցնում կնքված համաձայնագրի հասցեին: Իսկ առանձին ռուս փորձագետների հայտարարություններն ինչ-որ տեղ վատ տեղեկացվածության, ինչ-որ չափով անհեռատեսության հետևանք են կամ հուզական արձագանք պրագմատիկ քաղաքականությանը:

Այնուամենայնիվ, առկա մեկնաբանություններում առողջ բանականությունը գերակշռում է, ինչն էլ լավատեսության տեղիք է տալիս, որ ոչ միայն Հայաստանը, այլև ԵԱՏՄ մյուս գործընկեր երկրներն ամեն ինչ կանեն բացվող այս հնարավորությունից առավելագույնս օգտվելու համար:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: