ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կկասեցնի՞ արդյոք ԱՄՆ-ն ռազմական օգնությունը Սիրիայի քրդերին

Toronto Star

Այժմ, երբ Սիրիայի և Իրաքի մղած պայքարն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, կարծես թե, ավարտին է մոտենում, կան կարծիքներ, որ ԱՄՆ-ը որոշակի փոփոխություններ կմտցնի Սիրիայի հակամարտության հարցում իր քաղաքականության մեջ:

Այս մոտեցումն ավելի ամրապնդվեց, երբ այս շաբաթվա սկզբին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Միացյալ Նահանգները մտադիր է կրճատել ռազմական աջակցությունն Իրաքում և Սիրիայում «իսլամական պետության» դեմ պայքարող խմբերի համար: Այդուհանդերձ, նա ավելացրել է, որ դա չի նշանակում, որ Վաշինգտոնն ամբողջովին կդադարեցնի այդ խմբերին ուղղված աջակցությունը, հաղորդում է Reuters-ը:

Իր հերթին Պենտագոնը երկուշաբթի հայտարարել է, որ վերանայում է Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական ուժերի համար զենքի «համալրումները», հաղորդում է Politico-ն:

Հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել անցած ուրբաթ օրը, որի հիման վրա Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե ամերիկացիներն այլևս զենք չեն մատակարարի Քուրդ ժողովրդի պաշտպանական միավորներին (YPG):

Պետք չէ մոռանալ, որ այս տարվա մայիսին նախագահ Թրամփն ամերիկյան ռազմական հրամանատարների խորհրդից հետո որոշում կայացրեց զինել Սիրիայի դեմոկրատական ​​ուժերին՝ «Իսլամական պետության» դե ֆակտո մայրաքաղաք Ռաքայի վրա վերջին հարձակումն իրականացնելու համար՝ չնայած թուրքական կողմի ընդդիմությանը: Իսկ հիմա, երբ Ռաքայում գործողությունը, կարծես, ավարտված է, ԱՄՆ-ում քրդական ուժերի նկատմամբ քաղաքականության մեջ որոշակի «ճշգրտումներ» կատարելու քննարկումներն ավելի քան բնական են հնչում: Բայց արդյո՞ք այս ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի քրդերին զինելը:

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներն արդեն ընդունել են 2018 թ. Ազգային պաշտպանության թույլտվության մասին ակտը, որով նախատեսվում է ևս 500 մլն դոլար հատկացնել Սիրիային ԻՊ դեմ պայքարի համար մինչև հաջորդ սեպտեմբեր: Այսպիսով, եթե նախագահը հավանություն տա այդ օրինագծին, ակնհայտ կդառնա, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիայում:

Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ օրս կարծես հետևում էր իր ռազմական հրամանատարների խորհրդին, չնայած արտասահմանում օտարերկրյա զինյալների թիվը նվազեցնելու մասին իր հայտարարություններին: Դրա ապացույցը Սիրիայում աստիճանաբար աճող ԱՄՆ զորքերի քանակն է, որոնք տարածվել են հատկապես Սիրիայի հյուսիսում, հաղորդում է AP News-ը:

Բացի այդ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նա հստակ նշել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել Սիրիայի քրդերին իրենց աջակցությունից՝ ի հիասթափություն Թուրքիայի:

Իր հերթին, ԻՊ դեմ պայքարող ՆԱՏՕ-ի կոալիցիայի մամլո քարտուղար գնդապետ Ռայան Դիլոնը նշել է վերջին հայտարարության մեջ. «Կոալիցիան հավատարիմ է Սիրիայում ԻՊ ռազմական պարտությանը: Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը պետք է ավարտին հասցնեն մնացած տարածքների ազատագրումը, և մենք նաև կաջակցենք անվտանգության գործողություններին, որոնք կայունացում կապահովեն այդ տարածքներում», - հաղորդում է The Daily Beast-ը:

Այսպիսով, եթե իրականում ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական օգնությունից զրկել քրդերին, ինչո՞վ են պայմանավորված տարածված լուրերը:

Նախ, առաջին անգամը չէ, որ Թուրքիան փորձում է մեկնաբանել գործընկերների խոսքերն այնպես, ինչպես հարմար է իրեն: Այս անգամ էլ թուրքական իշխանությունները հասկացան Թրամփի խոսքերն ինչպես ցանկանում էին, որից հետո ԱՄՆ-ն փորձեց «ուղղել» թյուրիմացությունը դիվանագիտական ​​ճանապարհով՝ տարբեր պաշտոնյաների հայտարարությունների միջոցով:

Երկրորդ, Թրամփի վարչակազմը կարող է այդ կերպ փորձել սիրաշահել ՆԱՏՕ-ի իր դաշնակցին, որը վերջերս փորձում է եռակողմ ձևաչափով համագործակցել այնպիսի տարածաշրջանային խաղացողների հետ, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը:

Երրորդ, ԱՄՆ-ը կարող է նման կերպ նախազգուշացնել քրդերին, որ իրենք կարող են կասեցնել ռազմական օգնությունը, եթե վերջիններս նախաձեռնեն այնպիսի գործողություններ, որոնք ԱՄՆ-ի շահերին չեն համընկնում, հաղորդում է Global Research-ը:

Սրանք այն հնարավոր պատճառներն են, որոնք հանգեցրել են Սիրիայում քրդական ուժերի ԱՄՆ ռազմական օգնության հավանական դադարեցման մասին լուրերի տարածմանը: Այնուամենայնիվ, իրականում չկա հիմք ենթադրելու, որ ԱՄՆ-ն իր աջակցությունից կզրկի քրդերին՝ առնվազն մոտ ապագայում:

Նախ, քրդերը շարունակում են մնալ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցները Սիրիայում, և կորցնելով նրանց, Միացյալ Նահանգները մեծապես կորցնում են իրենց լծակներն այնտեղ: Բացի այդ, Թրամփի վարչակազմը, կարծես, հասկանում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախորդ վարչակազմերի անցյալի փորձից, որ ուժերի վաղաժամկետ դուրս բերումը կհանգեցնի ուժային վակուումի, որը կխթանի քաոսը հակամարտությունների մեջ խրված երկրներում, ինչպիսին Սիրիան է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: