ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է. «Պարոն վարչապետ շնորհակալություն մեր հերթական հանդիպման համար: Նախորդ հանդիպումից հետո խնդիրներ ենք լուծել, բայց այս բարդ ժամանակներում երևի պետք է մենք պատրաստ լինենք անակնկալների, ցավոք սրտի: Այդ առումով, շատ կարևոր է, որ կառավարությունը շարունակում է իր նախատեսած ծրագրերի իրականացումը:

Ուզում եմ ասել, որ հետևելով կառավարության աշխատանքին, դա շատ կարևոր հանգամանք եմ համարում: Այսինքն՝ կառավարությունն իր 2021-2026 թթ ծրագրերի շարունակականությունն է ապահովում: Մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել: Դուք անընդհատ ասում եք ինստիտուցիոնալ փոփոխությունների և պետական ինստիտուտների մասին: Երևի մեր պետության մեջ ամենամեծ բացթողմն այս 30 տարիների ընթացքում դա է եղել, որ մենք այդպես էլ չենք կարողացել կամ չենք ուզել դա անել տարբեր շարժառիթներից ելնելով, հակառակը՝ նույնիսկ առանձին դեպքերում՝ ավելի լավ էր, որ այդ բարեփոխումները, որոնք ուղղված էին պետական ինստիտուտների կայացմանը՝ չանեին:

Այն աշխատանքները, որոնք կատարվում են 2018 թվականից հետո, որոնք միտված են նոր պետական ինստիտուտների ձևավորմանը, շատ դեպքերում դժվարությամբ են առաջ գնում, որովհետև նախկինում արմատավորված այդ վատ ավանդույթները դժվար է փոխել: Նախորդ մեր հանդիպմանը մենք խոսում էինք սահմանադրականության, դատական համակարգի մասին, կարծում եմ, որ Դուք շատ ավելի լավ եք պատկերացնում և գնահատում վիճակը և ամենաշահագրգիռը Դուք եք և կառավարությունը: Համոզված եմ, որ այդտեղ մենք հաջողություն կունենանք:

Մեկ դիտարկում ևս: Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաև կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարևան երկիր Թուրքիային և՛ ցավակցություն հայտնելու, և՛ օգնության պատրաստակամություն հայտնելու համար: Նաև մեր բարեկամ Սիրիայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնատուկ գնահատանքի է արժանացել: Կարծում եմ, որ մենք այլ կերպ չէինք կարող վարվել, որովհետև Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռևս թարմ են մեր հիշողություններում, և բացի այդ, դժբախտություն էր տեղի ունեցել մեր հարևան երկրում, մենք այլ կերպ չէինք կարող վարվել: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ նաև այդ որոշումների համար»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, և շնորհակալ եմ ընդունելության համար: Իհարկե, մենք բազմիցս քննարկել ենք ամենատարբեր հարցեր և մեր մոտեցումը շարունակում է մնալ այն, որ ընդհանրապես մեր առջև ծառացող մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ոչ միայն սիմետրիկ, այլև ասիմետրիկ: Ասիմետրիկ ասելով նկատի ունեմ հետևյալը, որ ընդհանրապես, ցավոք, այսօր այնքան շատ են պրոբլեմները, որ մեզ անընդհատ կարող են մտցնել այս պահի, այս րոպեի, այսօրվա խնդիրները լուծելու ռեժիմի մեջ, ինչն անհրաժեշտ է:

Բայց մյուս կողմից շատ կարևոր է երկարաժամկետ ռազմավարական պլանավորման և ռազմավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելը՝ սկսած կրթական ոլորտից, շարունակած առանց բացառության բոլոր ոլորտների: Մեր հիմնական նպատակն այն է, որ պետությունը, պետական համակարգը շարունակի արդյունավետ աշխատել անկախ անձերից: Բոլոր դեպքերում մարդու նշանակությունը և դերը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ այդ համակարգը պետք է մարդուն, պաշտոնյային անընդհատ մղի, դրդի, նաև որոշակիորեն պարտադրի կառուցողական աշխատանք:

Այս առումով, պիտի առանձնահատուկ շնորհակալություն հայտնեմ Ձեզ կառավարության գործունեությանն աջակցելու համար, որովհետև այս բարեփոխումների օրակարգն, ըստ էության, հնարավոր չէ իրականացնել առանց Հանրապետության նախագահի աջակցության: Մենք այդ աջակցությունը տեսնում ենք, զգում ենք և դա չափազանց կարևոր է:

Դուք նշեցիք Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Շնորհակալ եմ, որ այդպես եք վերաբերվում կայացրած որոշումներին, որովհետև, այո, իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել և լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որևէ կերպ հասկանալի չէր կարող և չի կարող լինել: Մանավանդ այն համատեքստում, որ ես այդ մասին նաև Ամանորյա ուղերձում նշեցի, որ եթե ուզում ենք մեր պետության հարատևությունն ապահովել՝ պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետև անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, և մեզ շրջապատող երկրները, մեր հարևան երկրներն էլ են այստեղ:

Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված: Իհարկե, մեզնից չէ կախված և մենք ոչ մի հանգամանք չենք մոռանում:

Խնդիրն այն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուզում դասավորել կամ գործադրել մեր ջանքերը: Շատ կարևոր է, որ այս բոլոր հարցերը հաճախ ենք քննարկում: Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ մենք ոչ միայն պաշտոնական ֆորմատներով ենք հանդիպում, այլև ոչ պաշտոնական: Կա ըմբռնում, ներդաշնակություն և Հանրապետության նախագահի կողմից աջակցությունն իսկապես շատ կարևոր է, շնորհակալ եմ դրա համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: