ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաբական գարուն. երկրորդ «եթերաշրջանը» Սուդանում և Ալժիրում

Reuters

Իրավիճակը Մաղրիբում շարունակում է լարված մնալ: Լիբիայում հակամարտության կողմերի միջև կատաղի մարտեր են մայրաքաղաք Տրիպոլիի համար, իսկ Ալժիրում և Սուդանում արդեն ամիսներ շարունակվող հակակառավարական ցույցերը չեն դադարում:

Եվ եթե Լիբիայում ստեղծված իրավիճակը 2011 թվականի արաբական գարնան հետևանք է, ապա Ալժիր և Սուդան արաբական գարունը նոր է գալիս:

Այսպես, Սուդանում ցույցերը սկսվել են դեռ 2018 թվականի դեկտեմբերին` հացի գներն իջեցնելու պահանջով, որն աստիճանաբար վերաճել է երկիրը 1989 թվականից ղեկավարող Օմար-ալ-Բաշիրի հրաժարականի պահանջի: Ցուցարարները ինչ-որ առումով հաջողության են հասել. տասնյակ զոհերի հանգեցրած երկարատև ցույցերից հետո ապրիլի 11-ին Սուդանի պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու մասին: Նրա գլխավորությամբ Սուդանում ստեղծվեց ռազմական խորհուրդ, որը երկիրը ղեկավարելու է երկու տարվա ընթացքում: Անցումային այդ շրջանից հետո նախատեսվում է երկրի ղեկավարումը հանձնել քաղաքացիական իշխանությանը:

Սուդանցիների համար Օմար ալ-Բաշիրին գահընկեց անելու լուրն, իհարկե, շատ ուրախալի էր, մարդիկ նույնիսկ փողոց էին դուրս եկել` տոնելու այդ իրադարձությունը, սակայն ցույցերը հյուսիսաֆրիկյան այս երկրում շարունակվում են: Սուդանցիները ցանկանում են դեմոկրատական փոփոխություններ, այլ ոչ թե ռազմական հեղաշրջում` առավել ևս, որ այն իրականացվել է նախկին նախագահի համախոհի կողմից, ով ընդամենը շաբաթներ առաջ Բաշիրի կողմից նշանակվել էր երկրի փոխնախագահ: «Սա նոր շորերով հին ռեժիմն է», երկրում տեղի ունեցածի մասին նշում են սուդանցիները, ովքեր վճռական են շարունակելու պայքարը մինչև վերջ: Ճնշման ներքո Ավադ բեն Աուֆը հրաժարական ներկայացրեց, սակայն երկիրը շարունակում է ղեկավարել ռազմական խորհուրդը:

Կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն Սուդանում, դժվար է` հաշվի առնելով այդ երկրում ներքաղաքական բարդ փոխհարաբերությունները` այդ թվում ուժայինների միջև, ինչպես նաև հասարակության վճռականությունը: Բացի այդ, պետք է նկատել, որ Բաշիրը, ով տարիների ընթացում իր երկաթե ձեռքերում էր պահում իշխանությունը, դեռևս շատ համախոհներ ունի Սուդանի քաղաքական էլիտայում և դեռ կարող է ազդել իրավիճակի վրա: Ի դեպ, Դարֆուրում ռազմական հանցագործությունների համար 2009 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող Բաշիրի ճակատագիրը հեղաշրջումից հետո անհայտ է. որոշ աղբյուրներ նշում են, որ նա փախել է Դամասկոս, Ավադ բեն Աուֆն էլ հայտատարել է, որ նա ապահով վայրում է, և իրենք չեն պատրաստվում արտահանձնել նախկին նախագահին:

Ցույցերի դինամիկան նույն է նաև Ալժիրում: Երկարատև ցույցերից հետո, ըստ էության ոչ առանց զինվորականների միջամտության, Ալժիրի երկարամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ապրիլի 2-ին հրաժարական ներկայացրեց: Սակայն ցույցերը շարունակվում են, քանի որ նախագահի պաշտոնակատար է նշանակվել Բուտեֆլիկայի մերձավորներից մեկը: Ալժիրցիները շարունակում են մնալ փողոցում` պահանջելով նոր ընտրությունների անցկացում:

Թեև հյուսիսաֆրիկյան այս երկու երկրներում զարգացումների դինամիկան  գրեթե նույն է, սակայն իրավիճակն ունի խորքային տարբերություններ: Այսպես, սուդանցիներին փողոց դուրս գալ էր ստիպել այդ թվում Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում առաջացած սոցիալ-տնտեսական բավականին ծանր դրությունը: Սա թերևս ավելի է բարդացնում իրավիճակը Սուդանում, քանի որ ժողովրդի դժգոհությունը վերացնելու համար ոչ միայն քաղաքական էլիտայի փոփոխություն է անհրաժեշտ, այլև խորքային փոփոխություններ պետական քաղաքականությունում:

Ալժիրում ցուցարարների պահանջները քաղաքական էին իսկբանե:Ալժիրցիները վերջին տարիների պարբերաբար ցույցեր էին անցկացնում Բուտեֆլիկայի նախագահության հնարավոր 5-րդ ժամկետի դեմ: Թերևս դրանով է պայմանավորված նաև, որ այս երկրում ցույցերը բացառապես խաղաղ բնույթ են կրում: Ընդ որում, նոր ընտրություններ անցկացնելու ալժիրցիների պահանջը երաշխավորված է սահմանադրությամբ. Բուտեֆլիկայի հրաժարականից 90 օր հետո, սահմանադրության համաձայն, երկրում պետք է նոր ընտրություններ տեղի ունենան: Փաստորեն, այսօր ալժիրցիները մնում են փողոցում ընտրություններն ավելի շուտ նշանակելու համար:

Անկախ ցույցերի պատճառներից և անգամ բնույթից, պետք է նկատել, որ իրավիճակն ինչպես 2011-ին, այժմ էլ բավականին պայթյունավտանգ է` ընդ որում ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի համար: Թեև հարևան երկրներում կառավարած երկարամյա ռեժիմները տապալված են, սակայն խորքային խնդիրները, որոնք, ըստ էության, հանգեցրեցին դրանց տապալմանը, լուծված չեն: Միաժամանակ, պահպանվում է միջազգային դերակատարների մեծ հետաքրքրությունը տարածաշրջանում: Այստեղ չպետք է մոռանալ նաև, որ և´ Սուդանը, և´ Ալժիրն ունեն նավթի և գազի պաշարները, ինչն այս երկրներին դրսի ուժերի համար բավականին գրավիչ է դարձնում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: