ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կընդլայնվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և տարածաշրջանային իրավիճակին:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Ինչպես նշել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մինչ այդ ծրագրի շահառուների շրջանակը լայն չէր. նախապատվությունը տրվում էր զոհված զինծառայողների ընտանիքներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին։ «2020 թվականին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Նոր նախագծով առաջարկվում է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը» անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, ամուսնական կարգավիճակից՝ բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը»,- ասել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ ծրագիրը շատ սպասված է. կան դիմումներ և ծրագրի ընդլայնման շրջանակում կկարողանան բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջները։ Ըստ նախարարի՝ այս պահին կա առաջնային անպտղության ցուցանիշների նվազում, իսկ երկրորդային անպտղության ցուցանիշների՝ աճ։ Հնարավորություն կտրվի նաև սահմանամերձ բնակավայրերի այն քաղաքացիներին, ովքեր ունեն մեկ երեխա և երկրորդային անպտուղություն ունեն, շահառու դառնալ և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ կրկին երեխաներ ունենալ։

Հայաստանում էլեկրտաէներգիա սպառողին ընձեռվում է իր մատակարարողին ինքնուրույն ընտրելու հնարավորություն

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է 2018 թվականից Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման արդյունքները: Վերջին արդյունքները ներկայացրել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը. «Դեռևս 2018 թվականի մեկնարկել էին էլեկտրաէներգետիկական շուկայի բարեփոխումները: Էական և ամենամեծ բարեփոխումը շուկայի ազատականացման խնդիրն էր: Միջազգային խորհրդատուների աջակցությամբ մեծածախ շուկայում էլեկտաէներգիայի վաճառքի էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որը մեկնարկել է 2022 թվականից՝ շուկայի որոշ սեգմենտների սահմանափակմամբ: Քանի որ էական բարեփոխում էր և մասնագետների վերապատարստում էր պահանջում, այս մեկ տարվա ընթացքում կարելի է ասել արդեն ավարտին հասցրեցինք այս բարեփոխումների առաջին փուլը՝ 2023 թվականի փետվարի 1-ից շուկան լիարժեք իր սեգմենտներով կաշխատի: Հիմնական էությունը, կոնցեպտը մենաշնորհից մրցակցության փոխարինումն է: Առաջին հերթին սպառողին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն ընտրելու իր մատակարարողին: Այսինքն՝ սպառողը հնարավորություն ունի ընտրել մատակարար, որը պայմանագրային հիմունքներով իրեն էլեկտրաէներգիա կմատակարարի: Կոմերցիոն սպառողների դեպքում հնարավորություն է ստեղծվել նույնիսկ ինքնուրույն հանդես գալ շուկայի մեծածախ սեգմենտում և անմիջապես արտադրողից էլեկտրաէներգիա գնել: Մյուս հնարավորությունն է` շարունակել մնալ ՀԷՑ–ի սպառող՝ կարգավորվող գներով: Հաջորդ լուրջ առաջընթացը՝ ամբողջ պլանավորումը և հաշվառումն իրականացվելու է ժամային մակարդակով, որն էականորեն կավելացնի շեղումները, այսինքն՝ նվազագույնի կհասցնի: Դա կենթադրի նաև համապատասխան պատասխանատվություն արտադրողների և սպառողների կողմից»:

ՀԾԿՀ նախագահը նշել է նաև, որ Հայաստանից դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման գծերի թողունակության ավելացման և ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի գործարկման արդյունքում ՀՀ էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների համար լայն հնարավորություններ կստեղծվեն նաև միջսահմանային առևտրի ընդլայնման համար. «Արդեն ունենք ստացված մատակարարման 12 լիցենզիա: Վերջիններս ունեն իրենց սպառողներն ու այլևս կարգավորվող սակագներով չեն, սպառողներին էլեկտրաէներգիա են մատակարարում պայմանագրային գներով։ Ունենք 12 մեծածախ առևտրի լիցենզիա, սա ևս մի բարեփոխման հետևանք է, որ ընդհանուր շուկայի շրջանակում Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումն այլևս չի լիցենզավորվում, և դրա արդյունքում էապես ավելացել է արտահանումը։ Այդ մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող ընկերությունները ինքնաբերաբար էլեկտրաէներգիա արտահանելու և ներկրելու իրավունք են ստանում»:

2023 թվականի փետրվարի 1-ից ազատ շուկայում կլինի արդեն մեր ընդհանուր սպառման շուրջ 20 տոկոսը՝ 1.2 մլրդ կվ/ժ: «Չնայած այդ թիրախային ցուցանիշին, արդեն 2022 թվականին շուրջ 16 տոկոսն արդեն իսկ մտել են շուկա, քանի որ այդ պարտադիր պահանջներին զուգահեռ գործում է նաև, որ ցանկացած սպառող, որ պահին ուզի, կարող է մտնել շուկա: Հաջորդ գլոբալ բարեփոխումը կուզեի նշել, ինքնավար էլեկտրաարտադրողների վերաբերյալ բարեփոխումն է: Այստեղ նույնպես լուրջ օրենսդրական բարեփոխումներ են տեղի ունեցել: Ունենք շուրջ 12 անգամ քանակի աճ: Այսինքն՝ 784 ինքնավար արտադրող ենք ունեցել 2018 թվականին, այսօր նրանց թիվը կազմում է 9500»,- նշել է ՀԾԿՀ նախագահը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այստեղ կարևոր առանձնահատկությունն այն է, որ ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիան որոշում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմա ցանկացած սուբյեկտ կարող է գնալ պայմանավորվել արտադրողի հետ, և գնի առումով արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դերակատարում չունի»:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ քննարկման արդյունքներով համոզվեցիք, թե ինչպիսի կաևորագույն, խորը ինստիտուցիոնալ բարեփոխում է տեղի ունեցել: Եվ ես շատ կարևոր եմ համարում և համոզված եմ, որ այս բարեփոխումը մեծապես նպաստելու է 2023 թվականին առնվազն 7 տոկոս աճ ապահովելու մեր նախանշած թիրախի իրականացմանը»:

Հաջորդ շաբաթ կնշանակվեն Ներքին գործերի նախարարը ու փոխնախարարները

Մինչև Ներքին գործերի նախարարության կանոնադրության հաստատումը կառավարությունը պետք է որոշի ենթակա մարմինների ենթակայության հարցը: Ըստ այդմ, կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, 2022 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվել է Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին և հետևապես Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված։ «Իհարկե, նախարարության ստեղծումը ենթադրում է դրա ամբողջական ձևավորման ուղղված մի շարք հաջորդական քայլերի իրականացում, ինչը կարգավորվել է նշված օրենսդրական փաթեթով։ Այս համատեքստում նախարարության ստեղծման տրամաբանական շարունակություն է համարվում նաև սույն նախագծի ընդունումը, որը պայմանավորված է Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում դրա ենթակա մարմինների սահմանման անհրաժեշտությամբ, ինչը կապահովի նախարարությանն իրեն վերապահված գործառույթների շրջանակներում պատշաճ գործունեության իրականացման անհրաժեշտ պայմաններ»,- ասել է նախարարը:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կնշանակվեն Ներքին գործերի նախարար ու փոխնախարարներ։ «Սա շատ կարևոր և մասշտաբային փոփոխություն է՝ մի քանի ուղղություններով: Մենք 2018 թվականից շարունակաբար որդեգրել ենք կառավարության կառուցվածքն օպտիմիզացիայի ենթարկելու քաղաքականություն: Այս որոշումը այդ քաղաքականության դրսևորումներից մեկն է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 4 ամիս կշարունակի գոյություն ունենալ՝ նաև այս ընթացքն անցնցում ապահովելու համար: Շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ ոստիկանության ծառայության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներն ենք ուժեղացնում: Եվ կա մի շատ կարևոր հանգամանք ևս, մասնավորապես, ներքին գործերի բնագավառում քաղաքականություն մշակող ավելի արդյունավետ մարմինն ենք ստեղծում: Ինչպես տեղյակ եք, մինչ այս այդ ոլորտում քաղաքականությունների մշակմամբ զբաղվում էր հիմնականում Արդարադատության նախարարությունը: Հիմա, հաշվի առնելով նաև Արդարադատության նախարարության ծանրաբեռնվածությունը և գործունեության պրոֆիլային լինելու հետ կապված նրբություններն ու անհրաժեշտությունը, մենք ահա կայացրել ենք այսպիսի որոշում: Մյուս շաբաթվանից արդեն գործնականում ոլորտի քաղաքականության մշակմամբ կզբաղվի Ներքին գործերի նախարարությունը: Նախարարության կառուցվածքն ունի շատ կարևոր առանձնահատկություն։ Այդ մոդելը արդեն իսկ կիրառել ենք Պաշտպանության նախարարությունում։ Էությունը նրանում է, որ ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը միևնույն ժամանակ կլինեն Ներքին գործերի նախարարի տեղակալներ։ Ներքին գործերի նախարարը նաև կունենա երկու տեղակալ. նրանցից մեկը կզբաղվի ոստիկանության և ներքին գործերի համակարգի ռազմավարությունների մշակմամբ, իսկ մյուսը՝ քաղաքացիական մի հատվածի գործունեությունը համակարգելով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս ամենը ոստիկանության, ներքին գործերի համակարգի և փրկարար ծառայության բարեփոխումների շատ մեծ փաթեթի սկիզբն է: «Մեր առաջադրած խնդիրը հետևյալն է, որ և՛ ոստիկանությունը, և՛ փրկարար ծառայությունը, և՛ միգրացիայի, անձնագրային ոլորտներում մեր մատուցած ծառայությունները պիտի համապատասխանեն ժամանակակից լավագույն չափանիշներին: Իհարկե, մենք դա մի քայլով, մի գործողությամբ չենք անի, բայց համոզված եմ, որ այս նպատակին կհասնենք, որովհետև կարծում եմ՝ բարեփոխումների ուղեգիծը շարունակելու կառավարության վճռականությունն է նաև ի ցույց դրվում սրանով»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև օր առաջ ոստիկանության և փրկարար ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը. «Այն ունի երկու կարևոր ուղղություն. առաջինը աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը, և երկրորդ՝ նոր որակի ծառայության ակնկալիքը հանրության կողմից: Աշխատավարձերի բարձրացման քաղաքականությունը պարտադիր պետք է զուգորդենք որակական նոր պահանջների և ստանդարտների քաղաքականությամբ, որպեսզի հանրային միջոցների ծախսումը լինի մաքսիմալ արդյունավետ: Հույս ունենք, որ 2023 թվականի ընթացքում, գոնե ապրիլ-մայիսից, արդեն կլինեն առաջին ատեստավորման արդյունքները և առաջին ատեստավորված աշխատողները կստանան մեր կողմից խոստացված և իրենց կողմից վաստակած աշխատավարձը»:

Օրենսդրական նախաձեռնություններ. կստեղծվեն կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման վերաբերյալ

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի և որոշակի օրենսդրական հիմքեր էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման, կարգի և պայմանների, վավերականության և իրավաչափության վերաբերյալ, ինչպես նաև նախատեսել սպառողների հետ կնքվելիք միանալու պայմանագրերում կամ օրինակելի (ընդհանուր) պայմաններում անարդար պայմանների ներառելու անթույլատրելիության վերաբերյալ դրույթներ։ Նախագծերով առաջարկվում է պայմանագրերի գրավոր ձևով կնքման եղանակները հստակեցում՝ առանձին նշելով նաև դրանց էլեկտրոնային եղանակով կնքվելը, որը կներառի ինչպես էլեկտրոնային կապի միջոցներով տվյալների փոխանակումը, այնպես էլ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայք, էլեկտրոնային հավելված կամ համանման այլ միջոցներ) էլեկտրոնային տվյալների փոխանակումը։ Ընդ որում, էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման դեպքում պետք է ապահովվեն փոխանակվող տվյալների իսկությունը, պայմանագիրը կնքող անձանց նույնականացումը, ինչպես նաև պայմանագիրը պահպանելու և անփոփոխ վերարտադրելու հնարավորությունը, որոնք երաշխիք են նման եղանակով կնքվող պայմանագրերի վավերականության համար: Փոփոխություններով առավել հստակեցվում է միանալու պայմանագրերի շրջանակը:

Կառավարության հավանությանն է արժանացել նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանությանը Անհետաձգելի միջամտության որոշումն և Պաշտպանության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողությունն իրականացնել նաև էլեկտրոնային հսկողության միջոցներով:

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջև 2015 թ. մարտի 16-ին ստորագրված և փոփոխված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 2 նամակի ստորագրման առաջարկությանը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի իրականացման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքվել է 10 մլն եվրոյի ֆինանսական պայմանագիր: Ծրագրի իրականացման գործընթացով պայմանավորված՝ ֆինանսական պայմանագրի վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել է մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը: Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանի մոտ` Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի: Ծրագրի նպատակն է նաև ապահովել Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքը` նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում: Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային հյուսիս-հարավ փոխշահավետ համագործակցության զարգացումը: Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Հավանության է արժանացել 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 236 681 000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ վարկային միջոցներ 150 000 000 ԱՄՆ դոլար և ՀՀ-ի համաֆինանսավորում 86 681 000 ԱՄՆ դոլար: Վարկային համաձայնագրով նախատեսված շինարարության արժեքը կազմում է 247 290 000 ԱՄՆ դոլար: Նախագիծը բաժանված է 2 լոտի` Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք և նախատեսվող Քաջարանի թունելի ելք-Սիսիանի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում Քաջարանի թունել: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է, մասնավորապես, վարկային համաձայնագրով նախատեսված վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգման անհրաժեշտությամբ: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների իրականացման համար կպահանջվի շուրջ 4 տարի, ներառյալ 1 տարի որակի համար նախատեսված երաշխիքային ժամկետը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն իր լիազորությունների շրջանակում նպատակահարմար է գտնում վարկային միջոցների հասանելիության ժամկետի (մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30–ը) երկարաձգման վավերացումը։

Այլ որոշումներ. խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություններից օգտվելու թույլտվություներ են տրամադրվել մի շարք ընկերությունների:

«Մետալ Ուորլդ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել պտուտակավոր (Twist Off) կափարիչների և թիթեղյա տարաների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 49.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ստեղծել 17 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 49.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.9 մլրդ դրամ:

«Դեկորպրոֆ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել պատուհանների և ապակեփաթեթների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.7 մլրդ դրամի ներդրում, որից շուրջ 1.1 մլրդ դրամը կապիտալ, իսկ մնացած մասը հումք ու նյութերի ձեռքբերման համար: Արդյունքում՝ նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 28 նոր աշխատատեղ՝ 330-400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22.4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.6 մլրդ դրամ։

«Բետոնագործ» ընկերությունը ներմուծվող հումքը կօգտագործի մետաղապլաստե դռների և պատուհանների, պատուհանագոգերի, մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.4 մլրդ դրամի ներդրում շենք-շինությունների վերանորոգման, նոր արտադրական սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև լրացուցիչ շրջանառու միջոցների ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 170-190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 188.8 մլն դրամ:

«Լիկվոր» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղամիջոցների արտադրության համար։ Ընկերությունը 2023-2027 թվականներին նախատեսում է վերազինել արտադրական հզորությունները, բարձրացնել արտադրողականությունը, իրականացնել նոր արտադրական շենքի կառուցում, ինչպես նաև զգալիորեն մեծացնել վաճառքի ծավալները ինչպես ներքին, այնպես էլ արտահանման շուկաներում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 5.3 մլրդ դրամի ներդրում, որից որից 800 մլն դրամը ուղղված է շինարարական աշխատանքներին, 278 մլն դրամը հիմնական միջոցների՝ սարքավորումների վերազինմանը, 4.2 մլրդ դրամը՝ հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական և այլ բաղկացուցիչ մասերի ձեռքբերմանը։ Կստեղծվի 9 նոր աշխատատեղ՝ մինչև 490 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է շուրջ 216.5 մլն դրամ:

Գործադիրն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, ՀՀ Արամավիրի մարզ, Մերձավան համայնք Երևանյան խճուղի 2-րդ փակուղի թիվ 6 շենք հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարել դասական աճուրդով։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 107 200 000 ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 9 252 730 ՀՀ դրամ, իսկ հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 5 219 115 ՀՀ դրամ։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 621 774 ՀՀ դրամը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: