ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամկետային ծառայություն անցած զինվորները վեց ամիս ծառայություն անցնելուց հետո, կարող են անցնել պայմանագրային զինծառայության. վարչապետ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:

«Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:

Այդ օրն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբն ինքնաձիգերով սպանեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»,-ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարության նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զեկուցմամբ, օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պաշտպանության նախարարի ներկայացմամբ, պատվովճարի չափը նախատեսում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն: Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը: Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023թ. հունվարին:

Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս նախագիծը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների փաթեթի մաս է, և ըստ էության, ի՞նչ է ասվում սրանով. ժամկետային զինվորական ծառայություն անցած զինվորները վեց ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ ծառայեն, աշխատավարձ ստանան՝ այն պայմանով, որ իրենք արդեն պայմանագրային զինծառայող կդառնան և իրենց հետ պայմանագրի ժամկետը կսահմանվի 5 տարի: Սա մի առանձնահատկություն է:

Հաջորդ առանձնահատկությունն այն, է, որ նրանք կմտնեն ատեստավորման հիմա գործարկվող կանոնի մեջ, այսինքն՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, իսկ ատեստավորումից հետո արդեն՝ կրկնապատկված դրույքներով: Այնտեղ, իհարկե, որոշակի մեխանիզմներ կան, որ եթե պայմանագրային զինծառայության անցնելուց հետո, երեք ամսվա ընթացքում ատեստավորում անցնի, նախորդ երեք ամիսների աշխատավարձերը կվճարվեն արդեն բարձրացված դրույքով, իսկ հետագայում արդեն՝ ատեստավորման պահից սկսած:

Հաջորդ մեխանիզմը նրա համար է, որպեսզի այնպես չլինի, որ մարդիկ երկու տարի, այսինքն՝ վեց ամիս պլյուս 1 տարի վեց ամիս ծառայեն, հետո ասեն խզում ենք պայմանագիրը, դրա համար խզելու դեպքում այդ երկու տարվա ծառայությունը կլրացնեն և կզորացրվեն:

Ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է, որովհետև հիմա այս փուլում այն ժամկետայինները, ովքեր կուզենան անցում կատարել պրոֆեսիոնալ ծառայության, առնվազն 5 տարվա այդ հնարավորությունն օրենքի այս փոփոխությունը կապահովի»:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» ծրագրին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց ինչպես մենք մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք՝ կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու բազմաթիվ խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն, բայց նաև քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում, բայց թեման քննարկելի է և կարելի է այն լավարկել, բարելավել»:

Վարչապետը նշել է, որ այդ թեմայի հետ կապված կոնցեպտուալ խնդիրներ էլ կան. «Խորհրդակցությունների ժամանակ մենք բազմիցս այդ խնդրին անդրադարձել ենք: Այսպիսի մի միտք շատ կարևոր եմ համարում. ընդհանրապես ցանկացած երկրում սպայական դասը, սպայական խավը պետության կարևորագույն հենասյուններից մեկն է, և մենք օբյեկտիվ, իհարկե, հանգամանքների բերումով այսօր մեր սպայակազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց առաջին մասնագիտությամբ մանկավարժ են, գիտնական են, ինժեներ են, և բոլորիս հայտնի հանգամանքների բերումով նրանք դարձել են սպաներ: Սա, իհարկե, մեզ հայտնի հանգամանքներում՝ անկախության առաջին տարիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց կարծում եմ, 30 տարվա արդյունքներով նման իրադրությունը, նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, օբյեկտիվ կարիքներից ելնելով, շատ դեպքերում լուծումներ են տրվում, որպեսզի այդ պահի խնդիրը լուծվի, սակայն ռազմավարական խնդիրն է բաց թողնվում: Վարչապետը նաև հավելել է, որ բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկվում է, որ պետք է Հայաստանում սպայական կրթական հաստատություն լինի, որը սովորական բուհերից կտարբերվի, չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ սովորական սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի: «Սա շատ լուրջ և խորքային խնդիր է, հայեցակարգային խնդիր է, և պետության կայացման ու պետության ինստիտուտների և պետականակենտրոն դասի խավերի, եթե կարելի է այդպես ասել, ձևավորման խնդիր է: Այստեղ մենք պետք է լրջորեն մտածենք»,- նշել է վարչապետը և հավելել, որ այս թեմայով երեկ կայացած խորհրդակցության ժամանակ դրա հետ կապված կոնկրետ հանձնարարական է տվել, որպեսզի այս չափազանց կարևոր և նուրբ թեմայի շուրջ լուրջ քննարկումներ տեղի ունենան և հնարավոր լինի ճշգրիտ որոշումներ կայացնել:

Կհստակեցվի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ: Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության ծրագրի շարունակությունն ապահովմամբ, ինչպես նաև ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով։ Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված՝ սեյսմիկ տեսանկյունից առավել վտանգավոր առկա դպրոցների ցանկը՝ հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ արդեն իսկ կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված դպրոցները։ Միաժամանակ հստակեցնել ծրագրում ընդգրկվող դպրոցները, համայնքները և բնակավայրերը՝ հաշվի առնելով համայնքների միավորման գործընթացը։ Այդ կապակցությամբ նախագծի առանձին հավելվածով ներկայացվել են այն դպրոցները, որոնք արդեն իսկ կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգվել են կամ գտնվում են շինարարական աշխատանքների ընթացքում՝ ՀՀ պետական բյուջեի, Ասիական զարգացման բանկի և Համաշախարհային բանկի միջոցների հաշվին։ Փոփոխությունը պայմանավորված է ԱԶԲ-ի կողմից ներկայացված առաջարկով։ Արդյունքում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը 368 է։ Ընդ որում, դպրոցների հստակեցման արդյունքում գործող որոշմամբ ներակայացված են դպրոցներ, որոնք այժմ չենք գործում։ Այդ իսկ պատճառով 437 դպրոցի և տարբեր ֆինանսավորման աղբյուրների հաշվին իրականացված և իրականացվող կառուցվող կամ հիմնանորոգվող դպրոցների թվի տարբերությունը չի համապատասխանում։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ 2015 -2022 թվականներին իրականացվել են շուրջ 63 դպրոցների կառուցման, վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներ, ընդ որում որոշները դեռևս ընթացքի մեջ են, ուստի հետագա 8 տարում շուրջ 305 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման կանխատեսումը գնահատվում է ոչ իրատեսական։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ծրագրի իրագործման ժամկետն ավելացնել 5 տարով՝ մինչև 2035 թվական։ Նշված առաջարկության համար հիմք են հանդիսանում նաև ֆինանսական գնահատականները։ Մասնավորապես․ վերոհիշյալ 63 դպրոցների շինարարության աշխատանքների արժեքը կազմել է 71,765 մլրդ դրամ կամ շուրջ 159,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրում ընդգրկվող 368 դպրոցների կառուցման կամ վերակառուցման արժեքը՝ ըստ խոշորացած հաշվարկների և հիմք ընդունելով ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող Ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների նախահաշվային արժեքները՝ շուրջ 1,678 մլրդ ԱՄՆ դոլար։ Այսինքն, 2022-30 թվականները անհրաժեշտ կլինի 1,519 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ կապակցությամբ առաջարկվում է ծրագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2035 թվական։ Հաշվի է առնվել նաև մինչև 2026 թվականը ԱԶԲ–ի աջակցությամբ իրականացվող ևս 15 դպրոցների /46-ի շրջանակներում/ շինարարության արժեքները՝ շուրջ 63,7 մլն ԱՄՆ դոլար/։

Թեմայի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մինչև 2026 թվականը դպրոցների և մանկապարտեզների կառուցման և վերակառուցման պլանը և հավելել է, որ այս ցանկում ներառված են նաև սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով նախատեսված դպրոցները. «2023 թվականի հունվարի 1-ին մենք նախատեսում ենք շահագործման հանձնած լինել 24 դպորց, 53 մանկապարտեզ, 2024 թվականի հունվարի 1-ին՝ 64 դպրոց, 141 մանկապարտեզ, 2025 թվականի հունվարի 1-ին՝ 57 դպրոց, 144 մանկապարտեզ, 2026 թվականի հունվարի 1-ին՝ 111 դպրոց, 87 մանկապարտեզ, 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 78 դպրոց, 92 մանկապարտեզ: Ընդհանուր՝ 337 դպրոց, 521 մանկապարտեզ»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է՝ շատ կաևոր է, որպեսզի կառուցվող դպրոցները դառնան նաև համայնքի, բնակավայրի կյանքի աշխուժացմանը, համայնքային կյանքի կազմակերպման նոր ձևերի փնտրտուքի առիթ:

Անդրադարձ է կատարվել նաև հանրակրթության ոլորտի մյուս ծրագրին՝ կամավոր ատեստավորմանը: Թեմայի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է, որ այս ատեստավորման ժամանակ շահառուների ընդհանուր թիվը կազմել է 29441, գրանցվել է 3886-ը՝ շահառուների թվի շուրջ 13 տոկոսը: Նախորդ տարի շահառուների ընդհանուր թիվը կազմել է 15417, գրանցվել է շահառուների թվի շուրջ 9 տոկոսը: Սակայն գրանցումից հետո, գրանցվողների մի մասը չի մասնակցել, որի համաձայն այս տարվա մասնակիցների թիվը կազմել է գրանցվածների 60 տոկոսը: Արդյունքում՝ մասնակիցների թիվը եղել է շուրջ 2300 հոգի: Այս տարի, ընդհանուր առմամբ, ատեստավորվել է մասնակիցների շուրջ 2/3-րդը՝ 66 տոկոսը, 30 տոկոս հավելավճար ստացել է մասնակիցների 23 տոկոսը՝ 525 ուսուցիչ, 40 տոկոս հավելավճար ստացել է մասնակիցների 17 տոկոսը՝ 397 ուսուցիչ և 50 տոկոս հավելավճար ստացել է մասնակիցների 6 տոկոսը՝ 137 ուսուցիչ: Ատեստավորումն անցած են համարվել, սակայն հավելավճար չեն ստանցել այն ուսուցիչները, ովքեր չեն հաղթահարել 70 տոկոսի շեմը, սակայն հաղթահարել են 60 տոկոսի շեմը: 60-ից 70 տոկոսը համարվում է ատեստավորված, սակայն ֆինանսական հետևանք իրենց համար չի լինում: 70 և ավել տոկոս հավաքած ուսուցիչների դրույքաչափն ավտոմատ դառնում է 200 հազար դրամ, որին ավելանում է նաև համապատասխանաբար 30, 40, 50 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետք է շարունակել գործընթացը, շարունակել քաջալերել ուսուցիչներին և հաջորդ փուլում նաև տարրական դասարանների դասվարները հնարավարություն կունենան ատեստավորման: «Նաև, կարծում եմ, պետք է նրանք, ովքեր 30 տոկոսով են հավելավճար ստացել և ցանկություն ունեն ավելի լավացնել իրենց արդյունքները, իրենց էլ պետք է հնարավորություն տալ, որպեսզի շարունակեն գործընթացը»,- ասել է վարչապետը:

Թեմայի շրջանակում վարչապետն ընդգծել է, որ ըստ տրված հանձնարարականի, ակնկալում է, որ արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում ավելի կոնկրետ կխոսվի երաժշտական, արվեստի դպրոցների, սպորտդպրոցների ուսուցիչների, մարզիչների և մանկապարտեզների դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման գործընթացի մասին: «Այստեղ պետք է որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որովհետև, ինչպես արդեն ասացի, գիտենք այդ հաստատությունները համայնքային ենթակայության են, նրանց աշխատավարձերը վճարվում են համայնքային բյուջեից, բայց ես պրոբլեմ չեմ տեսնում, եթե կառավարությունն ատեստավորված ուսուցիչներին ուղղակի հավելավճար վճարի: Այդ մեխանիզմները մենք կարող ենք ստեղծել, համենայնդեպս՝ պետք է ինտենսիվ աշխատել, որպեսզի բոլոր այս կրթական հաստատությունների ուսուցիչները նույնպես կամավոր ատեստավորման հնարավորություն ունենան և նաև իրենց աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն ունենան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի կփոխհատուցվի աշնանացան ցորենի մշակության ծախսերը

Կառավարության որոշմամբ, վերաբաշխում և լրացում է կատարվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում և փոփոխություններ ու լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների: Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմա¬նավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ծրագրի նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման անհրաժեշտությամբ։

Կարգավորման նպատակն է աշնանացան ցորենի 1 հա-ի մշակության ծախսերի, մասնավորապես սերմի, պարարտանյութի, դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով՝ նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը։ Ծրագրով նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի (շուրջ 50%) փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը, մասնավորապես՝ հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի։ Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ 1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120․0 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70․0 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք և այլն) ձեռքբերման գների աճով։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի և շուրջ 70 լ դիզելային վառելանյութի չափաքանակներով։ Ծրագրով պարտադիր մոնիթորիգ կիրականացվի համայնքների կողմից, իսկ մարզպետարանները կիրականացնեն ընտրանքային մոնիթորինգ։ Ծրագրով նախատեսվում է նաև փոխհատուցման գումարների 3-5 %-ի չափով գումար տրամադրել համայնքներին՝ մոնիթորինգի արդյունավետ իրականացման համար (մինչև 5,000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5,000 հա-ից ավելի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ի չափով)։ Սույն ծրագրով պետական բյուջեում ծախսերը նախնական գնահատականներով գնահատվում են շուրջ 6,8 մլրդ դրամ, ընդ որում՝ 2022 թվականի համար՝ 3,9 մլրդ դրամ, 2023 թվականի համար՝ 2,9 մլրդ դրամ, սակայն կանխատեսվում է, որ 2022 թվականին անհրաժեշտ կլինի 2,5 մլրդ դրամ։ 2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,200,000,000 ՀՀ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց 1,225,000,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2,425,000,000 ՀՀ դրամ։ Միաժամանակ ծրագրով նախատեսված է մոնիթորինգի իրականացման համար համայնքներին տրամադրել մինչև 5000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5000 հա-ից ավելի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ի չափով, որի համար 2022 թվականին ըստ կանխատեսումների կպահանջվի 72,750,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն 2022 թվականին կկազմի 2,497,750,000 ՀՀ դրամ։ Նախագծով առաջարկվում է Ծրագրի համար 2022 թվականի պետական բյուջեով անհրաժեշտ 2,497,750,000 ՀՀ դրամը հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներից վերաբաշխման միջոցով:

Թեմայի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացնելով, նշել է, որ այս ծրագիրն առաջին անգամ կիրառվել է 2020 թվականին COVID-ի ժամանակ. «Իմաստը հետևյալն է՝ փորձում ենք խրախուսել, որպեսզի մեր հայրենակիցները ցորենի ցանքս կատարեն հնարավորինս բարձրորակ սերմերով: Մենք այն ժամանակ արձանագրում էինք, որ բերքատվության հետ կապված պրոբլեմները մեծապես կախված են այն խնդրի հետ - իհարկե, միակ խնդիրը չէ, բայց շատ կարևոր խնդիր է - երբ մարդիկ ուղղակի, այսպես ասած, պատշաճ որակ չունեցող ցորենի սերմեր են ցանում, ինչը բերքատվությունը պակասեցնում է: Մենք որոշեցինք, որ եթե հավաստագրված սերմեր կամ որակյալ սերմեր ձեռք բերեն, և դրա հիմնավորումը լինի, այդ սովորական և ոչ սովորական սերմերի գների միջև եղած տարբերությունը կառավարությունը փոխհատուցի»:

Վարչապետը նաև նշել է, որ ի հեճուկս տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսական ոլորտում շարունակվում է անկման դինամիկան. «Մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0.7 տոկոսի անկում ենք ունեցել, և ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա: Մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը:

Բայց մեծ հաշվով տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է, և 2022 թվականի սեպտեմբերին մենք արձանագրել ենք 14.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին 2021 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճ ունենք 14.1 տոկոս: Ընդ որում, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոս - գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ մենք դեռ անկում ունենք - շինարարության ծավալը՝ 14.3 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 14.5 տոկոս, ծառայությունների ծավալը՝ 27.1 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16.9 տոկոս, արտահանման ոլորտում աճ ունենք 63.8 տոկոսով, ներմուծման ոլորտում աճ ունենք 61.6 տոկոսով:

Պիտի արձանագրեմ նաև հետևյալը, որ 2019 թվականին մենք ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել և եթե այս տարվա հետ կապված լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, կարող ենք ասել, որ միջինում 2019, 2020, 2021 և 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանել ենք, ինչը մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է, նշաձող է, որը մենք պետք է կարողանանք ապահովել:

Իհարկե, այս տարվա բարձր տնտեսական աճը մեզ համար նաև որոշակի ռիսկեր է առաջ բերում, և այդ ռիսկը հետևյալն է, որ մենք մյուս տարի էլ այս 14, կամ 12, կամ 15, կամ գուցե ավել, կամ մի քիչ պակաս, բարձր տեմպի վրա պետք է ապահովենք կրկին 7 տոկոս տնտեսական աճ, որովհետև դա մեր հանձնառություն է:

Այստեղ կրկին ուզում եմ ուշադրությունը հրավիրել պետական ծախսերի արդյունավետ իրականացման վրա, որը վճռորոշ նշանակություն է ունենալու այլ գործոնների հետ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի համար»:

Տնտեսական ցուցանիշներին զուգահեռ, վարչապետը ներկայացրել է նաև աշխատավարձերի և աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն. «2022 թվականի սեպտեմբերին մենք եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ենք սահմանել Հայաստանի Հանրապետության պատմության համար: 2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10000-ով: Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ 681050 աշխատատեղ: Նաև պիտի արձանագրեմ, որ այս ցուցանիշը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է - աշխատատեղերի թիվը նկատի ունեմ - 39946-ով, կամ 6.1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108312-ով, կամ 18.6 տոկոսով: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել: Մենք, ցավոք, մեթոդաբանություն չունենք հստակ զատորոշելու՝ որն է նոր ստեղծվել, որն է ստվերից դուրս եկել և այդպես շարունակ:

Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին - շատ կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճային ճնշումները. 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 33 միլիարդ 430 միլիոն դրամով, կամ 23.5 տոկոսով: Սա, կարծում եմ, մի տարվա համար՝ որպես աշխատավարձային ֆոնդ, իհարկե, շատ կարևոր ցուցանիշ է: Իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 74 միլիարդ 161 միլիոն դրամով, կամ 73.2 տոկոսով: Այսինքն՝ հիմա հանրապետության ընդհանուր աշխատավարձային ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին:

Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը: Սա թերևս այն թիվն է, որը կարող է մեզ հպարտանալու և ընդգծելու տեղ տալ: 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկ ավել է հավաքագրվել 5 միլիարդ 351 միլիոն դրամով, կամ 17.6 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ 10 միլիարդ 556 միլիոն դրամով, կամ 41.8 տոկոսով: Ինչու եմ ասում, որ սա առանձնահատուկ կարևոր է, որովհետև եթե հիշում եք՝ մենք 2018 թվականին շատ համարձակ քայլի գնացինք և սահմանեցինք համահարթ եկամտահարկ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է, երբ, ընդհանուր առմամբ, իջեցրեցինք եկամտային հարկի դրույքաչափը, բայց փաստորեն 2021 թվականի արդյունքներով 100 միլիարդից ավելի եկամտային հարկ ենք հավաքագրել: Այս տարի տեսնում եք՝ այս ցուցանիշն ավելին կլինի:

Ինչ վերաբերում է մեկ մարդուն վճարված միջին աշխատավարձին, պիտի արձանագրեմ, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ մեկ աշխատողին վճարված աշխատավարձն ավել է 35769 դրամով, կամ 16.4 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 80077 դրամով, կամ 46.1 տոկոսով:

Իհարկե, թվերը շատ կարևոր և տպավորիչ են և հույս ունեմ, որ մենք այս տեմպը կշարունակենք: Ըստ էության, 2018 թվականից ի վեր աշխատատեղերի ավելացման աճի այս տեմպի մեջ ենք, ինչը, իհարկե, չափազանց կարևոր նորություն է»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը թեմայի վերաբերյալ լրացում կատարելով՝ նշել է, որ նախորդ տարի եկամտային հարկի դրույքաչափը 22 տոկոս էր, այս տարի 21 տոկոս է, իսկ հունվարի 1-ից լինելու է 20 տոկոս: Այսինքն՝ եկամտային հարկի հավաքագրումները 9 ամսվա տվյալներով 378.9 միլիարդ է, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 42.5 միլիարդով, կամ 12.6 տոկոսով: ՊԵԿ նախագահը նաև նշել է, որ վերադարձի ծավալը տարեցտարի ավելանում է: Հիմնականում ծանրաբեռնվածությունն ընկնում է հիփոթեքային ծրագրի վրա, և վերադարձի ցուցանիշն արդեն առաջին 9 ամիսների համար 30.4 միլիարդ է, ինչը նախորդ տարվա նկատմամբ ավել է 12.3 միլիարդով, կամ 67.7 տոկոսով:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև վիրտուալ հարթակում կոմերցիոն գործունեություն ծավալող ընկերություններից հարկերի հավաքագրմանը. «Սա հարկային հավաքագրումների մի հոդված է, որը նախկինում երբեք չի գործել Հայաստանի Հանրապետությունում, և այս նոր ինստիտուտի մեկնարկը չափազանց կարևոր է: Հույս ունենք, որ տնտեսական ակտիվությանը և աշխուժությանը զուգահեռ նաև այդ հոդվածներով հարկային եկամուտների ավելացումներ կունենանք»:

ՊԵԿ նախագահը զեկուցել է, որ կան 42 ընկերություններ, որոնք հարթակում գրանցվել են, կան 94 ներկայացված հաշվարկ՝ ըստ եռամսյակների հայտարարագրված: Երեք եռամսյակների արդյունքով 1 միլիարդից ավելի ավելացված արժեքի հարկ է հայտարարագրվել, այս պահի դրությամբ վճարվել է շուրջ 800 միլիոնը:

Միջազգային պայմանագրեր

Կառավարությունը հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Այլ որոշումներ

Գործադիրը որոշում է կայացրել հաստատել երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագիրը:

Գործադիրը հավանություն է տրվել «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Կառավարության որոշմամբ, փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 797-Ն որոշման մեջ:

Գործադիրի որոշմամբ, հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամարելու մասին:

Գործադիրը որոշում է կայացրել նաև Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու կարգը և պայմանները սահմանելու մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 32%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    19 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: