ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսքը» յուրահատուկ նշանակություն ձեռք կբերի աշխարհաքաղաքական զարգացումներում

Նոյեմբերի 19-ին Թուրքիայում կայացավ «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահը՝ Թայիփ Էրդողանը:

Հայտնի է, որ գազատարի այս հատվածով, որը նախատեսվող երկու «գծերից» մեկն է, ռուսական գազը Սև ծովի հատակով կմատակարարվի Թուրքիա: Գազատարի երկրորդ հատվածը ցամաքային է, նախատեսում է ռուսական գազը հասցնել Եվրոպայի հարավ և հարավ-արևելք:

Նոր գազատարը բավական հավակնոտ ծրագիր է, և ամբողջությամբ գործարկվելու պարագայում, եթե ոչ գլոբալ, ապա զգալի փոփոխության կենթարկի Եվրոպայի էներգետիկ համակարգը՝ միևնույն ժամանակ մեծացնելով դրանում ՌԴ և Թուրքիայի դերակատարությունը:

Զուտ տնտեսական տեսանկյունից այն բավական շահավետ ծրագիր է ոչ միայն ՌԴ համար, այլև Թուրքիայի՝ որպես տարանցիկ երկրի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների համար, որոնք այսպիսով կստանան էժան գազ:

Քաղաքական տեսանկյունից կնճռոտ հարցերը շատ են, ի դեպ, սկսած հենց ծրագրի դերակատարներից: Մասնավորապես խոսքը վերաբերում է ռուս-թուրքական պարբերական առճակատումներին, որոնք նույնիսկ այսօրինակ ռազմավարական բարձր կարգի համագործակցության պարագայում ամեն վայրկյան կարող են սրվել: Օրինակ, սիրիական հակամարտության ֆոնին Իդլիբն ապառազմականացված տարածք դարձնելու մասին կողմերի պայմանավորվածության տապալումը կարող է հանգեցնել Սիրիայում ռուս-թուրքական առճակատման՝ այդ թվում նաև զինված: Նշենք, որ «Թուրքական հոսքի» խնդրին անմիջապես աղերսվում է Ուկրաինան, որը դեպի Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ երկրի դերակատարությունը կորցնելու վտանգի առաջ է: Բավական կտրուկ արձագանքներ են լսվել Միացյալ Նահանգների կողմից, որը ռուս-թուրքական գործարքը Եվրոպայի համար որակել է որպես գազի մենաշնորհային մատակարարին տրվելու վտանգ: Ի դեպ, վերջինի մասով, եվրոպական կողմը, կարծես, այնքան էլ վտանգ չի զգում: Մասնավորապես, եվրոպական մի շարք երկրներ, ինչպես օրինակ Հունգարիան (վարչապետի մակարդակով), հայտ են ներկայացրել «Թուրքական հոսքի» գազատարներն իրենց սահմաններին հնարավորինս մոտեցնելու համար. դե իհարկե, էժան գազից օգտվելը վատ չէ:

Անշուշտ, այս ծրագիրը գլոբալ քաղաքական կուրսերին որոշակի նոր զարկ կհաղորդի: Օրինակ, նույն ԱՄՆ Թուրքիային սիրաշահելու համար կշարունակի խաղաքարտեր դնել սեղանին, ինչպես օրինակ իրանական նավթի գնման պատժամիջոցներից Թուրքիայի բացառելն էր, ինչպես օրինակ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու մասին խոստումները: Թուրքիան իր հերթին կօգտվի տարանցիկ լինելու իր դերակատարությունից և դա անշուշտ կզգացվի սիրական հակամարտության վրա: Միաժամանակ, Թուրքիայի նկատմամբ ազդեցության լծակներ է մեծացնում Ռուսաստանը: Այսինքն, ըստ էության, գործ ունենք խաչվող քաղաքական շահերի հետ, ինչը մի կողմից որոշակի կայունության երաշխիք կարող է հանդիսանալ, մյուս կողմից՝ վտանգավոր տանդեմ տարածաշրջանի փոքր խաղացողների համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: