ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատրաստ է սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները. Փաշինյան

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Իր խոսքում Վլադիմիր Պուտինը նշել է.

«Հարգելի ընկերներ,
Հարգելի Նիկոլ Վովայի,

Եվս մեկ անգամ սրտանց ողջունում եմ բոլորիդ Մոսկվայում, Ռուսաստանում:

Շնորհակալ եմ, որ Դուք ակտիվ մասնակցություն ունեցաք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստին։ Այս մասին մենք արդեն խոսել ենք՝ այս ամբողջ միջոցառումը, իմ կարծիքով, անցավ այն մակարդակով, ինչպես և մենք հույս ունեինք, մենք միմյանց հետ շատ անկեղծ խոսեցինք բազմաթիվ կետերի շուրջ։

Մենք նաև շնորհակալ ենք, որ համաձայնեցիք այս միջոցառմանն Ադրբեջանի նախագահի ներկայությանը։ Կարծում եմ, որ ամեն դեպքում՝ տարածաշրջանային տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից դա օգտակար է, դա լրացուցիչ հարթակ և երկխոսության հնարավորություն է ստեղծում այն ոլորտներում, որոնք ոչ մի կասկածի տեղիք չեն տալիս։

Երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակում է ակտիվ զարգանալ։ Նշեմ, որ մեր ապրանքաշրջանառությունը վստահորեն դրական միտում է արձանագրում։ Անցյալ տարի այն աճել է ավելի քան 83 տոկոսով և հասել 5 միլիարդ դոլարի։ Այս տարվա հունվար-մարտին ավելացրել է ևս 1,5 միլիարդով։ Եթե այս գործընթացը զարգանա այսպիսի տեմպերով, ապա մենք, իհարկե, ակնհայտորեն կհաղթահարենք նաև նախորդ տարվա ռեկորդը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղի շուրջ կարգավորմանն առնչվող զգայուն հարցերին, մենք վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հետ ևս մեկ անգամ դեմ առ դեմ քննարկեցինք այս ամենը։ Մենք դեռ հնարավորություն կունենանք եռակողմ ձևաչափով խոսել տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի շուրջ։ Հարցերը շատ կարևոր են և զգայուն։ Համոզված եմ, որ եթե ի վերջո, ի հեճուկս բոլոր դժվարությունների, հասնենք այդ հարցերի լուծմանը, ապա դա անկասկած օգուտ կբերի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և ոչ միայն երկու երկրներին, այլև ողջ տարածաշրջանին, քանի որ շատ պետություններ շահագրգռված են դրանում, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այդ տարածքում բնակվող մարդկանց անվտանգության ապահովման առումով։

Մենք շատ ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք հանդիպելու ոչ միայն դեմ առ դեմ, այլև ավելի լայն ձևաչափով։ Համոզված եմ, որ դա օգտակար կլինի:

Խնդրեմ»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.

«Շատ շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար:

Իսկապես, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անցավ բարձր մակարդակով։ Մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ։

Տնտեսական դինամիկայի առումով ճիշտ եք՝ Եվրասիական տնտեսական միությունում ամեն ինչ առնվազն վատ չէ։

Տարածաշրջանային իմաստով, իհարկե, մենք բավական լարված իրավիճակ ունենք Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքում, այդ մասին մենք այսօր բազմիցս խոսել ենք։ Ցավոք, ի հեճուկս 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Դուք գիտեք, որ դադարեցվել է նաև բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ՝ արգելափակվել է Ադրբեջանի կողմից, ինչը սրում է հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի և ապրանքների մատակարարումները բարդացել են։ Իհարկե, ռուս խաղաղապահներն աջակցում են այս հարցում, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ։

Այսօր մենք աշխատանքային ռեժիմով քննարկել ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում՝ մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավազորության հիման վրա։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել այս դիրքորոշումը։ Ցանկանում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք՝ և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։

Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև Հայաստանի Հանրապետության բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանի Հանրապետությունով, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխելու համար։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, ինչպես ասացի, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա»:

Ամփոփելով՝ Վլադիմիր Պուտինը հավելել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Դուք գիտեք մեր դիրքորոշումը մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ, Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է լինի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել։

Տրանսպորտային երթուղիների, կոմունիկացիաների՝ և՛ երկաթուղիների, և՛ ավտոճանապարհների հնարավոր կառուցման մասով, ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը նույնպես անփոփոխ է։ Եվ նոր, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք ասել ենք այս մասին։

Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում որևէ փոփոխություն չունի, նրանք առանց որևէ բացառման ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն:

Այդուհանդերձ, հարցեր կան, Դուք հենց նոր նշեցիք դրանք, կարծում եմ, կապված են տերմինաբանության հետ։ Կարծում եմ՝ կարող ենք այս մասին ավելի մանրամասն խոսել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: