ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքական նոր խաղ Թուրքիայում` խորհրդարանական ընտրություններից առաջ

Թուրքիայում հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ հետաքրքիր ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում: Խնդրահարույց «ներքին անվտանգության» օրինագծի քննարկմանը զուգահեռ՝ կրկին երկրի օրակարգում է հայտնվել քրդական խնդրի խաղաղ կարգավորումը, որը վերջին ամիսներին փակուղի էր մտել: Բանակցային գործընթացի կասեցման հիմնական պատճառը թերևս այն էր, որ կողմերը միմյանց մեղադրում էին հարցը կարգավորելու քաղաքական կամքի բացակայության մեջ:

Թուրքական կառավարությունը շարունակ հայտարարում էր, որ «թուրք հասարակությունը պատրաստ է շարունակելու քրդական կարգավորման գործընթացը», սակայն կարգավորումը հնարավոր չէ առանց «զինված պայքարի դադարեցման»՝ պահանջելով քրդերից վայր դնել զենքը: Իսկ քրդական կողմը պնդում էր, որ Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ տարվող բանակցությունները պետք է իրավական բնույթ ստանան կամ, այլ կերպ ասած, “օրինականացվեն”: Բացի այդ՝ քուրդ քաղաքական գործիչները մատնանշում էին, որ քրդերին խոստացված ազատություններն ու իրավունքները այդպես էլ կյանքի չեն կոչվում թուրքական կառավարության կողմից:

Քրդերը նաև չեն թաքցնում «ներքին անվտանգության» օրինագծի հետ կապված իրենց մտահոգությունները. «Եթե կառավարությունը ցանկանում է միաժամանակ խստացնել օրենսդրությունն անվտանգության ոլորտում և առաջընթաց գրանցել խաղաղ բանակցություններում, ապա դա նշանակում է, որ մենք միևնույն ուղղությամբ չենք շարժվում», - նշում են քուրդ քաղաքական գործիչները:

 Արդյունքում ստեղծվել էր իրավիճակ, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարում էր, որ քրդական կարգավորման գործընթացը վճռորոշ փուլ է մտել, և կառավարությունը հույս ունի արագ կարգավորել այս հարցը, իսկ քրդերը մեղադրում էին կառավարությանը քրդական հիմնահարցը ժողովրդավար ճանապարհով կարգավորելու կամքի բացակայության և անգործության մեջ:

Սակայն օրեր առաջ կողմերը հայտարարեցին, որ կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել: Պարզվեց, որ Աբդուլլահ Օջալանը գարնանը PKK-ի արտահերթ համագումար է հրավիրելու, որը նվիրված է լինելու զինաթափման և քրդական կարգավորման գործընթացին աջակցելու խնդիրներին: Օջալանի հետ հանդիպած քուրդ գործիչները նշում են, որ «սա պատմական հնարավորություն է մեր պահանջների մասին հայտարարելու համար»: Նրանք վստահ են, որ Օջալանի «գլխավոր նպատակը երեսնամյա հակամարտության վերափոխումն է խաղաղ ժողովրդավարական գործընթացի»: Թուրքիայի կառավարությունը շտապեց ողջունել Օջալանի այս հայտարարությունը՝ նշելով, որ սա ազդարարում է նոր փուլի սկիզբը կարգավորման գործընթացում:

Քրդական կարգավորման գործընթացում արձանագրվող այս «տեղաշարժը» շատերը կապում են սպասվող խորհրդարանական ընտրությունների և այն հույսերի հետ, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կապում է այս ընտրությունների արդյունքների հետ: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ ԱԶԿ-ն մտադիր է մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձեռնամուխ լինել նոր Սահմանադրության մշակմանը: Փորձագետները նշում են, որ նոր Սահմանադրության հաստատմամբ ԱԶԿ-ն ցանկանում է Թուրքիան դարձնել նախագահական երկիր՝ զգալիորեն ընդլայնելով նախագահի լիազորությունները:

Եվ հիմա թուրքական ընդդիմությունը կարծում է, որ քրդական գործընթացում առաջընթաց արձանագրող վերոնշյալ հայտարարություններն ընդամենը քաղաքական խաղ են խորհրդարանական ընտրություններից առաջ, որի նպատակն է հնարավորինս շատ քրդական ձայներ ստանալ ընտրություններում: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ կառավարության և քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) միջև տեղի ունեցող թե՛ բանակցությունները, թե՛ լարվածությունը ընդամենը «նախընտրական քարոզչություն» են: Անգամ HDP-ի շրջանում մարդիկ կան, ովքեր կարծում են, թե կառավարությունն օգտագործում է քրդական գործընթացը՝ որպես նախընտրական գործիք: Մասնավորապես HDP-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է. «Կասկած չկա, որ զենքը պետք է վայր դնել այս երկրում: Սա մեր մեծ ցանկությունն է: Սակայն կառավարությունը ցանկանում է «ծախել» խաղաղության երազանքը: Մենք չենք վստահում ԱԶԿ-ին: Այս կառավարությունն անկարող է կայուն խաղաղություն բերել այս երկրին: Նրանց մտածելակերպը դա թույլ չի տա»,- Դեմիրթաշի խոսքերը մեջբերում է Hurriyet daily News-ը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: