ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան-Սաուդյան Արաբիա. ինչո՞ւ է սառույցը կոտրվում

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերություններում, կարծես թե, նոր էջ է բացվում: Փետրվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Դրան նախորդել էր նախագահ Արմեն Սարգսյանի պատմական այցը Սաուդյան Արաբիա: Աշխատաքային այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպում էր ունեցել թագավորության փաստացի կառավարչի՝ թագաժառանգ արքայազն Մուհամադ բեն Սալմանի հետ:

Հայաստանը և Սաուդյան Արաբիան մինչ օրս չունեն դիվանագիտական հարաբերություններ: Էր-Ռիադը չէր գնում այդ քայլին Ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ուստի, այստեղ Հայաստանի գործող իշխանության կողմից լուրջ, հետևողական դիվանագիտական աշխատանք տեսնելու փորձերը, թերևս, տեղին չեն:

Կարևոր է ընդգծել, որ Սաուդյան Արաբիան, ի տարբերություն Պակիստանի, որը նույնպես Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորված, երբեք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ առանձնակի ագրեսիվություն չի ցուցաբերել:

Այսօր Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հաստատման «խոչընդոտն», Էր-ռիադի կարծիքով, վերացել է, քանի որ Ադրբեջանը այլևս պնդում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, իսկ Հայաստանի իշխանություններն էլ առանձնապես քայլեր չեն անում ադրբեջանական այս պնդումը գործնականում հերքելու համար, ավելին՝ հանդես են գալիս բավականին ադրբեջանամետ հայտարարություններով և պնդումներով: Ուստի, սաուդյան իշխանություններն այս համատեքստում այլևս մտավախություններ չունեն, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարող են դիտվել որպես իսլամական համերաշխության դեմ արված քայլ:

Ավելին, Հարավային Կովկասում տեղի ունեցող ուժային վերադասավորումները բավականին հետաքրքիր են Էր-Ռիադին: Հարավային Կովկասում իր ներկայությունը մեծացնելու համար Սաուդյան Արաբիան այսօր ունի առնվազն երկու դրդապատճառ՝ Թուրքիայի և Իրանի ներկայության աստիճանը մեր տարածաշրջանում:

Սաուդյան Արաբիան և Թուրքիան վերջին տարիներին լուրջ մրցակցության մեջ են իսլամական աշխարհում առաջնորդի դերի համար, ինչի արդյունքում երկու երկրների միջև հարաբերությունները նույնիսկ առևերույթ հանդարտության պայմաններում, ինչպիսին ունենք այսօր, բավականին լարված են: Կողմերը լուրջ հակասություններ ունեն նաև տարածաշրջանային քաղաքականության համատեքստում, Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիան իր համար լուրջ վտանգներ էր տեսնում Թուրքիայի՝ ահաբեկչություն հովանավորող քաղաքականությունից:  Հարաբերութունների նման որակի պայմաններում Սաուդյան Արաբիան ձգտում է հնարավորինս թույլ չտալ Թուրքիայի տարածաշրջանային և ընդհանրապես աշխարհաքաղաքական դիրքերի ուժեղացում: Այս համատեքստում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է որոշակիորեն մեր տարածաշրջանում լուծել այդ խնդիրը: Նշենք, որ Հայաստանի գործոնը Սաուդյան Արաբիան Թուրքիայի դեմ օգտագործում էր նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Թուրք-սաուդական հարաբերություններում սրացումների ժամանակ պետական վերահսկողության տակ գտնվող սաուդյան մամուլը «հիշում» էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանոթւյան մասին: Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում, ակնհայտ է, որ  միայն այդ գործիքը Թուրքիայի վրա որոշակի ճնշում գործադրելու համար բավարար չի լինելու:

Սակայն, ինչպես նշեցինք, Սաուդյան Արաբիայի հետաքրքրությունները միայն Թուրքիայով չեն ավարտվում: Հարավային Կովկասը գտնվում է Սաուդյան Արաբիայի մյուս հակառակորդի՝ Իրանի հետաքրքրությունների դաշտում: Ճիշտ է, Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում, այդ թվում նաև ի հաշիվ Թուրքիայի ազդեցության մեծացման, Իրանի դիրքերը թուլացել են, սակայն մի կողմից Իրանը փորձելու է վերականգնել բալանսը, մյուս կողմից տարածաշրջանի ապաշրջափակման արդյունքում էներգակիրների տեղափոխման լուրջ նախագծերը կարող են իրականացվել՝ մեծացնելով ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իրանի դերն այս հարցում: Ուստի, Հարավային Կովկասում իր ներկայությունն ավելացնելով, որի գործիքներից է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը, Սաուդյան Արաբիան փորձելու է որոշակիորեն ներգրավվել տարածաշրջանային գործընթացներում:

Սաուդյան Արաբիայի այս ակտիվությունը Հայաստանի համար կարող է որոշակի մարտահրավերներ առաջացնել՝ մասնավորապես Իրանի մասով: Իրանի համար Հայաստանի և իր գաղափարական հակառակորդ Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հաստատումը բավականին զգայուն հարց է, և այս համատեքստում Իրանի հետ հետևողական աշխատանքի բացակայությունը, ինչպես եղավ Իսրայելում ՀՀ դեսպանություն բացելու որոշման հետ կապված, կարող է  բավականին լուրջ բացասական ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա: Իսկ այսօր Սյունիքում թուրք-ադրբեջանական միջանցքային հավակնությունների պայմաններում Հայաստանի համար Իրանի հետ հարաբերություններն առավել քան երբևէ կարևորված են:  

 

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: