ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախումբն ու Հունաստանը չկարողացան պայմանավորվել

- Երեկ ավարտվեցին Եվրախմբի և Հունաստանի միջև բանակցությունները վերջինիս ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիների շուրջ: Կողմերը չեկան համաձայնության, ինչպե՞ս եք տեսնում  ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը:

 - Նախ նշեմ, որ Հունաստանի տնտեսական ճգնաժամի շուրջ առկա իրավիճակը, դրա հաղթահարման ուղիների շուրջ Աթենքի և Բրյուսելի տարաձայնություններն արդեն երկար ժամանակ է`շարունակվում են: Պարզապես բանն այն է, որ Աթենքը մինչ այս չուներ այն իշխանությունը, որը դեմ կգնար Բրյուսելին: Արտահերթ ընտրություններում նորընտիր իշխանությունները վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորությամբ ժողովրդի քվեն ստացան` իրենց արշավը կառուցելով հենց խնայողության խիստ միջոցներից և «Եռյակից» (ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ) ժողովրդին ազատելու վրա:

Ցիպրասը դարձավ այն մարդը, ով Բրյուսելի առջև նախապայմաններ դրեց և նույնիսկ հայտարարեց ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Չինաստանից ֆինանսական օգնություն խնդրելու պատրաստակամության մասին: Երկրի պարտքը կազմում է 320 միլիարդ եվրո, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է պետական բյուջեն: Այս իրավիճակում հնարավոր ելք գտնելը դժվար է թե՛ Հունաստանի, և թե՛ Եվրագոտու համար:

Ասում են, թե այսօր արվում է ամեն ինչ՝ փոխհամաձայնության գալու համար, սակայն իրականությունն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը պարզապես իր կարծիքներն ու տեսլականն է առաջ տանում:  Աթենքը փոխհամաձայնության բազմաթիվ փորձեր ձախողելուց հետո, երկուշաբթի օրը կայացած Եվրախմբի հատուկ նիստին ներկայացրել է երկրի  ֆինանսների նախարարության մշակած ծրագրային առաջարկը:  Դրա գլխավոր կետերից մեկը «կամուրջ-համաձայնությունն» էր, որը ենթադրում էր, որ փետրվարի վերջից մինչ օգոստոսն ընկած ժամանակահատվածի համար Հունաստանին կտրամադրվի միջանկյալ օգնություն: Սա իրենից ներկայացնում է ավելի ցածր տոկոսներով վարկի տրամադրում: Այս ժամանակաշրջանում Հունաստանը նախատեսում է սկսել տնտեսության վերականգնման ծրագիր: Հույներն առաջարկում են փետրվարի 28-ին ավարտվող վարկային ծրագիրը երկարաձգելու փոխարեն այն դադարեցնել և անցումային ժամանակաշրջան սահմանել մինչ օգոստոս ամսվա վերջ. այս ընթացքում կմշակվեն նոր ձևաչափեր` անցումային շրջանում տնտեսության վերականգնման համար: Եվ խոստանում են, որ մինչև սեպտեմբերի 1-ը երկիրը համաձայնեցրած կլինի իր պարտատերերի հետ հետագա համագործակցության պայմանները:

Եվրախմբի այս նիստը վճռորոշ կարելի էր համարել, քանի որ երկու կողմերն էլ հայտարարում էին, որ կշարունակեն բանակցությունները հանդիպման ընթացքում ընդհանուր հայտարարի գալու դեպքում: Այնուամենայնիվ, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ. ԵՄ-ն հայտնեց, որ պատրաստ է բանակցությունները շարունակել միայն ներկայիս ծրագրի՝ ևս վեց ամսով երկարաձգման պարագայում, իսկ Աթենքին այս ծրագրի պայմանները ձեռք չեն տալիս:

Իրադարձությունների նման զարգացումն իր հետ տարաբնույթ հետևանքներ կարող է առաջացնել` Հունաստանի կողմից երրորդ երկրներից օգնություն խնդրելուց սկսած մինչև եվրոյի գոտին լքելը: Չնայած վերջինիս նախադեպը դեռևս գոյություն չունի, և այդ քայլն աղետալի հետևանքներ կարող է ունենալ եվրագոտու համար, Գերմանիայի կանցլերն արդեն իսկ դիտարկում է երկրի եվրագոտուց դուրս գալն ու դրա հետևանքները: Սակայն իրավիճակը կորուստային կարող է համարվել երկու կողմի համար էլ:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ շեշտել՝ ինչ քայլեր էլ որ կառավարությունը նախաձեռնի Բրյուսելի հետ բանակցություններում, հույն ժողովուրդն իր ներկայացվածությունն է տեսնում այս իշխանություններում և հետևաբար սատարում է նրանց որոշումներն ու նախաձեռնությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: