ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արաբական գարնան երկրորդ «եթերաշրջանը». ամփոփում

Reuters

Չնայած 2011 թվականին տեղի ունեցած արաբական գարունից հետո արաբական մի շարք երկրներում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու պահանջը հանգեցրեց քաոսի և անվտանգային լուրջ խնդիրների՝ արաբական երկրներում շարունակում է սուր մնալ ժողովրդավարական բարեփոխումների հանրային պահանջը, ինչի արդյունքում 2019 թվականին արաբական որոշ երկրնում մենք ականատես եղանք արաբական գարնան երկրորդ եթերաշրջանին:

Այսպես, 2019 թվականի ապրիլի 2-ին երկարատև ցույցերից հետո Ալժիրի երկարամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հրաժարական ներկայացրեց: Սակայն Ալժիրին չհաջողվեց խուսափել քաղաքական ճգնաժամից: Նախ ցույցերը շարունակվում էին, քանի որ նախագահի պաշտոնակատար է8 նշանակվել Բուտեֆլիկայի թիմակից Աբդել Կադեր Բենսալահը: Ալժիրցիները դեմ էին հանդես գալիս ընտրությունների անցկացմանը, քանի դեռ իշխանության ղեկին գտնվում են հին ռեժիմի ներկայացուցիչները: Արդյունքում հունիսին նշանակված ընտրությունները չեղարկվեցին: Իսկ դեկտեմբերին երկրի դե ֆակտո ղեկավար, Ալժիրի գլխավոր շտաբի պետ Ահմեդ Գայդ Սալահի պնդմամբ նշանակված ընտրություններն անցան բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին:

Դեկտեմբերի վերջին Սալահի մահը որոշակի հնարավորություններ է բացում երկրի նորընտիր նախագահ Աբդելմաջիդ Տեբոունի համար երկրում իր վերահսկողությունը հաստատելու և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար՝ կատարելով խորքային քաղաքական բարեփոխումներ իրականացնելու ալժիրցիների պահանջը:

Սուդանում զարգացումներն այլ սցենարով ընթացան: Դեռ 2018 թվականի դեկտեմբերին սկսված բողոքի ակցիաների ֆոնին, որոնք հանգեցրել էին տասնյակ զոհերի, ապրիլի 11-ին տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Սուդանի երկարամյա նախագահ Օմար ալ-Բաշիրին գահընկեց անելուց հետո իշխանությունն իր ձեռքը վերցրեց ռազմական խորհուրդը, ինչը նոր ցույցերի առիթ դարձավ:  Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով սեպտեմբերին ձևավորվեց անցումային կառավարություն  զինվորականների և քաղաքացիական ուժերի ներկայացուցիչներից, որոնք պետք է երեք տարվա ընթացքում  իրականացնեն քաղաքական և տնտեսական արմատական վերափոխումներ:

2019 թվականին բողոքի լայնամասշտաբ ակցիաներ տեղի ունեցան նաև Լիբանանում և Իրաքում, որտեղ իրավիճակը դեռևս հանգուցալուծում չի ստացել:

Հոկտեմբերից Իրաքում ընթացող բողոքի ակցիաներն ուղղված էին գործազրկության, կոռուպցիայի և հանրային ծառայությունների ցածր որակի դեմ: Այս ակցիաները ԻՊ դեմ հաղթանակից հետո Իրաքի պատմության ամենաարյունալի դրվագն է. ցույցերի ընթացքում զոհվել է ավելի քան 400, վիրավորվել  մոտ 8800 մարդ: Իրաքցիների բողոքի չդադարող ակցիաների ֆոնին երկրի նախագահը և  կառավարությունը հրաժարական ներկայացրեցին տարեվերջին: Քաղաքական ճգնաժամը հաղթահարելու հարցում կարևոր նշանակություն կարող է ունենալ դեկտեմբերի վերջին Իրաքի խորհրդարանի կողմից ընտրությունների մասին նոր օրենքի ընդունումը, որը հնարավորություն է տալիս առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել նաև անկախ թեկնածուներին: Նշենք, որ սա ցուցարարների գլխավոր պահանջներից էր: Սակայն որքանով ընտրությունների արդյունքները կբավարարեն իրաքցիների սպասումները դժվար է ասել: Իրաքն ամերիկյան ներխուժման, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ավերիչ պայքարի արդյունքում հայտնվել է բավականին ծանր սոցիալ-տնտեսական դրության մեջ, ինչը հաղթահարելու համար մեծ ջանքեր և համբերություն է պահանջվում:

Լիբանանում իրավիճակը գրեթե նույնական էր: Լիբանանցիներին փողոց դուրս գալ ստիպեց կառավարության տնտեսական նոր քաղաքականությունը, որը նախատեսում էր քաղաքացիների հարկային բեռի մեծացում: Բողոքի ակցիաների ֆոնին Լիբանանի կառավարությունը Սաադ Հարիրիի գլխավորությամբ ստիպված էր հրաժարական ներկայացնել: Նոր կառավարությունը ձևավորել այդպես էլ չի հաջողվում, քանի որ լիբանանցիները պահանջում են տեխնոկրատների կառավարություն, որը որևէ կապ չունի նախկին կոռումպացված ռեժիմի հետ: երկարատև քննարկումների արդյունքում նոր կառավարության ձևավորումը հանձնարավեց կրթության նախկին նախարարին: Թեև լիբանանցիների մեծ մասը ողջունեց ակադեմիական շրջանակներից վարչապետի նշանակումը, սակայն նրա թեկնածությունը լիբանանցիների որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացնում:

Նշենք, որ մերձավորարևելյան այս երկրներում իրավիճակը բարդանում է նաև արտաքին դերակատարների ազդեցությամբ պայմանավորված: Մասնավորապես Լիբանանում և Իրաքում բողոքի ակցիաներին փորձ է արվում տալ հակաիրանական բնույթ (Իրաքում մի շարք հարձակումներ իրականացվեցին Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա): Արաբական այս երկու երկրներում բավականին մեծ է Իրանի ազդեցությունը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի և Իսրայելի մոտ: 2020 թվականին Իրանի հետ վերջինիս հարաբերությունները կարող է հետևանքներ ունենալ նաև մերձավորարևելյան այս երկրների ներքաղաքական իրավիճակի և տարածաշրջանային կայունության վրա ընդհանրապես:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: