ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զինված ուժերում ատեստավորման արդյունքում էապես կավելանան պայմանագրային զինծառայողներին տրվող հավելավճարները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է այսօր լուսադեմին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինտենսիվ կրակոցների հետևանքով ստեղծված իրավիճակին և ներկայացրել Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման հիմնական նպատակները:

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել համապատասխան որոշումներում և սահմանել Պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման, արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա՝ հավելավճարների նոր չափեր:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ համաձայն կատարված փոփոխությունների՝ «ատեստավորման արդյունքներով ենթակա չէ հաշվարկվելու հավելավճար» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական: «Ատեստավորման արդյունքներով ենթակա է հաշվարկվելու հավելավճար կամ ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացությունը կայացվում է այն դեպքում, երբ ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճաններից ու մասնագիտական գիտելիքների ու ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից զինծառայողն ստացել է «բավարար» կամ «լավ» կամ «գերազանց» գնահատական: Ըստ այդմ՝ առաջարկվում է սպայական կազմի հավելավճարի չափը «գերազանց»-ի դեպքում սահմանել 470 000 ՀՀ դրամ, «լավ»-ի դեպքում՝ 420 000 ՀՀ դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 230 000 ՀՀ դրամ, մյուս կազմերի դեպքում «գերազանց»՝ 395 000 ՀՀ դրամ, «լավ»՝ 345 000 ՀՀ դրամ, «բավարար»՝ 205 000 ՀՀ դրամ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով հետևյալը. «Հարգելի գործընկերներ, ձեր ներկայությամբ և Կառավարության նիստերի ընթացքում ես խնդիր եմ ձևակերպել, որ Զինված ուժերում՝ բանակում, ատեստավորման արդյունքում աշխատավարձերը պետք է առնվազն կրկնապատկվեն: Դրանից հետո մենք ի՞նչ արեցինք՝ սահմանեցինք ատեստավորման չափանիշ և ասացինք՝ այս չափանիշն ով գերազանցում է, նրա աշխատավարձը կկրկնապատկվի:

Գիտեք, որ վերջին ամիսներին տեղի են ունենում ատեստավորման գործընթացի նախապատրաստություններ, և այս ընթացքում նաև մեր զինվորականների հետ ակտիվ հաղորդակցության մեջ ենք: Պաշտպանության նախարարն անընդհատ զորամասեր է այցելում, շփվում է զինվորականների հետ, ես էլ եմ առիթներ ունենում: Մենք հետևյալ արձագանքն էինք ստանում. ասում էին՝ շատ լավ, հասկանալի է, որ այս գերազանց նշաձողը սահմանել եք, և եթե մենք, օրինակ, այս նշաձողին շատ մոտիկ ենք, բայց դեռևս չենք անցնում այն, ստացվում է, որ մեր աշխատավարձը ոչ մի փոփոխություն չի կրելու, և մենք ունենալու ենք՝ բարձրացավ, կրկնապատկվեց աշխատավարձը կամ ոչ մի բան տեղի չունեցավ:

Այս քննարկումների, նաև մեր զինվորականների հետ շփումների արդյունքում որոշեցինք, որ որոշակի վերափոխենք: «Գերազանց»-ի դեպքում մենք կունենանք աշխատավարձի առնվազն կրկնապատկում՝ ինչո՞ւ եմ ասում առնվազն, որովհետև տարբեր կատեգորիաների հետ կապված կրկնապատիկից ավելի նույնիսկ կավելանա: Կունենանք նաև «լավ» և «բավարար» գնահատում: Ինչպես արդեն նախարարը նշեց, օրինակ, սպայական կազմի համար «գերազանց»-ի դեպքում աշխատավարձը կավելանա 470 000 ՀՀ դրամով՝ հարկերը ներառյալ: Սա նշանակում է՝ եթե իրենք առանց հարկերի, օրինակ, ստանում են 350 000 ՀՀ դրամ, ուրեմն ատեստավորումից հետո կստանան 700 000 ՀՀ դրամ, եթե ստանում են 400 000 ՀՀ դրամ, կստանան 800 000 ՀՀ դրամ: Այսինքն՝ նախկինում մենք միայն այս կետն ունեինք, բայց հիմա ավելացնում ենք ևս երկու կետ՝ «լավ»-ի դեպքում աշխատավարձը կբարձրանա 420 000 ՀՀ դրամով, որը կրկին համարյա շատ մոտ է կրկնապատիկին և «բավարար»-ի դեպքում եղած աշխատավարձը կավելանա 230 000 ՀՀ դրամով: Ուղղակի խնդրում եմ հաշվի առնել, որ այս թվերը հարկերը ներառյալ են, և հարկերը պետք է հանել՝ մաքուր աշխատավարձը հաշվարկելու համար: Մյուս կազմերի համար համապատասխանաբար՝ 395 000 ՀՀ դրամ կավելանա «գերազանց»-ի դեպքում, «լավ»-ի դեպքում՝ 345 000 ՀՀ դրամ, «բավարար»-ի դեպքում՝ 205 000 ՀՀ դրամ: Կարծում եմ՝ այս ճկունությունը ճիշտ տարբերակ է, որպեսզի մարդիկ այս փուլում իրենց արդյունքների համար, այնուամենայնիվ, ստանան հավելումներ, և հաջորդ փուլերում արդեն կարող են իրենք էլ հայտ ներկայացնել՝ ավելի բարձր որակավորում ստանալու համար և այդպես շարունակ»:

Վարչապետի հարցադրմանն ի պատասխան Պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել առ այն, թե որոշ դեպքերում որքան կկազմի մաքուր աշխատավարձը՝ առանց հարկերի. օրինակ, շարքային կազմը, ատեստավորման արդյունքում «բավարար» գնահատական ստանալու պարագայում, մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 321 910 ՀՀ դրամ, «լավ»-ի դեպքում՝ 430 910 ՀՀ դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 470 910 ՀՀ դրամ, իսկ, օրինակ, գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 760 ՀՀ դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 923 260 ՀՀ դրամ:

Կառավարության ղեկավարը նկատել է, որ բանակի փորձը հաշվի առնելով՝ եռաստիճան համակարգեր կիրառելու հեռանկարը կդիտարկվի մյուս մարմիններում ևս՝ Ոստիկանություն, Փրկարար ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, քանի որ ընդհանուր մոտեցումը սա է: «Նաև պետք է արձանագրենք՝ այս որոշումները բանակում որոշակի աշխուժություն են մտցրել, և մարդիկ ակտիվ պատրաստվում են ատեստավորման, ինչը նշանակում է, որ մարտական պատրաստության ավելի ինտենսիվ գործընթաց է տեղի ունենում, ինչը շատ կարևոր է: Եվ, իհարկե, պայմանագրային զինծառայության գրավչությունը սրանով էականորեն կմեծանա», - հավելել է Նիկոլ Փաշինյանը:


2022թ. պետական գույքի կառավարման արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել է 8.9 մլրդ ՀՀ դրամ

Գործադիրը որոշում է ընդունել պետական գույքի կառավարման 2021-2023թթ. ծրագրի կատարման 2022թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: Ըստ որոշման՝ հաշվետվությունն ընդգրկում է 2022թ. ծրագրի շրջանակում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկատվությունը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի զեկուցմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել են 3 առևտրային կազմակերպության պետական բաժնեմասերը, օտարվել է 17 միավոր անշարժ գույք և 102 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ այս գործառույթների արդյունքում բյուջետային մուտքերը կազմել են 8.9 մլրդ ՀՀ դրամ, որից 7.6 մլրդ ՀՀ դրամը՝ պետական բյուջե, 1 մլրդ ՀՀ դրամը՝ համայնքային բյուջեներ, մնացածը՝ ՊՈԱԿ-ների բյուջեներ: Մնացած ուղղություններով բյուջետային մուտքերը կազմել են մոտ 11.2 մլրդ ՀՀ դրամ: Նախարարը նշել է, որ 2022թ. օտարվել է 20.7 մլրդ ՀՀ դրամի գույք, բայց կան նաև գույքեր, որոնք օտարվել են հնգամյա վճարման գրաֆիկով, և այդ օտարումների արդյունքում առաջիկա տարիներին ոչ միայն այս գումարներն ըստ գրաֆիկի կմուտքագրվեն բյուջե, այլև ընկերությունները պարտավորվել են 83 մլրդ ՀՀ դրամից ավելի ներդրումներ իրականացնել և աշխատատեղեր ստեղծել: Հաշվետու ժամանակաշրջանում 16 միավոր տարածք է տրամադրվել պետական այն գերատեսչություններին, որոնք այլ մասնավոր տարածքներում վարձավճարով են աշխատել. գործընթացի արդյունքում մոտ 60 տոկոսով կպակասի պետական բյուջեից այլ տարածքների համար վճարվող գումարը: Իրականացվել են նաև մի շարք իրավական բարեփոխումներ՝ ընդունվել են պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ներդրվել է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման նոր համակարգ, մշակվել և Կառավարություն են ներկայացվել ներդրումային պարտավորությունների հսկողության, պետական գույքի վարձակալության, պետական գույքի անհատույց տրամադրման նոր կարգերը և այլն:

Վարչապետը նշել է, որ հաշվետվությունը բավական տպավորիչ ցուցանիշներ է պարունակում և անդրադարձել դրանցից մի քանիսին: «Ես, օրինակ, հետևյալ տվյալը կուզենայի նաև հրապարակել, որը, կարծում եմ, նույնպես սկզբունքային է: Օրինակ, վարձակալության տրվող պետական գույքից եկամուտները 2022թ. աճել են 67.7 տոկոսով, այսինքն, որ մենք պետական գույքը վարձակալությամբ տվել ենք, դրանից ստացվող գումարների մուտքը պետբյուջե: Բայց շատ կարևոր է նաև հետևյալը, որ պետական սեփականություն հանդիսացող 16 տարածքներ տրամադրվել են մասնավոր անձանցից տարածք վարձակալող պետական մարմիններին: Տվյալ մարմինների տեղափոխության արդյունքում առաջիկա տարիներին պետական բյուջեից հատկացվող վարձավճարները կկրճատվեն շուրջ 60 տոկոսով: Այսինքն՝ մենք, մի կողմից, ավելացնում ենք պետական տարածքներից ստացվող եկամուտները, մյուս կողմից՝ կրճատում ենք պետության կողմից վարձակալության համար տրվող գումարները:

Եվս մի քանի ցուցանիշներ. պետական գույքի հետ կապված գործառնություններից ընդհանուր բյուջետային մուտքերը 2022թ. կազմել են 8.9 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից ավելի է 410 տոկոսով: Պետական բյուջեի մուտքերն աճել են 456.6 տոկոսով՝ կազմելով՝ 7.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ համայնքային բյուջեի մուտքերն աճել են 342 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ դրամ: Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների օտարումից ստացած միջոցները կազմել են 3 մլրդ 291 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ աճը՝ 372 տոկոս: Պետական սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 4 մլրդ 14 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա համեմատ աճը՝ 1370 տոկոս: Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձավճարների գծով մուտքերը կազմել են 318 մլն 577 000 ՀՀ դրամ, աճը՝ 118 տոկոս: Օտարված պետական գույքի ընդհանուր արժեքը կազմել է 20.7 մլրդ ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ 5 տարվա միջին ցուցանիշը շուրջ 20 անգամ: Եվս մեկ ցուցանիշ՝ 102 ավտոմեքենա է օտարվել: Այստեղ էլ խոսել ենք, գիտեք, որ պետական համակարգի մեքենաները կամ կրճատվում են, կամ դուրս են գրվում: Շատ կարևոր է, որ այս գործընթացն էլ հնարավորինս արագ կազմակերպվի, որովհետև որքան երկար այդ մեքենաները կանգնում են մեր կայանատեղիներում, այնքան գներն ընկնում են, էլ չենք ասում, որ հետո պարզվում է՝ ուրիշ գործողություններ են տեղի ունենում դրա հետ կապված»:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ի պատասխան ՀՀ վարչապետի հարցադրման, մանրամասներ է ներկայացրել օտարման գործընթացի իրականացման մեխանիզմների մասին: Նա նշել է, որ էականորեն աճել է պետական գույքի օտարման աճուրդների և մրցույթների մրցակցության մակարդակը, որի արդյունքում թե՛ անշարժ, թե՛ շարժական գույքն օտարվում է մեկնարկային արժեքից բավական բարձր գնով: Ակնկալվում է մինչև տարեվերջ ունենալ պետական գույքի օտարման, վարձակալության տրամադրման ավտոմատացված գործընթաց, ինչի արդյունքում ներդրողների շփումը պետական մարմինների հետ կհասցվի նվազագույնի:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պետական գույքի օտարման կարևորությանը, նշել է. «Միանշանակ լավ է պետական գույքի օտարումը՝ ինչո՞ւ, որովհետև օտարվում է պետական այն գույքը, որն այս պահին կոնկրետ արդյունք և արժեք չի բերում պետությանը: Այսինքն՝ մենք ունենք տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, շենքեր և շինություններ, որոնք միակ բանը, որ անում են, արևի, անձրևի, քամու ազդեցության ներքո մաշվելն է, և մենք այն պետք է օտարենք: Այստեղ կկարևորեմ ոչ միայն այն գինը, որ ձեռք բերողները վճարում են պետությանը, այլև այն ներդրումային ծրագիրը, որ նրանք այնտեղ իրականացնում են»: Վարչապետն ընդգծել է՝ ներդրումային պարտավորությունների նկատմամբ պետք է պատշաճ վերահսկողություն իրականացվի, և գործուն մեխանիզմներ ներդրվեն: Այս առումով Առնակ Ավետիսյանը զեկուցել է, որ համապատասխան նախագիծն արդեն քննարկվում է Կառավարությունում, որով ակնկալվում է առաջիկայում ներդրումային պարտավորությունների վերահսկողության հստակ և հասկանալի մեխանիզմների գործարկում:

Այս առնչությամբ վարչապետ Փաշինյանը նշել է. «Այսինքն՝ այն նույն մեխանիզմը, որ ներդրումային ծրագրերի համար ունենք, դնում ենք, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, երբ գույքը ձեռք բերվի, ներդրումային պարտավորությունները չկատարվեն, և այդ գույքի հետ այլևս որևէ բան տեղի չունենա: Ընդհուպ որոշակի զարգացումների դեպքում, ներդրումային պարտավորությունների չկատարելու դեպքում կարող է նաև գործարքը չեղարկվել, գույքը հետ վերցվել, և սա շատ կարևոր գործընթաց է: Մենք այս թեմայի վրա շատ երկար ենք աշխատում և շատ ենք չարչարվել, որովհետև, իհարկե, պետական գույքի կառավարումը պետք է պետական բյուջեի եկամտային մասի շատ էական հոդված դառնա: Տեղյակ եք նաև՝ քանի անգամ է եղել, երբ թվում էր, թե մեծ հետաքրքրություն ներկայացնող գույք ենք հանել մասնավորեցման, վաճառքի, բայց որևէ հետաքրքրություն չի եղել, ստիպված ենք եղել ժամկետ երկարացնել: Այս ընթացքում հետազոտելով պատճառները, պրոբլեմները՝ անընդհատ փորձել ենք մեխանիզմները լավարկել այնքան, որ իրական աշխուժություն լինի, և նաև, իհարկե, տնտեսական ակտիվությունը դրան նպաստել է: Ես հույս ունեմ, որ, ինչպես պարոն Ավետիսյանը նշեց, իսկապես մի մեխանիզմ է գործարկվել, որը պիտի հաստատուն կերպով պետական բյուջեին եկամուտներ բերի: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ պետական գույքի ոչ միայն մասնավորեցումից, այլև վարձակալությունից և նաև ներդրումային աշխուժությունից, որն իր հերթին պետական բյուջե հարկային եկամուտներ կբերի»:

Հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների պլանը (մինչև 2035 թվականը): Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտը երբեք ռազմավարություն չի ունեցել, և չափազանց կարևոր է դրա առկայությունը: Դրանով նախանշվում են ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները, սահմանվում են ոլորտի կարգավորման ու զարգացման, ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործման, բնապահպանական և առողջապահական ռիսկերի կառավարման ու մեղմման, եկամուտների համաչափ/արդարացի բաշխման մեխանիզմները։ Նախարարը զեկուցել է, որ ռազմավարությամբ սահմանված է 3 նպատակ՝ երկրաբանության միասնական թվային տեղեկատվական շտեմարանի ստեղծում ու վարում, ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում արդյունավետ որոշումների կայացում, հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ստանդարտների, մոտեցումների կիրառումը: Այս առումով սահմանվել են մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության մեխանիզմները, ներդրումային գրավչության խթանման քայլերը և այլն: Փաստաթուղթն ունեցել է լայն հանրային քննարկում՝ 22 բանավոր հանդիպում, շուրջ 1000 առաջարկ և մեկնաբանություն, համաձայնեցվել է տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների, միջազգային գործընկերների հետ:

Կառավարության ղեկավարն ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության նշանակությունը՝ անդրադառնալով դրանով նախանշված առաջնահերթություններին. «Իսկապես շատ կարևոր փաստաթուղթ է, և ուզում եմ ընդգծել մի քանի կարևոր ուղղությունները կամ ռազմավարական խնդիրները, որոնք մենք մեր առաջ դնում ենք:

Առաջինը՝ հանքարդյունաբերության ոլորտից հանրությունը, պետությունը պետք է ստանա հնարավորինս մեծ օգուտ, ընդ որում, ուղղակի և անուղղակի, այդ թվում նաև՝ ազդակիր համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները:

Երկրորդը՝ հանքարդյունաբերությունը պետք է հնարավորինս արդյունավետ կառավարի բնապահպանական ռիսկերը: Ընդ որում՝ ոչ միայն շահագործման ընթացքում ի հայտ եկող, այլև շահագործումից հետո, մասնավորապես, ռեկուլտիվացիայի, այսինքն՝ հանքերի փակման, հետագայում այդ տարածքները, այսպես ասած, քաղաքացիական շրջանառության վերադարձնելու գործընթացը և այդպես շարունակ:

Եվ երրորդը՝ հանքարդյունաբերությունն օր առաջ պետք է հնարավորինս արագ մոտեցնել միջազգային լավագույն ստանդարտներին: Այս առումով նաև ոլորտի կրթությունը մեր հանրապետությունում պետք է էականորեն զարգացնել, որպեսզի լավագույն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մասնագետներ մեր երկրում աշխատեն, որպեսզի կարողանան շահագործել մեր սահմանած ստանդարտներին համապատասխան: Այս առումով, կարծում եմ, նաև կոնկրետ օրինակներով արդեն կարող ենք որոշակի արդյունքներ արձանագրել»:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունների կատարման մասին. «Գիտեք նաև, որ հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում գործող թիվ մեկ ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Եվ 2021թ., նախընտրական մեր խոստման համաձայն, ժողովուրդը, ի դեմս Կառավարության, փայաբաժին է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Եվ որպես առաջնային արդյունք՝ ուզում եմ արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2022թ. վճարել է ռեկորդային ծավալի հարկեր՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամի: Խնդրում եմ թիվը հիշեք՝ 145 մլրդ 536 մլն ՀՀ դրամ: Օրինակ, 2016թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ: 7,8 մլրդ ՀՀ դրամ և 145 մլրդ ՀՀ դրամ: 2023թ. առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 14 մլրդ ՀՀ դրամ հարկ, այսինքն՝ առաջին եռամսյակում երկու անգամ ավելի շատ հարկ, քան ամբողջ 2016թ. միասին վերցրած:

Իհարկե, պետք է հիշել, որ այս վիճակագրության մեջ պղնձի միջազգային գները, իհարկե, ունեն որոշակի դերակատարում, և դրա համար մենք խոշորացված որոշակի պատկերներ նաև կստանանք: Տեսեք՝ ինչ հետաքրքիր դինամիկա ունենք. ինչպես ասացի, 2016թ. ԶՊՄԿ-ն վճարել է 7,8 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2017թ.՝ 18,6 մլրդ ՀՀ դրամ հարկ, 2018թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը դարձել են 50,2 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 3 անգամ աճ են արձանագրել: Հետաքրքիր է, որ 2019թ. և 2020թ. ԶՊՄԿ-ի վճարած հարկերը որոշակի նվազում են արձանագրել: Ինչի՞ հետ կապված կարող է սա լինել. երբ հիմա հետահայաց նայում ենք իրադարձություններին, պարզում ենք, որ 2019թ. իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի ընտանիքը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Իհարկե, 2019թ. այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչին ազատել ենք իր պաշտոնից և 2020թ. ժամանակ չենք ունեցել պատշաճ զբաղվելու՝ քովիդի և պատերազմի պատճառով այդ թեմայով: Իմիջիայլոց, ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմիններն այս դրվագով պետք է շատ ուշադիր զբաղվեն: Հետո՝ 2021թ. արդեն ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կտրուկ աճում են 43 տոկոսով, այսինքն՝ 2020թ. նկատմամբ աճը՝ 43 տոկոս, իսկ 2022թ. բացարձակ ռեկորդ՝ 145 մլրդ ՀՀ դրամ: 2022թ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի շատ հարկ է վճարել, քան 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին միասին վերցրած, դեռ գումարած նաև 2020թ. վճարած հարկերը: Այսինքն՝ մեկ տարում գործնականում վեց տարվա չափ հարկ է վճարել, բայց քանի որ գներն որոշակի դերակատարում ունեն, էական են նաև որոշակի խոշորացված տվյալներ ներկայացնելը: 2013-2017թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 105 մլրդ ՀՀ դրամի հարկ, 2018-2022թթ.՝ 345 մլրդ ՀՀ դրամի հարկ: Այսինքն՝ աճը կազմել է 228 տոկոս: Իհարկե, խնդրում եմ միշտ հիշեք, որ այս վիճակագրության մեջ կա պղնձի միջազգային գների գործոնը, որոնք որոշակի, իհարկե, տատանումներ ունեցել են, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, այս դիագրամները կամ թվերը որոշակի պատկերացում տալիս են»:

Կառավարության ղեկավարն ուշադրություն է հրավիրել պետական բյուջեի եկամուտների ցուցանիշների վրա՝ նշելով. «Քանի որ հարկային եկամուտների հետաքրքիր վիճակագրությանն անդրադարձա ԶՊՄԿ-ի մասով, ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մեկ հետաքրքիր փաստի վրա: Վիճակագրության կոմիտեն վերջերս՝ օրերս, տվյալներ է հրապարակել պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ: Արդեն ասել ենք, որ ապրիլ ամսին մենք ունենք ռեկորդային հարկային հավաքագրում՝ հավաքագրել ենք մոտ 297 մլրդ ՀՀ դրամ: Բայց շատ հետաքրքիր է հետևյալ տվյալը, որ ապրիլին մեր հավաքագրած մեկ ամսվա ցուցանիշն ավելին է, քան 2000թ. ամբողջ տարեկան բյուջեն, 2001թ., արդեն առանձին-առանձին, ոչ թե միասին վերցրած, այսինքն՝ ապրիլին հավաքածն ավելին է, քան 2000թ. առանձին վերցրած, 2001թ., 2002թ., 2003թ., 2004թ. տարեկան բյուջեները: Այսինքն՝ մենք մեկ ամսում հավաքագրել ենք ավելի շատ գումար, ընդ որում՝ որոշ դեպքերում էականորեն, քան այս հիշատակված թվականների տարեկան բյուջեն և մոտավորապես այնքան, ինչքան 2005թ. տարեկան բյուջեն:

Իսկ եթե հաշվի առնենք առաջին 4 ամսվա հարկային եկամուտները, 4 ամսվա ընթացքում մենք ավելի շատ գումար ենք հավաքագրել պետական բյուջե, քան 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 թվականների տարեկան բյուջեները: Կրկին եմ ասում՝ ոչ թե բոլորը միասին, այլ առանձին-առանձին վերցրած: 4 ամսում մենք 10 տարվա ամեն տարվա տարեկան բյուջեից ավելի շատ գումար ենք հավաքել, իսկ 2011թ.՝ տարեկան բյուջեից մի փոքր ավելի կամ համեմատելի գումար ենք հավաքել որպես պետական բյուջեի եկամուտ: Այսինքն՝ առաջին 4 ամսում հավաքել ենք 758.1 մլրդ ՀՀ դրամ: Դա նշանակում է, որ 2011 և նախորդող արդեն բնականաբար անկախության ողջ շրջանի պետական տարեկան բյուջեները եղել են սրանից պակաս: Սրանք, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշներ են, որոնք ուղղակի որպես վիճակագրություն հետաքրքիր են, և շնորհակալ ենք Վիճակագրության կոմիտեին՝ նման տվյալների վրա մեր ուշադրությունը հրավիրելու համար:

Իսկ հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարությունն իսկապես շատ ծավալուն փաստաթուղթ է, շատ մանրամասն քննարկված: Ես ուզում եմ ևս մեկ նրբության անդրադառնալ, որին, կարծում եմ, վերջին խորհրդակցությունից հետո անդրադարձ կատարել ենք: Դրա մասին, իհարկե, նոր չի խոսվում, բայց նաև պոչամբարների վերամշակման թեմային պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև, գիտեք, ինչքան տեխնոլոգիաները զարգանում են, այնքան օգտակար նյութի կորզման տոկոսը մեծանում է: Բայց նաև այդ պոչամբարներում կուտակվում են երկար տարիներ շահագործված հանքանյութեր, որոնց կորզումը հին տեխնոլոգիաներով է տեղի ունենում, և պոչամբարներում երբեմն լինում է որոշակի օգտակար նյութ, որի վերամշակումը տնտեսապես կարող է ձեռնտու լինել: Մենք այս թեմային նույնպես հատուկ ուշադրություն ենք դարձնում ռազմավարության մեջ: Փաստաթուղթը հրապարակային է լինելու, և հետաքրքրվողները, մեկնաբանները, փորձագետները կարող են օգտվել»:


Այլ որոշումներ

Գործադիրը որոշում է ընդունել «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու մասին, ինչը, հիմնավորման համաձայն, բխում է թատերահամերգային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների տրամաբանությունից: Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ կլրացվեն ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերացումները, կտրամադրվեն ստեղծագործական առավել բարենպաստ պայմաններ, կմշակվի գովազդա-տեղեկատվական արշավի ծրագիր, և կբարձրացվի թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը: Միասնական կառավարման դեպքում կբարձրանա նաև ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:

Կառավարության որոշմամբ հաստատվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի կանոնակարգը, կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի կազմը, մասնակցության հայտի օրինակելի ձևը, ստուգողական կետի նկարագրի սյունակներում կիրառվող նշանների օրինակելի ձևը, նախահաշիվը և ժամանակացույցը: Խաղերն անցկացվելու են 2023թ. օգոստոսի 20-27-ը, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության մարզաբազաներում:

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին օրենսդրական նախաձեռնությանը և համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բուսասանիտարիայի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը որոշումներ է ընդունել «ԷԳԷԱ», «ՊԱՆՈ» ՍՊԸ-ների կողմից ներկայացված հայտերը բավարարելու և մաքսատուրքից ազատելու արտոնությունը կիրառելու մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: