ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy

FP

Թուրքիան 2022 թ.-ի նոյեմբերից սկսել է Ուկրաինային մատակարարել ԱՄՆ-ի կողմից մշակված Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Foreign Policy ամսագիրը՝ վկայակոչելով որոշմանը ծանոթ ամերիկացի և եվրոպացի ներկա և նախկին պաշտոնյաների։

Ըստ աղբյուրների՝ խոսքն, այսպես կոչված, կատարելագործված ստանդարտ երկակի նշանակության զինամթերքի (Dual-Purpose Improved Conventional Munition, DPICM) մասին է, որոնք արտադրվել են Թուրքիայում Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ շարունակ մնալ ռազմադաշտում: Յուրաքանչյուր արկ պարունակում է 88 հարվածող մաս:

Ինչպես ընդգծում է ամսագիրը, մարդիկ, ովքեր Վաշինգտոնին հորդորում էին DPICM ուղարկել Կիևին, պնդում էին, որ դրանք կարող են օգտագործվել խրամատներում ռուսական ուժերին ջախջախելու համար, ինչը կարող է արդյունավետ լինել Դոնբասի բաց տարածքներում հարվածների ժամանակ։

Foreign Policy-ն նշում է, որ Թուրքիան ամիսներ շարունակ փորձել է գաղտնի պահել այս քայլը, սակայն սա նաև ընդգծում է Անկարայի «վտանգավոր» գործողությունները հակամարտության ամբողջ ընթացքում` Ուկրաինային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի մատակարարումը, որոնք օգնեցին կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը Կիևում, որպես դիվանագիտական միջնորդ հանդես գալը ուկրաինական Օդեսայի նավահանգստից հացահատիկի արտահանման գործում և այդ ամենին զուգահեռ՝ ռուսական զենքերի ձեռքբերումը, որն առաջացրել է ՆԱՏՕ-ի զայրույթը:

Պարբերականը նաև նշում է, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք Թուրքիայի կողմից մատակարարված զինամթերքն օգտագործվել է մարտերում:

Ինչպես նշում է պարբերականը, Կիևը նախկինում մի քանի անգամ փորձել էր Վաշինգտոնից ստանալ նման զինամթերք, սակայն ԱՄՆ-ն ներկայումս չի կարող DPICM արտահանել այլ երկրներ, քանի որ դա արգելված է ԱՄՆ օրենսդրությամբ։

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հրաժարվեց (Ուկրաինային) կասետային զինամթերք տրամադրել, Թուրքիան միակ վայրն էր, որտեղից նրանք կարող էին ձեռք բերել դրանք: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչպես Թուրքիան, թեև փորձում է որոշ առումներով հաճոյանալ Ռուսաստանին, միևնույն ժամանակ Ուկրաինային իսկապես կարևոր ռազմական աջակցություն է ցուցաբերում», - ասել է աղբյուրներից մեկը:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը և Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը Foreign Policy-ին մեկնաբանություն չեն տվել այս հարցի շուրջ, սակայն, ըստ հոդվածի, Անկարայի կողմից DPICM-ի մատակարարումը ցույց է տալիս, թե որքան մեծ դեր է կատարել Թուրքիան բեկումնային պահերին Ուկրաինայում Ռուսաստանի մասշտաբային առաջխաղացումը կանխելու հարցում:

Պարբերականը նշում է, որ Bayraktar TB2 անօդաչուներն, ամենայն հավանականությամբ, դերակատարում են ունեցել ռուսական «Մոսկվա» ռազմանավը խորտակելու գործում: Ըստ թուրք վերլուծաբանների՝ Թուրքիան անօդաչուներն Ուկրաինային է մատակարարում Լեհաստանի տարածքով:

«Նույնիսկ այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում նրա բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին վերլուծաբաններին լռեցնել,  նրանց մտերիմներից ոմանք, այդ թվում՝ նախագահի փեսան, ով հանդիսանում է Bayraktar TB2-ներ արտադրող ընկերության խորհրդի նախագահը, բացահայտորեն գովաբանել է անօդաչու թռչող սարքի հզորությունը մարտի դաշտում», - նշվում է հոդվածում:

Ուկրաինային կասետային ռումբեր մատակարարելու քայլն, ըստ պարբերականի, որոշակի առումով շրջադարձ է Թուրքիայի համար: Foreign Policy-ի տրամադրության տակ հայտնված նամակում, որը 2021 թ.-ի հոկտեմբերին ուղարկվել է Կասետային զինամթերքի մասին ՄԱԿ-ի կոնվեցիայի գրասենյակի նախագահին, Թուրքիան պնդում է, որ 2005 թ.-ից չի օգտագործել, արտադրել, ներմուծել կամ փոխանցել կասետային զինամթերք:

Հոդվածում նաև նշվում է, որ ԱՄՆ-ի զինանոցում այս պահին կա մոտ 3 մլն DPICM զինամթերք։ Սառը պատերազմի ժամանակ Պենտագոնը կարծում էր, թե կօգտագործի դրանք՝ փորձելով կասեցնել խորհրդային տանկերի հնարավոր հարձակումը Եվրոպայում երկու գերտերությունների միջև բաց ռազմական հակամարտության դեպքում: Մասնագետների պնդմամբ՝ կասետային ռումբերը ոչնչացնելը շատ վտանգավոր է:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: