ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բազմավեկտոր ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը պետք է մնա անփոփոխ. Արսեն Համբարձումյան (ԲԱՑԱՌԻԿ)

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։ 

Ձեզ ենք ներկայացնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ անդամ, կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը ներկայացնող Արսեն Համբարձումյանի բացառիկ հարցազրույցը:

 

- Պարոն Համբարձումյան, Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել, ո՞րն է ՀՅԴ մոտեցումն այս հարցում:

- Նախ պետք է բացառել կտրուկ շրջադարձերն արտաքին քաղաքականության հարցերում, բազմավեկտոր ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունը պետք է մնա անփոփոխ: Պետք է ամրապնդել արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչը։

Նկատի ունենալով մեր համաշխարհային ազգ լինելու հանգամանքը՝ անհրաժեշտ է մշակել և գործադրել Հայաստանի անվտանգության և հայության տարբեր հատվածների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, համազգային ներուժի բացահայտման և օգտագործման ամբողջական ռազմավարություն:

Պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը պետք է խարսխվի ազգ-բանակ հայեցակարգի վրա, միաժամանակ զարգացնելով ռազմական արդյունաբերությունը։

- Ինչպե՞ս  եք տեսնում Հայաստանի և ուժային կենտրոնների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) երկկողմ հարաբերությունների զարգացումը:

- Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդումը պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։

ԵՄ-ի հետ հարաբերությունները պետք է խորացվեն 2017-ին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, միաժամանակ շարունակելով եվրոպական առաջատար երկրների, մասնավորապես Ֆրանսիայի և Գերմանիայի հետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։

- Ինչպե՞ս եք տեսնում ՀՀ հարաբերությունների զարգացումը հարևան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի և Իրանի հետ:

- Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցել բարեկամության ու ազգային շահերի փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Բարիդրացիական հարաբերությունների շրջագծում պետք է կարևորել նաև ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների հետ կապված խնդիրները։

Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ բազմակողմանի հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։

- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում հնարավոր համարո՞ւմ եք, և այդ ուղղությամբ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն:

- Նկատի ունենալով Թուրքիայի ներկա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը և դիրքորոշումները՝ տեսանելի ապագայում հազիվ թե հնարավոր է ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն։ Առհասարակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջին հերթին ենթադրում է առանց որևէ նախապայմանի երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված սահմանների բացում։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: